Լրահոս

10.12.2010 15:11


Րաֆֆի Հովհաննիսյան. «Հավանաբար տեսանելի ապագայում մենք այլևս նման նախագիծ չներկայացնենք»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հավանաբար տեսանելի ապագայում մենք այլևս նման նախագիծ չներկայացնենք»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած «ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ» օրինագծի քվեարկության ժամանակ քվորում չապահովելու փաստին՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե  շնորհակալ է  ՀՅԴ խմբակցությունից ու Տիգրան Թորոսյանից, որ մի կողմ թողնելով իրենց անհամաձայնությունը օրինագծի ժամկետների վերաբերյալ ՝ կողմ են քվեարկել, իսկ մնացածների առնչությամբ, ովքեր քվեարկությանը չեն մասնակցել, ասել է, թե ցավով է վերաբերվում այդ փաստին։

-Ինձ համար ԼՂՀ անկախության և ինքնիշխանության ճանաչումը ՀՀ ԱԺ-ի կողմից նույնքան սկզբունքային ու արժեքավոր ու ողնաշարավոր է հայոց ինքնության և պետականության համար, որքան Հայոց ցեղասպանության և մեծ հայրենազրկման միջազգային ճանաչումը։ Այսինքն, այս հարցում ձեռնպահ մնալ կամ քվեարկությանը չմասնակցելը համարժեք եմ համարում Հայոց ցեղասպանության  ճանաչման քվեարկությանը չմասնակցելուն,-ասել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ այլևս ոչ ոք չի կարող միջազգային հանրությանը մեղադրել, որ չեն ճանաչում Արցախի ինքնիշխանությունը։

 Այն հարցին, թե իմանալով, որ քվեարկությունը չի կայանալու, ինչո՞ւ հարցը դրվեց քվեարկության՝ նա պատասխանել է, թե եթե այդ տեսանկյունից նայվի, ապա ընդդիմությունը, որը փոքր քանակությամբ է ներկայացված, պետք է ոչ մի հարց էլ չբարձրացնի։

-Ո՛չ։ Պետք է դրսևորվել և հարցեր բարձրացնել։ Սրանով ցույց տրվեց, որ Արցախի  անկախության ճանաչումը օրակարգային է,-ասել է նա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «Ժառանգություն»-ը կշարունակի բարձրացնել հարցը քաղաքական  ֆորումներում, բայց նոր օրինագիծ ներկայացնելու որևէ որոշում չկա։

-Հավանաբար տեսանելի ապագայում մենք այլևս նման նախագիծ չներկայացնենք  և թույլ տանք քաղաքական մեծամասնությանը ինքը մի փոքր մտածի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը