Քաղաքական

24.03.2017 19:30


«Ինձ համար մեծ ցավ է, որ մանկավարժներին կեղտոտ ընտրակեղծարարության մեջ են մտցնում» (տեսանյութ)

«Ինձ համար մեծ ցավ է, որ մանկավարժներին կեղտոտ ընտրակեղծարարության մեջ են մտցնում» (տեսանյութ)

Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հաջորդ կայանը Սպիտակ քաղաքն էր:

Դաշինքի 2–րդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը սպիտակցիներին հիշեցրել է Սերժ Սարգսյանի երբեմնի խոստումները՝ ամեն երիտասարդ ընտանիք բնակարան ու մեքենա պիտի ունենար, տարեկան մի քան մլրդ դոլարի ներդրումներ պիտի լինեին, նոր ատոմակայան պիտի ստեղծվեր, Իրանից մինչև Թբիլիսի, մինչև Հայաստանի սահման նոր երկաթգիծ պիտի աշխատեր։ Սակայն ներդրումների փոխարեն փայատիրություն եղավ, և շատերը թողեցին գնացին։ Դրանց փոխարեն ոստիկանական մահակների թիվը շատացրեց։

Անդրադառնալով իշխանությունների կողմից վերարտադրության նպատակով կիրառվող ընտրակեծիքներին՝ Ա. Մարտիրոսյանը նշել է.

–Ինքս մանկավարժ եմ, ու ինձ համար մեծ ցավ է, որ մանկավարժներին այս իշխանությունները կեղտոտ խաղերի, ընտրակեղծարարության մեջ են մտցնում։ Արդեն տեղյակ ենք, որ «Իրազեկ քաղաքացի» ՀԿ–ն մի չակերտավոր օպերացիա է իրականացրել, որի ժամանակ 110–ից ավելի դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ հաստատել են այն փաստը, որ իրենք ապօրինաբար աշխատում են ՀՀԿ–ի համար։ Մինչդեռ Ընտրական օրենսգրքով ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործելն օրենքով արգելվում է։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անունից պաշտոնապես հայտարարում եմ՝ դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ չեղյալ ճանաչելու Հանրապետական կուսակցության մասնակցությունն ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրություններին։ Միայն այս փաստն արդեն բավարար է, որ ՀՀԿ–ի մասնակցությունն ապօրինի ճանաչվի։ Ձայնագրությունները կան։ Սա միայն դպրոցներին չի վերաբերում, նաև պետական հիմնարկների, հիվանդանոցների։ Սա չափազանց լուրջ խախտում է, որն արձանագրվեց։ Եվ եթե իրավապահներն իսկապես օրենքին ծառայեին, տասնյակ հազարավոր դեպքեր կարձանագրեին։ Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր գործընկերներին՝ եթե ցանկանում են, քննարկենք, միասնական դիմում ներկայացնենք, եթե ոչ, առանձին ներկայացնեն։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ կորցնելու ամենաթանկ բանն ունենք՝ մեր երեխաների ապագան ու հայրենիքը. այլևս ոչ ժամանակ ունենք վատնելու, ոչ էլ ռեսուրս,–եզրափակել է Ա. Մարտիրոսյանը՝ կոչ անելով ձայն չտալ ՀՀԿ–ին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը