Քաղաքական

29.03.2017 13:15


«Թրանսփարենսի ինթերնեշնլ». «Գրանցվել է վարչական ռեսուրսի չարաշահման 24 դեպք»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ». «Գրանցվել է վարչական ռեսուրսի չարաշահման 24 դեպք»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ մարտի 13-24-ն ընկած ժամանակահատվածում, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի 12 քաղաքներում և Երևանում։ Մոնիթորինգի արդյունքներն այսօր՝ մարտի 29–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ դիտարկման արդյունքում գրանցվել է վարչական ռեսուրսի չարաշահման 24 դեպք՝ իրականացված համայնքային հիմնարկների, և 39 դեպք՝ ուսումնական հաստատությունների աշխատակիցների կողմից։

–Տարածված դեպքերը հետևյալն են՝ աշխատանքային ժամերին քարոզչություն իրականացնելը, ճնշումները պետական համայնքային կառավարման ոլորտներում, ճնշումներ են եղել նաև նախընտրական հանդիպումներին մասնակցելու նպատակով, քարոզչության անհավասար հնարավորություն, ընդդիմադիր ուժերին շտաբների չտրամադրումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում շտաբներ տեղակայելը և այլն,–նշել է նա,–մենք առանձնացնում ենք անձնագրերի հավաքման 20 դեպք, ընտրակաշառքի բաժանման ֆիքսված 40 դեպք, 8 դեպք ցուցակագրում, 13 դեպք՝ ճնշում գործատուների կողմից,–հավելել է նա։

Բերելով մի քանի կոնկրետ օրինակներ՝ նա նշել է, որ Արարատի մարզի Բերքանուշ համայնքում մարտի 20-ին՝ աշխատանքային ժամին, քարոզարշավին մասնակցել են պոլիկլինիկայի աշխատակիցները, Արտաշատում ակնոցների բաժանում և աչքերի անվճար ստուգում է եղել, Եղեգնաձորի Արփի գյուղում ՀՀԿ-ի թեկնածու Աշոտ Արսենյանը հանդիպման ժամանակ ուղղակի պահանջել է, որ պետք է այդ գյուղում ապահովվի 400 ձայն, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցն աշխատանքի ժամին մասնակցել է ՀՀԿ թեկնածու Տիգրան Արզաքանցյանի շտաբի աշխատանքին, Արմավիրի շուկայում ցուցակագրում են արել և անձնագրերում կետ են դրել։

Խոսելով դպրոցի և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների մասին՝ Վարուժան Հոկտանյանը շեշտել է, որ դրանք անուղղակի չարաշահման հստակ դեպք են, և երկիմաստություն չկա, թե օրինական է այդ ցուցակագրումը:

–Այս տիպի ցուցակագրումը, որ ասվում է՝ ստիպողաբար է արվում, արդեն շատ հանգիստ կարող է համարվել վարչական ռեսուրսի չարաշահում: Եթե իրավապահներն ավելի նախաձեռնող լինեին, ապա իրենք նաև պետք է ճշտեին, թե ովքեր են հրահանգել տնօրեններին այդ գործն անել: Դա, որպես կանոն, գալիս է մարզպետարանների, համայնքապետարանների, պետական այլ մարմինների ցուցումներով,–պարզաբանել է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը։

Վարուժան Հոկտանյանը նաև անդրադարձել է ԿԸՀ-ի երեկվա որոշմանը, որով մերժվել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու հարցով դատարան դիմելու պահանջով: Հոկտանյանը նշել է, որ պարզելու համար՝ վարչական ռեսուրսի կիրառումն աշխատանքային ժամին է եղել, թե ոչ, ավելի լուրջ աշխատանք պետք է տարվեր, այլ ոչ թե պարզապես հարցնեին դպրոցների տնօրեններին:

–Վարչական ռեսուրի չարաշահումը կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա: Իրականում մենք ունենք պետության և իշխանության սերտաճում: 176 հաղորդում ունենք, որից երեքում է ստուգում գնում: Իրավապահ մարմինների այս ոչ պրոակտիվ լինելն է հանգեցրել նրան, որ այդ սերտաճումը մեծ չափի հասնի: Իրավապահ մարմիններն իշխանությանն են ծառայում: Ես չեմ զարմանա, որ ստուգումներ իրականացվեն, ու հերքվի նաև մեր ներկայացրածը,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը