Քաղաքական

27.03.2017 12:45


Րաֆֆի Հովհաննիսյան. «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է» (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքականությամբ ուղղորդված բանտարկություն է, և հետևաբար, ըստ Հովհաննիսյանի, Բաբայանը քաղբանտարկյալ է։

«Սա, որ արվում է ընտրությունների նախաշեմին, արվում է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ինչ-որ դիվանագիտական խոսակցությունների ֆոնին, ակնհայտ է։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, որ առաջին նախագահն ասում է՝ «դուք ընտրված եք, դուք դավաճան չեք», իսկ Հանրապետականը հրճվում է՝ «մեկը մեզ ասաց, որ մենք ընտրվել ենք, տեսաք, իսկ մենք դավաճան չենք»։ Այնպես որ, այս ամեն ինչը՝ թե՛ ընթացակարգը, թե՛ բովանդակությունը բերում է նրան, որ սա քաղաքականությամբ ուղղորդված բանտարկություն է։ Տվյալ դեպքում ինքը համակիր է մեր՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, և ինքն ազդեցիկ քաղաքացի է, ազդեցիկ քաղաքացի է, ում խոսքը քաղաքացիները լսում են, և այդ ազդեցիկությունը, իր համակրանքը մեր դաշինքի նկատմամբ, մեր դաշինքի գործունեության աճն այս վերջին շաբաթների ընթացքում բերել է նրան, որ վտանգ է զգացել այս իշխանությունը։ Ինքը քաղաքական բանտարկյալ է, որովհետև ինքը կողմնորոշվել է քաղաքական այս պայքարում՝ մեկ, և երկրորդ՝ ինչ վերաբերում է արցախյան հարցին, ինքն ունի ընդգծված մոտեցում, ինչը որ նաև մերն է, որը չի կիսում այս իշխանությունը», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ «իշխանությունները փորձում են չեզոքացնել բոլոր այն ձայները հասարակության մեջ, քաղաքական պայքարի մեջ, որոնք ուզում են արդար Հայաստան, իրավական Հայաստան և Արցախի հարցով չեն ընդունում այս իշխանության քաղաքականությունը»։

Հարցին, թե տեսակետ կար, որ Սամվել Բաբայանը, չլինելով դաշինքի անդամ, շատ կարևոր դեր է խաղացել այնտեղ, Արևմուտքում հաճախ ասում են, թե ստվերային կոորդինացրել է որոշ բաներ, կարո՞ղ ենք այդ տեսակետը ճիշտ համարել, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես չէի ասի, որ կոորդինացրել է, որ ինքը սերտ կապ ունեցել է դաշինքի ղեկավարների հետ՝ գեներալ Օհանյանի հետ, և ինքը գաղտնի չի պահել իր կապը և իր համակրանքը մեր դաշինքի նկատմամբ։ Ջրառատի արյունահեղության հետքերով, որ նախաձեռնեց այս օրենքից դուրս գտնվող իշխանությունը, հենց Բաբայանն է, որ պատասխանեց, իր զորակցությունը հայտնեց, և ասաց, որ եթե այսպես շարունակվի, այս բռնարարքները, այս ճնշումները, արյունահեղությունը, սա պետք է իր պատասխանը պետք է գտնի, հուսով եմ՝ ընտրությունների միջոցով, իսկ, եթե ոչ, ժողովուրդն ինքը պետք է որոշի»։

Այս խորագրի վերջին նյութերը