Աշխարհ

31.03.2017 17:52


«Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կհիմնվեր»

«Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կհիմնվեր»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեթ Էրդողանն ուշագրավ մեկնաբանություններ է արել 2016թ. ձախողված հեղաշրջման վերաբերյալ:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Գազիանթեպում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը կարծիք է հայտնել, որ նախագահ «Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման հզոր առաջնորդներ հաճախ չեն հանդիպում», իսկ սահմանադրական փոփոխությունները մեկընդմիշտ վերջ կտան Թուրքիայում թույլ առաջնորդների և թույլ իշխանությունների ժամանակաշրջանին:

ԱԶԿ պատգամավորը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կանխարգելման գործում կարևորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազդեցիկությունը, ով իր մեկ խոսքով 80 մլն մարդ կարողացավ հրապարակ դուրս բերել:

«Հակառակ դեպքում ի՞նչ էր լինելու: Սցենարը պատրաստ էր: Ստամբուլը վերածվելու էր քաղաք-պետության: Արևելքում և հարավ-արևելքում մեկը հայկական պետություն էր հիմնելու, մի ուրիշը՝ մարքսիստ-լենինիստ քրդական պետություն: Էգեյան տարածաշրջանը կզավթվեր, իսկ Թուրքիան կսահմանափակվեր ներքին Անատոլիայի տարածքներում: Այդ քարտեզը հրապարակվել է: Եվ հրապարակողն էլ (ԱՄՆ) Կենտրոնական հետախուզական վարչության մարտավարական կառույցն էր», -ասել է թուրք պատգամավորը:

Մեհմեթ Էրդողանը կարծիք է հայտնել, որ արտաքին ուժերը փորձում են Թուրքիան վերածել Իրաքի կամ Սիրիայի: Եվ միայն «շատ հզոր առաջնորդը կարող է Թուրքիան փրկել նման վախճանից»:

Այս խորագրի վերջին նյութերը