Աշխարհ

30.03.2017 12:27


2016թ. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ 77 վճիռ է կայացրել

2016թ. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ 77 վճիռ է կայացրել

Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2016թ. իր գործունեության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet»–ի տեղեկացմամբ՝ զեկույցում արձանագրվել է, որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) 47 երկրի վերաբերյալ 79.750 հայց է քննվելիս եղել: Ամենաշատ հայցերը ներկայացվել են Ուկրաինայի դեմ (18.050): Երկրորդ տեղում Թուրքիան է. այս երկրի դեմ ներկայացվել է 12.600 հայց: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը։

ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ կայացրել է 77 որոշում: Այս ցուցանիշով ևս Թուրքիան երկրորդ հորիզոնականում է: Իսկ առաջին տեղում Ռուսաստանն է, որի դեմ ՄԻԵԴ-ը 2016թ. կայացրել է 222 վճիռ:

Թուրքիայի դեմ կայացված վճիռներից 22-ը վերաբերում է ազատությունների և անվտանգության իրավունքի ոտնահարումներին, 18-ը՝ կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի հետաքննման թերություններին, 11-ը՝ արդար դատավարության հիմնախնդրին, 10-ը՝ ստորացուցիչ և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հետաքննությունների թերություններին:

2016թ. Թուրքիան կառավարության անունից ՄԻԵԴ է ներկայացրել 101 պաշտպանական ցուցմունք: Դրանցից 31-ը վերաբերում է արդար դատավարության վերաբերյալ գործերին, 26-ը՝ ազատության և անվտանգության իրավունքի ոտնահարումներին:

2016թ. ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների շրջանակներում Թուրքիան, ընդհանուր առմամբ, վճարել է 6մլն 884.273 եվրո փոխհատուցում: Այդ ցուցանիշը այսօրվա փոխարժեքով հավասար է 27մլն 98.563 թուրքական լիրայի:

Զեկույցում տեղ է գտել նաև Թուրքիայի սահմանադրական դատարան ներկայացված անհատական հայցերի վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 2012թ. մինչ օրս սահմանադրական դատարան է ներկայացվել 94.732 անհատական հայց: Ընդ որում, դրանցից 42.539-ը ներկայացվել է միայն 2016թ. ընթացքում: Այդ հայցերի հիման վրա հարուցված գործերի շրջանակներում, ընդհանուր առմամբ, տուժող կողմերին վճարվել է 23 մլն 358.081 թուրքական լիրայի փոխհատուցում:

Այս խորագրի վերջին նյութերը