Կարծիք

28.03.2017 13:54


Արտասահմանցի սոցիոլոգների թվերն էականորեն տարբերվում են Սերժ Սարգսյանի «Գելափի» թվերից

Արտասահմանցի սոցիոլոգների թվերն էականորեն տարբերվում են Սերժ Սարգսյանի «Գելափի» թվերից

Երեկ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մարիուս Քալանթանն ու Մինդաուգաս Լապինսկասը ներկայացրեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին սոցիոլոգիական հարցման վերլուծությունը։ Բնականաբար, արտասահմանցի սոցիոլոգների ներկայացրած թվերն էականորեն տարբերվում են Սերժ Սարգսյանի «Գելափի» թվերից։ Արդեն շատ է խոսվել այն մասին, որ այդ հայաստանյան կառույցը որևէ կապ չունի միջազգային հայտնի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հետ և մշտապես թվեր է նկարում ՀՀԿ-ի օգտին։

Ինչևէ, այդ վարկաբեկված կազմակերպության թվերը նշանակություն ունեն միայն այն տեսանկյունից, որ պատկերացում կազմենք, թե ինչ համամասնությամբ են իշխանությունները փորձելու կեղծել ընտրությունները։ Բայց վերադառնանք միջազգային փորձագետների կողմից ներկայացված թվերին։ Համաձայն այդ վերլուծության, որն ավարտվել է մարտի 17-ին՝ Ազգային ժողով են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Ծառուկյան» դաշինքը (40,7%), ՀՀԿ-ն (19,4%) և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը (8.7%): Ընտրություններին մասնակցող մյուս ուժերը հարցման անցկացման պահին չէին հաղթահարում անցողիկ շեմը։

Գագիկ Ծառուկյանի և իր ղեկավարած դաշինքի վարկանիշն ի սկզբանե բարձր է եղել, դա նույնիսկ իշխանական սոցիոլոգներն էին ընդունում։ ՀՀԿ-ի վարչական ռեսուրսն էլ՝ դպրոցի տնօրեններ, Փուչիկ Կարենի ուսանողներ, պետական ծառայողներ և այլն, տեսականում կարող են բերել այդ կուսակցությանը մոտ 20 տոկոս՝ առավելագույնը։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ շարունակում է թափ հավաքել՝ չնայած իշխանությունների կողմից իրականացվող բացահայտ տեռորին։

Այսինքն, այս պահին կարող ենք արձանագրել, որ առնվազն երկու ընդդիմադիր ուժեր կարող են միավորվել ու զրկել Հանրապետականին մենաշնորհից՝ Սերժ Սարգսյանի կուսակցությանը դարձնելով ընդդիմություն։ Չնայած, կարծում եմ, այդ դեպքում ՀՀԿ-ն կկազմաքանդվի, պատգամավորներից շատերն էլ կա՛մ մանդատները վայր կդնեն, կա՛մ կփորձեն պայմանավորվել նոր իշխանության հետ։

Սակայն այստեղ մի շատ կարևոր խնդիր կա․ չարաբաստիկ ռեյտինգային ընտրակարգը, որով Սերժ Սարգսյանը փորձելու է ապահովել իր կուսակցության գլխաքանակն Ազգային ժողովում, այսինքն, եթե համամասնականով ՀՀԿ-ն գրեթե շանս չունի 20 տոկոսից ավելի հավաքելու, ռեյտինգայինը, որը նույն մեծամասնականն է, իշխանությունների վերջին հույսն է։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը