Հարցազրույց

25.03.2017 16:00


Ավետիս Քալաշյան. «Սամվել Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է»

Ավետիս Քալաշյան. «Սամվել Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է»

Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի հետ

Պարո՛ն Քալաշյան, ինչպես հայտնի է, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾի՝ ձեր պաշտպանյալ Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու ներկայացրած միջնորդությունը։ Արդյոք դուք հիմնավո՞ր եք համարում դատարանի այդ որոշումը և ԱԱԾի ներկայացրած միջնորդությունը։

–Ո՛չ, հիմնավոր չեմ համարում։ Նախ՝ սկսեմ նրանից, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Սամվել Բաբայանին։ Նրան առաջադրվել է մեղադրանք ՔՕ 235–րդ հոդվածի 2–րդ մասով, այսինքն՝ ապօրինի կերպով խմբի կողմից ռազմամթերք ձեռք բերելու համար, և 235.1–րդ հոդվածի 2–րդ մասի առաջին կետով, այն է՝ խմբի կողմից ռազմամթերքը մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծելու համար։ Երկու հոդվածներով էլ առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Երբ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Սամվել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, միջնորդությանը կից ներակայացվել են նյութեր։ Նման դեպքերում սովորաբար դատարանն առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնի այն հարցին, թե առկա՞ է արդյոք հիմնավոր կասկած առ այն, որ տվյալ անձն առնչվում է իրեն մեղսագրվող արարքներին։ Քննիչի կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ չի հիմնավորվում կասկածն առ այն, որ Սամվել Բայանը կարող է կատարած լինել այն արարքները, որում ինքը մեղադրվել է։

235–րդ հոդվածի 2–րդ մասով մեղադրանք են առաջադրել, որ նա, իբր, նպատակ է ունեցել ձեռք բերել այդ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը և իր վաղեմի ծանոթներից մեկին, անունը չեմ ուզում նշել, առաջարկել է իքս գումարով ձեռք բերել այդ զենքը։ Նման բան բացարձակ չկա։

Ցուցմունքներում դա չի՞ երևում։

–Ցուցմունքներում, ոչ էլ որևէ այլ ձեռք բերված ապացույցներում որևէ տվյալ չկա, որ Սամվել Բաբայանն ինչ–որ մեկին հանձնարարել, առաջարկել կամ խնդրել է ձեռք բերել այդ «Իգլան»։ Քրեական գործի ոչ մի տվյալով, նկատի ունեմ այն տվյալները, որոնց օրենքով սահմանված կարգով ես ծանոթ եմ, ոչ մի տվյալով հիմնավորված չէ, որ Սամվել Բաբայանն ինչ–որ այս կամ այն առումով մասնակցություն է ունեցել այդ ենթադրյալ խմբի մեջ։ Դատարանի որոշման մեջ նշված է, որ որոշումը կայացվում է միջնորդությանը կից այսինչ նյութերի հիման վրա, բայց նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սամվել Բաբայանը չի կատարել այն արարքները, որոնցում ինքը մեղադրվում է։

Ի՞նչ եք պատրաստվում անել։

–Առաջնահերթ քայլը հետևյալն է. պետք է բողոքարկվի դատարանի որոշումը՝ Սամվել Բաբայանին կալանավորելու մասին։ Հնգօրյա ժամկետում ես պետք է անպայման բողոքարկեմ այդ որոշումը:

–Հաշվի առնելով, թե ով է Սամվել Բաբայանը, քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում այս գործում: Կապված չէ՞ այս ամենը Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հետ։

–Ես փաստաբան եմ և քաղաքական գնահատական տալուց զերծ կմնամ, բայց քանի որ այս հարցը շատ է հնչում, ապա ես կպատասխանեմ դրան իմ պաշտպանյալ Սամվել Բաբայանի խոսքերով. «Եթե ինձ առաջադրել են ակնհայտ անհիմն մեղադրանքներ, ապա հետևությունը թողնում եմ մեր հանրությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը