Մեկնաբանություն

25.03.2017 11:15


Իշխանության վարչական ռեսուրսի «Իգլան» խոցում է ընտրահամակարգը

Իշխանության վարչական ռեսուրսի «Իգլան» խոցում է ընտրահամակարգը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ Հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների շրջանում իրականացրած հետաքննությունը հօդս է ցնդեցնում Սերժ Սարգսյանի խոստացած «անբիծ» ընտրությունների միֆը: Իհարկե, այդ միֆը վաղուց էր ցրիվ եղել՝ նախընտրական ողջ շրջանում ՀՀԿ-ի կողմից իր քաղաքական հակառակորդների նկատմամբ սանձազերծած բռնությունների, դանակահարությունների, կրակոցների, հետապնդումների, հալածանքների ու ճնշումների փաստերով:

Իշխող ուժը վարչական ռեսուրսը լիուլի օգտագործեց և դեռ օգտագործելու է իր քարոզարշավներին մարդկանց պարտադրաբար հրապարակներ ու դահլիճներ բերման ենթարկելու միջոցով: Սակայն վերոնշյալ հասարակական կազմակերպության հետաքննությունը՝ հրապարակած ձայնագրություններով, փաստում է վարչական ռեսուրսի օգտագործման մեկ այլ դրսևոորում: Երևանի համայնքներում և մարզերում գործող 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները հեռախոսազրույցի ընթացքում մեկ առ մեկ հաստատում են, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկողների են հավաքագրում, որոնց անվանական ցուցակագրում են և այդ ցուցակներն ուղարկում են թաղապետարաններ, մարզպետարաններ ու ՀՀԿ կենտրոնական գրասենյակ:

Ուշագրավն այն է, որ Գյումրու թիվ 37 դպրոցի ցուցակն ամենամեծն է. տնօրենը ՀՀԿ-ի օգտին քվեարկողների 1700 հոգանոց ցուցակ է կազմել ու ներկայացրել: Դե, Սերժ Սարգսյանը ցանկանում է այդկերպ «մուռը հանել» ըմբոստ Գյումրիից, որտեղ նա պարտվեց 2013-ի նախագահական ընրություններում:

Կարճ ասած, հանրակրթությունը ՀՀԿ-ն վերածել է ընտրակեղծարարության որջի՝ սեփական հանցանքի մասնակիցը դարձնելով այս ոլորտը: Սա, իհարկե, նորություն չէ: Բայց որ իշխանությունը այս աստիճան կարող է նսեմացնել սերունդ կրթող խավի վարկանիշը՝ վերջինիս օգտագործելով որպես իր քաղաքական հավակնությունները բավարարող «ստրկուհիներ», սա արդեն լպիրշության սահմանից անդին է: Հետո էլ բարբառում են «ռազմահայրենասիրական» դաստիարակության մասին, երբ դպրոցականները աչքները դեռ չբացած՝ տեսնում ու գիտակցում են, որ այս երկրում ապօրինությունը, սեփական ծնողներին, դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներին աշխատանքը չկորցնելու սպատնալիքով պարտադրաբար իշխող ուժի օգտին քվեարկելու ցուցակագրումները դարձել են «նորմ»:

Բայց զավեշտական է այս ամենին ՀՀԿ կենտրոնական շտաբի արձագանքը։

«Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նույնականացում»,- ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման», մասնավորապես, հայտարարում է շտաբը (և էլի նման անհեթեթ մտքեր կան այդ հայտարարության մեջ):

ՀՀԿ շտաբը չի նշում, թե ԸՕ-ի ո՞ր հոդվածով է նման բան «ենթադրվում«: Կամ՝ այդ ինչպե՞ս է պատահում, որ 114 տնօրեն միայն մի ուժի օգտին քվեարկելու համար է ցուցակներ կազմում: Բացահայտումը կատարյալ խայտառակություն է, ցինիզմի ու լկտիության դրսևորում, բոլոր ընտրողների կամքին բռանալու անպատկառ քայլ: Խնդրեմ, հրապարակված են բոլոր ձայնագրությունները, որոնք իրավապահ համակարգի համար առատ նյութ են քրեական գործ հարուցելու համար: Թե չէ՝ պարապությունից բռնում Արցախի հերոսին են ձերբակալում: Մինչդեռ, ընտրական գործընթացը ջախջախելու «Իգլան» ՀՀԿ կենտրոնական շտաբում է պահվում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը