Մեկնաբանություն

27.03.2017 14:05


Բարդույթը տանջում է

Բարդույթը տանջում է

«Sputnik–Արմենիա» մամուլի կենտրոնում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը մի նոր «շերտ» բացեց, որի տակ նորից տեսանք, թե ինչ է կամենում անել իշխանությունը այս դաշինքի հետ:

Դաշինքի համակիր և գաղափարակից Սամվել Բաբայանի կալանավորումը, անկասկած, քաղաքական ենթատեքստ է պարունակում. նրա նկատմամբ հնարածին մեղադրանքների առաջադրումը փաստում է, որ Արցախի հերոսին ուղղակիորեն քաղաքական հետապնդման են ենթարկում, և նա իսկապես այս պահին քաղաքական բանտարկյալ է: Մանր մարդիկ, սակայն, մի հերոսով չեն սահմանափակվում:

Մանր մարդուն հանգիստ չի տալիս նաև երկրորդ հերոսին՝ Սեյրան Օհանյանին ձերբակալելու սեփական ծրագիրը կյանքի կոչելու գաղափարը: Եվ նրա այդ ցանկությունը Բ26-ի լրատվամիջոցները կրկին հարցադրման ձևով ակնարկեցին մամուլի ասուլիսում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ պուճուրիկ ֆիգուրի բարդույթը տանջում է Բաղրամյան 26-ում նստածին: Դե, շա՜տ է ուզում ցուցադրել իր «ուժեղ ձեռքը», իրեն երևակայել որպես «Մեր անվտանգությունը ուժեղ առաջնորդողի» դերում: Իսկ դրա համար ի՞նչ է պետք: Չեզոքացնել քաղաքական հակառակորդներին: ՀՀԿ ղեկավարը հենց այս «գծի մեջ է» (ինչպես նաև Արցախը հանձնելու «գծի մեջ է»: Ըստ գլխավոր քիրվայասերի):

Արցախի հերոսների դեմ «ուժեղ ձեռքի» գործադրումը, բնականաբար, չի լուծելու երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու խնդիրը, բայց «զատո» ՀՀԿ ղեկավարը սեփական բարդույթները կկարողանա «հաղթահարել»:

Ողորմելի, միաժամանակ, ծիծաղելի գործելաոճ են ընտրել իշխանությունները: Մամուլի ասուլիսում Բ26-ի լրատվամիջոցներն իրենց հարցադրումներով նաև բացահայտեցին ՀՀԿ ղեկավարի մեկ այլ ցանկությունը, թե՝ «Րաֆֆի՛, գնա քո Ամերիկան, ի՞նչ գործ ունես քաղաքականության հետ, զոռով ինչո՞ւ ես անցավ գլուխդ դնում ցավի տակ»:

Հարցադրման տեսքով Սերժ Սարգսյանի այս մեսիջը ևս փոխանցեցին նրա լրատվամիջոցները: Չենք զարմանա, եթե շուտով Վարդան Օասկանյանի պահով էլ մի «էնկավեդե-ական» բնույթի հարցադրում-սպառնալիք տարածեն: ՀՀԿ ղեկավարն, այսպիսով, սրբազան պատերազմ է հայտարարել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին՝ կարծելով, թե դաշինքը «գլխատելով»՝ կկարողանա հասնել ցմահ իշխանություն ունենալու իր երազանքի իրագործմանը: Բայց հայտնի բան է՝ «Ազդեցությունը ծնում է հակազդեցություն»: Ժողովրդական ասացվածքն էլ հայտնի է՝ «Հավը երազում կորեկ է տեսնում»:

ՀՀԿ-ականների մշտական հորդորներին հետևելով՝ ես էլ եմ միանում նրանց ու ասում՝ վերջին երկու հայտնի ճշմարտությունները չպետք է քաղաքականացնել: Դրանք պետք է դիտարկել որպես թևավոր խոսքեր՝ 1930-ականների «ուժեղ ձեռքի» բորբոսնած մտայնության շրջանակներում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը