Աշխարհ

03.04.2017 17:30


«Եթե այո ասենք, մի անձ վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան»

«Եթե այո ասենք, մի անձ վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մուհարրեմ Ինջեն անդրադարձել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հնարավոր հետևանքներին:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Vitrinhaber.com»–ին հղումով, Ինջեն Սինոպում հանդիպել է ՏԻՄ ղեկավարների հետ: Իր ելույթում թուրք պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրի նախագահի ձեռքում կկենտրոնանան չափազանց շատ իրավասություններ, ինչը աննախադեպ է և շատ վտանգավոր: Ինջեի խոսքով՝ նման լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել:

«Հիմա մենք այո ասելով մեջլիսը ցրելու իրավունք ենք տալիս: 1924թ., երբ սահմանադրություն էր կազմվում, Աթաթուրքին մեջլիսը ցրելու իրավունք տվող առաջարկ եղավ, բայց պատգամավորները մերժեցին: Այո ասելով նաև պատերազմ սկսելու իրավունք կտանք: Նման բան չի կարող լինել: Թուրքիայի զինված ուժերի՝ երկրից դուրս գալը կամ օտար զորքի մուտքը երկիր ենթակա է մեջլիսի հաստատմանը: Եթե մենք հիմա այո ասենք, ապա այդ իրավունքը կտանք մեկ անձի: Այդ անձը առանց որևէ մեկի հետ քննարկելու, համաձայնեցնելու վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք՝ դա հավասար կլինի ինքնասպանության. երկիրը կմասնատվի», -ասել է թուրք նախարարը:

Ինջեն հավելել է, որ շատ մեծ սխալ կլինի շուրջ 80 մլն բնակչության ճակատագիրը միայն մեկ անձի քմահաճույքներին հանձնելը՝ անգամ անկախ նրանից, թե այդ անձը ով կլինի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողա՞նը, թե՞ մեկ ուրիշը:

Այս խորագրի վերջին նյութերը