Քաղաքական

27.03.2017 11:55


Սեյրան Օհանյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է»

Սեյրան Օհանյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է»

–Այս ժամանակահատվածում մեր դաշինքի դեմ հարվածներ են եղել, ճնշումներ և նաև համապատասխան ազդեցության տարբեր միջոցառումներ՝ սկսած Ջրառատից մինչև Էջմիածնի դեպքեր, և նաև՝ Սամվել Բաբայանի հետ կապված բոլոր գործընթացները,–այս մասին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը նշել է՝ Սամվել Բաբայանն իրենց մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերը, տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորության սահմաններում աջակցել է իրենց, և նրա իրավունքների պաշտպանության հարցում պետք է հաստատակամ լինել և մինչև վերջ գնալ։

–Մի քանի բան անհասկանալի է։ Ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ նյութերը, փաստերը առաջինը հայտնվում են որոշ լրագրողների մոտ, և նախօրոք լրատվական դաշտում նրանք տեղեկություններ են տարածում, որ կլինեն ձերբակալություններ, հետապնդումներ, իրավական գործընթացներ,–ասել է Ս. Օհանյանը՝ հավելելով, որ իրենց համար անհասկանալի է նաև այն, որ Սամվել Բաբայանի ձերբակալումից հետո լրատվական դաշտում կեղծ տեղեկություններ են տարածվում՝ չիմանալով՝ ինչպիսի գործընթացներ, ինչպիսի փաստեր կան այսօր։

–Ես խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի տեղեկատվություն ներկայացնելուց, քանի որ, ի վերջո, մենք գտնում ենք, որ գործընթացն ապրիլի 2–ով չի ավարտվելու, մեր կյանքը շարունակվելու է, մենք գտնվելու ենք փոխադարձ հարաբերությունների մեջ բոլորի, բոլոր քաղաքական ուժերի հետ, և մենք դեռ պետք է միասին կարողանանք մեր երկիրը շենացնել,–նկատել է Օհանյանը։

Նա նշել է, որ իրենք աշխատում են փաստաբանի միջոցով, ինչպես որ ընդունված կարգն է, և փաստաբանի տվյալներով՝ որևիցե մի փաստ գոյություն չունի Սամվել Բաբայանին մեղսագրվող արարքը ապացուցելու, բացի այդ, Սամվել Բաբայանն էլ այդ ամենը չի վերցրել իր վրա։

–Կարծում եմ, որ նա որևիցե առնչություն չունի, և ես չեմ կարծում, որ նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, նամանավանդ այս ժամանակահատվածում։ Եթե կան տեղեկություններ, դրանք թող մեզ էլ տան, որպեսզի մենք էլ իմանանք, եթե չկան այդ տեղեկությունները, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դա քաղաքական հետապնդում է և՛ Սամվելի Բաբայանի նկատմամբ, և՛ մեր դաշինքի, ինչը անընդունելի է այս նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է, և, անկասկած, այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մենք մեր երկրում փոխենք իշխանությունը,–ընդգծել է Սեյրան Օհանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը