Քաղաքական

27.03.2017 10:55


ՀՀ տնտեսական անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրները

ՀՀ տնտեսական անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրները

Հայաստանը թևակոխել է զարգացման մի այնպիսի շրջափուլ, որը պահանջում է յուրահատուկ մոտեցումներ կամ ուղիներ` առկա վիճակը հաղթահարելու համար:

Սովորաբար վերլուծությունների ժամանակ տվյալ համակարգին յուրահատուկ օրինաչափությունների բացահայտման և ստեղծված իրավիճակի հաղթահարման առաջնահերթությունները ճշտելիս կարևորում են տնտեսական հանգամանքները: Առաջին հերթին չափազանց կարևոր է հստակեցնել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններն ու հիմնահարցերը և մշակել երկարաժամկետ հեռանկարին (մինչև տասը տարվա կտրվածքով) միտված տնտեսական ռազմավարական ծրագիր: Այն պետք է բովանդակի ազգային ռազմավարության տնտեսական ու սոցիալական նպատակները, խնդիրները, զարգացման այլընտրանքային տարբերակները և ռեսուրսային ապահովվածությունն ըստ աղբյուրների, ճյուղային ենթառազմավարությունները, արտաքին տնտեսական քաղաքականությունը, խնդիրների լուծման մարտավարական հնարավոր մոտեցումները:

Պետության դերակատարությունը տնտեսական համակարգի կարգավորման գործում առանցքային է, և ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից` անհրաժեշտ է ճշգրտել տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Տնտեսական քաղաքականության ռազմավարական նպատակներ կարող են լինել.

-ՀՀ տնտեսական անվտանգության հիմնական մարտահրավերները.

. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության սկզբունքային դրույթների ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ ազգային անվտանգության գոյաբանական իմաստը Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգ գոյությունն է` որպես սոցիալական-իրավական պետության, քաղաքացիական հասարակարգի ինքնության որակների ամբողջություն: Սա մեր ազգային հավաքական գոյի համար շարունակական ու համակարգային ընդգրկումով հիմնախնդիր է, որից բխում են ազգային անվտանգության բաղադրիչները տարբեր ոլորտներում: Միաժամանակ, տարբեր ժամանակահատվածներում յուրահատուկ արժևորում ու հրատապություն են ստանում հիմնահարցի այս կամ այն բաղադրիչները: Ներկա հանգրվանում, միջազգային որոշակի ինտեգրում ունեցող` անկախ պետականության կայացման այս փուլում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության գլխավոր երաշխիքը համընդհանուր ժողովրդավարական արժեքների հենքի վրա պետության, հասարակության և անհատի ներդաշնակ զարգացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ու պաշտպանության գործուն համակարգն է:

Խնդրի լուծումը.

1.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման առանցքային խնդիրը. պետության գոյությանը սպառնացող վտանգների ժամանակին ու ճիշտ գնահատումը, դրանց կանխարգելումն ու չեղոքացումն է, ու միաժամանակ, երկրի կայուն զարգացման երաշխավորումը: Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության մարտահրավերները չեն կարող քննության առարկա դառնալ մեկուսի, այս ընդհանուր համակարգային մոտեցման ենթատեքստից դուրս, դիտարկվել որպես տնտեսական բնույթի հիմնախնդիրներ: Երկրի «տնտեսական անվտանգություն» հասկացությունն առավել ընդգրկուն է և, բացի տնտեսական ոլորտի հիմնախնդիրներից, ուղղակիորեն առնչվում է հանրային բնույթի բոլոր այն խնդիրներին, որոնք երկրի կայուն առաջընթացի երաշխիքն են:

2.Այս մեթոդաբանական մոտեցումների համատեքստում և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մոտեցումների տեսանկյունից ՀՀ տնտեսական անվտանգության ռազմավարության հիմնական սկզբունքները կարելի է ներկայացնել հետևյալ կերպով.

. համազգային, համապետական և անհատական շահերի ու նպատակների ներդաշնակում՝ ազգային առաջնահերթությունների գերակայություն,

. տնտեսական անվտանգության ոլորտում հասարակական համաձայնության ու փոխգործակցության ապահովում՝ տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական սկզբունքի երաշխավորում,

. մարտավարական խնդիրները և լուծումները ռազմավարական մոտեցումներից բխեցնելը. տնտեսական անվտանգության հիմնախնդիրներին համակարգված, բազմագործուն և տարբերակային մոտեցում,

. միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա բոլոր երկրների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատում՝ ակտիվ գործակցությունը միջազգային կազմակերպություններում,

. երկրում սահմանադրական կարգի կայունության և իրավունքի գերակայության երաշխավորումը, բազմակարծության, հանդուրժողականության, համերաշխության, արդարադատության ապահովում:

Այս սկզբունքները կենսունակ կարող են լինել ազգային անվտանգության ամբողջական հայեցակարգի շրջանակներում` առնչվելով դրա բոլոր օբյեկտներին ու սուբյեկտներին:

- Ժամանակակից տեխնոլոգիական մակարդակի հիմքի վրա արտադրության զարգացում.

. Եթե այդ ոլորում զգալի հաջողություն չունեցանք, ապա մեր երկիրը դուրս կմղվի միջազգային տնտեսական մրցապայքարից: Տեխնոլոգիական հասարակարգի ձևավորման ճանապարհով է հնարավոր վերականգնել մեր ինքնությունը: Սա ազգի գոյատևման առանցքն է, որը կդառնա մյուս ոլորտների (հատկապես գիտակրթական) խթանիչ և քաշող ուժ: Որպես այդպիսի բնագավառներ կարող են հանիսանալ ռադիոէլեկտրոնային, լազերային և կենսատեխնոլոգիական արտադրությունները, միկրոհաստոցաշինությունը և այլն: Գիտահետազոտական առանցքային ուղղությունների զարգացմամբ Հայաստանը կարող է առաջատար դիրք ունենալ հարևան երկրների նկատմամբ: Ասել է թե` բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրության խթանումը պետք է դառնա պետական տնտեսական քաղաքականության առանցքը:

Խնդրի լուծումը.

1.օրենսդրական, այսինքն` մի շարք կարևոր օրենքների (հատկապես մտավոր սեփականության պաշտպանության) ընդունման և կիրառման միջոցով,

2. ֆինանսական, այսինքն` համապատասխան ներդրումների ապահովումը,

3.տեղեկատվական, այսինքն` հիմնական ուղղությունների վերաբերյալ ճշգրտված գնահատումների տրամադրում, որոնք կարող են կողմնորոշել համապատասխան տնտեսավարող սուբյեկտներին,

4.ուղեղների արտահոսքի կանխման, այսինքն` տեխնոլոգիական մտավոր ներուժի պահպանման խթանիչ լծակների օգտագործում, ինչը նույնպես կապված է անհրաժեշտ ֆինանսական օժանդակության հետ,

5.միջպետական համագործակցության միջոցով:

Այնուամենայնիվ, նշված կարևորագույն հիմնախնդիրները կարող են լուծում ստանալ, եթե պետության անհրաժեշտ կառույցներն իրենց ֆունկցիոնալ դերակատարության մեջ են, այլապես դրանք, կապված տեխնոլոգիական հասարակարգի ձևավորման հետ, ընդամենը կմնան որպես բարի ցանկություններ: Այսինքն դարձյալ բախվում են սոցիալական համակարգի ազգային մոդելի ընտրության հիմնախնդրին:

-Կառուցվածքային վերափոխումների իրականացում.

. Կառուցվածքային փոփոխության վրա ազդում են հումքառեսուրսային ապահովվածությունը, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումները, միջազգային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները, աշխարհաքաղաքական հակասություններն ու օրինաչափությունները, մարդկային կապիտալի մակարդակը և այլն: Թվարկվածներից յուրաքանչյուրը պահանջում է ամբողջական վերլուծության ճանապարհով կատարել համապատասխան գնահատումներ:

Խնդրի լուծումը.

1.Միանշանակ է, որ տվյալ պարագայում կառուցվածքային փոփոխությունները մի կողմից նպատակ ունեն բավարարելու ներքին շուկայի պահանջները, իսկ մյուս կողմից` դուրս գալու արտաքին շուկա ժամանակակից, մրցունակ միջազգային ստանդարտներին բավարարող արդյունքների արտադրության միջոցով: Դրա համար անհրաժեշտ է բազմակողմանի գնահատումների հիմքի վրա ճշտել արտադրության առաջնահերթությունները և դրանց ֆինանսավորման ներքին ու արտաքին աղբյուրները:

2.Կառուցվածքային փոփոխությունը պահանջում է համալիր նպատակային ծրագրերի մշակում, և դրա իրականացման հետևողականություն, ինչը հնարավոր է կայացած պետական համակարգի առկայության պայմաններում:

-Հարկաբյուջետային միջոցառումների հիմնարար սկզբունքների մշակում.

. Հայաստանի պարագայում ամենալուրջ և ցավոտ հարցը տնտեսության սվտերայնության բարձր մակարդակն է: Այն պայմանավորված է նաև իշխանության տարբեր թևերի, տնտեսական և քաղաքական համակարգերի միջև թույլ հակակշիռների առկայությամբ: Բնականաբար, այդ տիրույթում է գտնվում նաև հարկային համակարգը: Հովանավորչության բարձր մակարդակի հետևանքով տնտեսավարող սուբյեկտների մի զգալի մասը գրեթե դուրս է հարկման տիրույթից: Եթե առկա է ստվերայնության գրեթե 50-60%, ապա մնացած միջոցառումները, կապված զուտ հարկային օրենսդրության և հարկային դրույքաչափերի սահմանման հետ, անհրաժեշտ արդյունավետություն չեն կարող ապահովել: Չնայած, որոշ վերլուծաբանների կարծիքով, ստվերայնության պատճառներից մեկն էլ ոչ ճիշտ հարկային քաղաքականությունն է: Ինչ խոսք, բարձր հարկային դրույքաչափերը կարող են նպաստել ստվերայնության մակարդակի բարձրացմանը, երբ տնտեսավարող սուբյեկտներն իրենց հետագա գործունեությունը շարունակելու նպատակով խուսափում են հարկերից:

Խնդրի լուծումը.

1.Ստվերայնության բարձր մակարդակը նաև ազգային անվտանգության հիմնախնդիրներից է: Եթե որևէ երկիր չի կարող ապահովել հարկային մուտքերի անհրաժեշտ մակարդակ, ապա զրկված է զարգացման հեռանկարի ապահովման նյութական հիմքից: Բայց տվյալ պարագայում խնդիրը միայն հարկային մուտքերի ապահովումը չէ: Այստեղ ոչ պակաս դերակատարություն ունի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը: Փաստորեն, գործ ունենք մի համակարգի հետ, որը գործում է իրեն յուրատեսակ սկզբունքներով: Սա նաև վեր է ածվել յուրատեսակ ավանդույթի, ասել է թե` հոգեբանության: Ստեղծված պայմանները պարտադրում են իրավիճակից դուրս գալու ծրագրավորված միջոցառումներ: Այդ տեսանկյունից կարևոր են ոչ միայն տնտեսական և իրավական, այլև քաղաքական միջոցառումները:

2.Ինչ վերաբերում է տնտեսական բնույթի միջոցառումներին, ապա դրանք հիմնականում հարկային և մաքսային օպտիմալ դրույքաչափերի սահմանման շարջանակներում են` ըստ գործունեության ոլորտների և արտադրության զարգացման առաջնահերթությունների: Այս տեսանկյունից հարկային և մաքսային քաղաքականությունը պետք է նպաստի մի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային, հաղորդակցական, գենային, բիոտեխնոլոգիաների, ինժեներայի արտադրությունների զարգացմանը, իսկ մյուս կողմից հայրենական արտադրության պաշտպանությանը: Հարկային դրույքաչափը նվազեցնելով և դրան զուգահեռ մեծացնելով հարկման բազան` ստվերայնության կրճատման միջոցով կտրուկ կփոխվի տնտեսության վիճակը: Այդ ճանապարհով մի կողմից խթանելով արտադրությունը, հետագայի կտրվածքով կմեծանա հարկային մուտքերի ֆիզիկական ծավալը, իսկ մյուս կողմից` ստվերայնության կրճատման հաշվին ավելացնելով պետական բյուջեի եկամուտները, երկրում կստեղծվեն իրական հնարավորություններ` ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունները ֆինանսավորելու և սոցիալական լարվածությունը թուլացնելու համար:

3.Բյուջետային քաղաքականությունը պետք է կառուցված լինի որոշակի գաղափարախոսության վրա: Հայաստանի համար այդ գաղափարախոսության առանցքային ուղղություններն են.

. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանում: Հայաստանի համար այս ոլորտի զարգացման հեռանկարը կարևորվում է նաև տարածաշրջանում որոշակի առավելություններ ձեռք բերելու առումով:

. Ֆինանսական օժանդակություն այն ձեռնարկություններին, որոնք կարող են իրենց արտադրական մակարդակով դառնալ լուրջ մրցակիցներ միջազգային շուկայում, այսինքն` ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների ներհոսքը:

. Ինչպես հայտնի է, մի շարք երկրներ հանդիսանում են որոշ գիտահետազոտական վերլուծությունների պատվիրատուներ: Այդ նախաձեռնությունը պետք է վերցնի Հայաստանի կառավարությունը և պետական բյուջեի միջոցով ֆինանսավորի նման կարևորագույն նշանակություն ունեցող հիմնարար հետազոտությունները, որոնք հետագայում ոչ միայն կարող են փոխհատուցել այդ ծախսերը, այլև՝ ապահովել զգալի ֆինանսական հոսքեր:

. Գիտակրթական համակարգին բազմակողմանի աջակցությունը, որը վերաբերում է կրթական ծրագրերին, կրթական որակի և այդ ոլորտում սոցիալական արդարության ապահովմանը:

. Մասնագետների պատրաստում աշխարհի տարբեր հեղինակավոր գիտահետազոտական և կրթական կենտրոններում: Այդ առումով հետագայում լուրջ բարդությունների առաջ կարող ենք կանգնել: Խնդիրն այն է, որ այդ ճանապարհով են ստեղծվում ժամանակակից պահանջներին համապատասխանող գիտակրթական օջախներ: Սա նաև մեծ չափով կնպաստի Հայաստանը տարածաշրջանում գիտահետազոտական կենտրոնի վերածելուն:

. Սոցիալական արդարության հաստատում: Հայաստանի պարագայում իրավիճակը բավականին ծանր է, և աղքատության այսպիսի մակարդակի հաղթահարումն ազգային անվտանգության հիմնահարցերից է: Հայտնի է, որ մարդու օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է որոշակի կալորիականությամբ սննդամթերքի նվազագույն քանակություն: Այսօր դա բացակայում է և առկա է թերսնում, ինչը հատկապես բացասական ազդեցություն է ունենում երեխաների մարմնակազմավորման վրա: Սա նույնպես ազգային գենոֆոնդի խաթարում է նշանակում:

Վահե Բուլանիկյան

Տնտեսագիտության թեկնածու,

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի կողմից

առաջադրված պատգամավորության թեկնածու

Երևանի թիվ 4 ընտրատարածքում

Այս խորագրի վերջին նյութերը