Քաղաքական

30.03.2017 13:35


Հայկ Խանումյան. «Արցախի ներկայիս տարածքը համայն հայության անվտանգության կարևորագույն գրավականն է»

Հայկ Խանումյան. «Արցախի ներկայիս տարածքը համայն հայության անվտանգության կարևորագույն գրավականն է»

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մարտի 30-ի նիստին պատգամավորական հայտարարությունների ժամին «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հիշեցրել է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կուսակցության մոտեցումները:

1. Արցախի ժողովուրդն արդեն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը, և բոլորիս նպատակը պետք է լինի այդ իրականացված ակտի միջազգային ճանաչումը:

2. Արցախի տարածքների ավելացումը հետևանք է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Ագրեսորին պատժելու եղանակներից մեկը նրան տարածքներից զրկելն է, ինչն էլ մենք արել ենք 1991-94թթ. պատերազմի ժամանակ: Արցախի ներկայիս տարածքը սակարկման ենթակա չէ, այն Արցախի, Արցախի ժողովրդի և համայն հայության անվտանգության կարևորագույն գրավականն է:

3. Որևէ միջազգային կամ օտարերկրյա ռազմական ուժ չի կարող հանդես գալ որպես Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք: Անվտանգության իրական երաշխիք կարող է լինել միայն Արցախի պաշտպանության բանակը` ՀՀ զինված ուժերի հետ իր հարաբերությունների ամբողջությամբ:

4. Միջազգային հանրության որևէ խոստում կամ գրավոր երաշխիք չի կարող խաղաղության ապահովման գործիք լինել: Այսօրվա դրությամբ՝ խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության շնորհիվ:

5. Հանուն խաղաղության կամ կարգավիճակի՝ տարածքային և այլ զիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմի և ավելի շատ զոհերի:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Ստեփանակերտ

30 մարտի 2017թ.

Այս խորագրի վերջին նյութերը