Քաղաքական

31.03.2017 13:50


Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կայացել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն ամփոփում են նախընտրական քարոզչությունը։

***

Դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը նախքան լրագրողների հետ հարցուպատասխանը նշել է.

–Մեզ այնպիսի քաղաքական թիմ է պետք, որն առաջին հերթին կվարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ հիմքում ունենալով մեր երկրի անվտանգությունը, թիմ, որը կստանձնի Լեռնային Ղարբաղի խնդրի լուծման ողջ գործընթացը, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ կիրականացնի մեր բոլոր ոլորտներում՝ զարգացում ապահովելու համար։ Հատկապես տնտեսության մեջ մենք պետք է ձևավորենք այնպիսի միջավայր, որ տնտեսությունն ազատականացված ձևով համաչափ զարգանա, ինչպես նաև ուշադրություն դարձնենք ՓՄՁ–ին, որտեղ մրցակցությունը հավասարաչափ լինի։ Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տիպի տարաձայնությունները, անձնական նկրտումները, քանի որ զգում ենք, որ վճռվում է մեր երկրի ապագան, մեր երկրի ընդհանուր ճակատագիրը։ Այս ճակատագրական պահին մենք իրավունք չունենք էսպես բզկտված, տրոհված մեր ժողովրդի առջև հանդես գալու։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը նկատել է՝ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն իր նպատակին երբեք չի ծառայել, դարձել է նպատակ, այլ ոչ թե միջոց՝ երկրի տնտեսական խնդիրները լուծելու, անվտանգությունն ապահովելու համար։

–Աշխարհն արդեն մեզ լուրջ չի վերաբերվում, մենք մեր տեղն ու դերը կորցրել ենք տարածաշրջանում։ Քամին ինչ ուղղությամբ փչել է, այդ ուղղությամբ գնացել ենք։ Մեր պատմական դիվանագիտությունը համարյա գոյություն չունի,–նշել է Վ. Օսկանյանը։

Անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը՝ Վ. Օսկանյանը ցավ է հայտնել, որ նա շահարկում է Հայաստանի տարածքի հետ կապված խնդիրը:

–Այդ պարտվողական, թույլ մոտեցումը որևէ դրական բան չի կարող բերել մեր հետագա գործունեության մեջ, անկախ նրանից՝ ով կլինի իշխանության մեջ,–նշել է Վ. Օսկանյանը:

–Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Տեր–Պետրոսյանը հանդիպել է գործող նախագահին, նրանք արդեն պայմանավորվել են, և այդ օրվանից Տեր–Պետրոսյանն իր անմնացորդ, անվերապահ աջակցությունն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը Ղարաբաղի հարցով,–նշել է Վ. Օսկանյանը։

–Իշխանություններն այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ տարածք ուզենան տալ, չեն կարող, չի ստացվի, ինձ մի բան է ուրախացնում՝ ինչ ուզել են անել, 180 աստիճանով հակառակն է ստացվել. հիմա էլ ուզում են տարածքներ հանձնել, և 180 աստիճանով հակառակն է ստացվելու,–հավելել է Վ. Օսկանյանը։

***

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է.

Այս ընտրական գործընթացը, ընթացակարգը գտնվում են օրենքի սահմաններից դուրս։ Տեսել ենք, թե ինչպես են բռնությունը, քաղաքական բանտարկյալները՝ Հաց բերողից մինչև Սամվել Բաբայան, մտել նախընտրական շրջանի բառապաշար, և սա եղել է իշխող կուսակցապետության վախի արտահայտությունը։ Այս ամենը միասին բերում է այն եզրակացության, որ մենք գտնվում ենք օրենքից դուրս վիճակում։ Այս ամբողջ համալիրը բերում է նրան, որ արդյունքների վրա ազդեցություն ունեցող համատարած խախտումներ արդեն կատարվել են։ Պատասխանատվությունը, իհարկե, անհատական է, բայց այս դեպքում, ի վերջո, նաև կուսակցական։ Մեր ժողովրդի կողմից պետք է գա այն գիտակցությունը, որ կուսակցապետությունը՝ իր ղեկավարով, պետք է հեռանա։ Ակնկալում ենք, որ հետընտրական շրջանում մենք առիթ կունենանք ունենալ վերջապես նոր մեծամասնություն, և իշխող կուսակցությանը կուղարկենք պարկեշտ ընդդիմության շարքերը։

Ի պատասխան լրագրողի կողմից «Gallup»–ի հարցման վերջին տվյալների մեջբերման՝ Վ. Օսկանյանը նկատել է՝ այդպիսի կազմակերպություն ուղղակի գոյություն չունի. այն հնարված է նախագահականի կողմից՝ նրա ֆինանսավորմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը