Կարծիք

24.03.2017 16:02


Մարդիկ այլևս նողկում են այս իշխանություններից

Մարդիկ այլևս նողկում են այս իշխանություններից

ՀՀԿ-ն մնացել է վարչական ռեսուրսների հույսին

Կայքերից մեկը զանգահարել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների և ներկայանալով «Հանրապետականի շտաբից»` հարցուփորձ էր արել հավաքագրվող ցուցակների մասին: Հարցվածների մեծ մասն անկեղծացել ու պատմել էր, թե քանի հոգով են այդ «սուրբ» գործին լծված, ովքեր են ցուցակները հերթագրում, հավաքագրում, ում են ներկայացրել և այլն:

Այն, որ ՀՀԿ-ի ընտրազանգվածը միայն վարչական ռեսուրսներն են՝ իրենց ենթակա աշխատակիցներով, այլևս փաստ է. վախեցնելով, զոռբայությամբ, երբեմն նաև՝ մեկի տան հետ կապված փոքր խնդիրը լուծելով՝ ձայներ են լցոնում իրենց ցուցակներում:

Նրանց վրա դրված է՝ քանի ձայն յուրաքանչյուր աշխատակից պետք է բերի: Չէ, սա վարձատրվող աշխատանք չէ, սա ուղղակի ՀՀԿ-ին «շնորհակալություն» հայտնելու մի ժեստ է՝ որպես հանրապետականների լծի տակ աշխատողի «պարտք»: Եվ պարտքատիրոջ իրավունքով՝ հանրապետականներն էլ հաթաթա են տալիս վարչական ռեսուրսների աշխատակիցներին՝ «պարտքը չտաս՝ տունդ ձեռքիցդ կվերձնեմ» սկզբունքով:

Եվ հենց այս սկզբունքին չդավաճանողներն են ձայներ բերում հանրապետականներին, չգիտեմ՝ ինչքանով է դա ստացվում, բայց որ ՀՀԿ-ին ձայն են տալիս մարդիկ, ովքեր շահադիտական նպատակներ ունեն, դա էլ է փաստ: ՀՀԿ-ին ձայն տվողներն այդ տնօրենները, մանկապարտեզի, թաղապետարանի, մարզպետարանների և այլ վարչական ռեսուրսների աշխատակիցներն են, որոնց մեծ մասը գուցե իր խղճով է ընտրություն անում, որոշներն էլ՝ «ձեռքս կոտրվեր՝ չընտրեի» մտքի թռիչքով:

Չհավատաք. ուրիշ ոչ ոք Հանրապետականին ձայն չի տալիս, անգամ նրանք, ովքեր թաղի խուժաններին խոսք են տվել, որ ընտրելու են Հանրապետական կուսակցությանը ու նրանց ռեյտինգային թեկնածուին:

Մարդիկ այլևս նողկում են այս իշխանություններից, մարդիկ արդեն հասկացել են՝ ձայն տալով նրանց՝ դավաճանում են հայրենիքին, նրանք ընտրում են ցանկացածին, միայն ոչ իշխող կուսակցությանը:

Անգամ հանրապետականների գիտեմ, որ իրենք ձայն չեն տալիս սեփական կուսակցությանը, էլ ինչի մասին է խոսքը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը