Քաղաքական

03.04.2017 13:21


ԱՊՀ դիտորդներ. «Վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի մեջ է եղել»

ԱՊՀ դիտորդներ. «Վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի մեջ է եղել»

ԱՊՀ երկրներից ժամանած դիտորդները մամլո ասուլիսում ներկայացրել են ՀՀ խորհրդրանական ընտրություններից ստացած իրենց տպավորությունները։ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան։

–Իշխող կուսակցության պարագայում վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի մեջ է եղել։ Բոլոր երկրներում էլ կա նման բան։ Չէ՞ որ քաղաքական գործիչները չեն կարող դադարեցնել աշխատանքն ու չհայտնվել հեռուստացույցների էկրաններին,-ասել է Լեբեդևը։

Նրա խոսքով՝ իրենք ընտրություններին հետևել են դեռևս մարտի 18-ից, այսպիսով, ծանոթ են եղել նաև նախընտրական քարոզչության շրջանին, ինչպես նաև ուսումնասիրել են նոր Ընտրական օրենսգիրքը։

–Տեխնիկական նորությունները մի փոքր դժվարացրել էին ընտրական գործընթացը, հատկապես տարեց մարդկանց համար, սակայն ընտրական կարգին ծանոթացնելու համար տարվող աշխատանքը բավական մատչելի էր,–նկատել է Լեբեդևը։

Ըստ նրա՝ ընտրությունները անցել են հանգիստ և կազմակերպված։

Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ Լիդիա Երմոշինան էլ նշել է, որ ընտրությունների արդյունքները կասկածների տեղիք չեն տալիս։

–Չնայած նրան, որ ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ էին առաջացել, և մի շարք ընտրատեղամասերում տեխնիկական անսարքություններ կային, այնուամենայնիվ, ես չեմ կասկածում խորհրդարանական ընտրությունների ազնվության մեջ,–ասել է նա և նաև հավելել, որ ընտրատեղամասերում հաշմանդամների քվերակության համար պայմաններ չէին ստեղծվել։

ԱՊՀ պետությունների միջկառավարական վեհաժողովի՝ Հայաստանում ընտրությունների դիտորդական խմբի համակարգող, Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի կարծիքով ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ընտրողների համար ստեղծվել էին բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են ընտրությունների անցկացման համար։

ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները հանգել են այն կարծիքին, որ ընտրությունները կազմակերպված են եղել շատ պարզ՝ համապատասխան երկրի օրենսդրությանը, ապահովվել են ընտրողների ընտրական իրավունքի կիրառումը և իրենց առաքելության իրականացման ընթացքում ոչ մի բողոք չեն ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը