Մեկնաբանություն

31.03.2017 15:15


Սերժ Սարգսյանը «քարոզում» էր երկրից դուրս

Սերժ Սարգսյանը «քարոզում» էր երկրից դուրս

Նախընտրական քարոզարշավն ավարտվում է, և ՀՀԿ ղեկավարի «դերակատարության» մասով արժե մեկ-երկու դիտարկում անել:

Այն, որ Սերժ Սարգսյանը «համեստորեն» իրեն դուրս էր դրել ՀՀԿ նախընտրական ցուցակից ու քարոզարշավից, միանգամայն հասկանալի էր. դե հո իր ներկայությամբ չէ՞ր գրգռելու առանց այն էլ կատաղած ժողովրդին՝ այդ կերպ լրիվ զրոյացնելով իր գլխավորած ուժի վարկանիշը: Բայց ՀՀԿ ղեկավարը նաև ֆիզիկապես ներկա չէր երկրում․ մարտ ամսվա մեծ մասը դրսերում անցկացրեց՝ ընտրելով «քարոզարշավային» այլ երթուղի` Ֆրանսիա, ՌԴ, Էմիրաթներ, Մալթա: Հիմնականում այս կողմերում էր «քարոզում»:

Թե նրա այդ այցերի ՕԳԳ-ն որքան է, ոչ ոքի հայտնի չէ (այստեղ քարոզարշավն ընթանում էր արյունոտ-հաշվեհարդարային «ձևաչափով», իսկ ինքը զբաղված էր «պաշտոնական» զբոսաշրջությամբ և ամենուր խոսում էր ժողովրդավարության մասին): Հայտնի է միայն այն, որ Եվրոպայում և այլուր կուսակցական ժողովներին նրա մասնակցությունը շատ թանկ է նստում պետբյուջեի վրա: Օրինակ՝ 2015-16թթ. Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 5 գագաթաժողովներին նրա մասնակցության համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 200 հազար դոլարին համարժեք դրամ: ՀՀԿ-ն ԵԺԿ-ի անդամ է, բայց ի՞նչ կապ ունի պետբյուջեն, որտեղից ֆինանսավորվում են կուսակցական նպատակներով այցերի համար:

Կարեն Կարապետյանի կառավարությունը շատ է խոսում խնայողական ռեժիմի անցնելու մասին, բայց հիմա հետաքրքիր է՝ վերջին օրերին Մալթայում գտնվող ՀՀԿ ղեկավարի այցի վրա բյուջեից որքան է ծախսվել: Նա Մալթայում մասնակցում է ԵԺԿ համագումարին և գագաթաժողովին: Եվ ի՞նչ է ասում այդ ամբիոնից: Ահա՛. «Մենք մեր առջև խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման և ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք և անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ»:

Ողջ քարոզարշավն անցավ արտառոց միջադեպերի արձանագրումներով. ծեծուջարդ, կրակոցներ, ահաբեկումներ, ճնշումներ, զինված բանդայի լկտի գործողություն, վարչական ռեսուրսի անխնա օգտագործում, 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների անօրինական գործունեության խայտառակ բացահայտում (ՀՀԿ-ի օգտին ցուցակների կազմում), շինծու մեղադանքով կալանավորում (ընտրապայքարի մասնակից «Օհանյան–րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համակիր ու գաղափարակից Սամվել Բաբայանին), ընտրակաշառքի բաժանում... Այս ամենի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես իշխանությանը, իշխող ուժին: Իսկ ահա ՀՀԿ ղեկավարը Մալթայում փորձում է «լապշա կախել» ԵԺԿ համագումարի պատվիրակների ականջներից: Հետաքրքիր է, այդ համագումարում քանի՞սն են հավատացել ՀՀԿ ղեկավարի տված այդ խոստմանը:

Հա, ի դեպ, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլից էլ խաբար չկա: Տեսնես՝ ՀՀԿ ղեկավարից հետաքրքրվե՞լ է, թե էդ ի՞նչ է ուզում իրենից Րաֆֆի Հովհաննիսյանը, որի գլխավորած կուսակցությունը՝ «Ժառանգությունը», նույնպես ԵԺԿ անդամ է:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 24-ին նամակով դիմել էր պարոն Դոլին՝ հարցնելով, թե արդյո՞ք տեղյակ է, որ ՀՀԿ-ն իր քարոզչական տեսաերիզում «օգտագործել» է իրեն (որում Դոլն իբր իր աջակցությունն է հայտնել ՀՀԿ-ին ու հաջողություն մաղթել իշխող ուժին):

«Եթե, այնուամենայնիվ, Ձեզ վերագրված խոսքերի թարգմանությունը ճիշտ է, ես պետք է հարցնեմ՝ արդյոք դրանք արտահայտում են ԵԺԿ-ի պաշտոնակա՞ն դիրքորոշումը, թե՞ Ձեր անձնական կարծիքը: Ես պարտավոր եմ նաև հավելել, որ Ձեր բացահայտ համերաշխությունը մեկ քույր կուսակցությանը՝ ի հաշիվ մյուս երկուսի, էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է և ապօրինի միջամտություն Հայաստանի ներքին գործերին»,- ԵԺԿ նախագահին հասցեագրած իր նամակում նկատել է «Ժառանգության» առաջնորդը:

Սակայն Դոլը մինչ օրս չի արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: Երևի, իսկապես, հավատում է, որ Սերժ Սարգսյանը «միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ» է անցկացնելու: Դե, ինչպես մինչև հիմա է անցկացրել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը