Քաղաքական

24.03.2017 13:00


«Խստորեն դատապարտում ենք այդ դավադիր արարքը, պահանջում ազատ արձակել Սամվել Բաբայանին» (լուսանկար)

«Խստորեն դատապարտում ենք այդ դավադիր արարքը, պահանջում ազատ արձակել Սամվել Բաբայանին» (լուսանկար)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող ազատամարտիկների «Հայդուկ» հասարակական կազմակերպությունը, որը հիմնվել է Արցախյան պատերազմի մասնակիցների կողմից, հայտարարություն է տարածել ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբաբայի ձերբակալության առնչությամբ։

«Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները, դեռ չսկսված, արդեն իսպառ վարկաբեկվել են։ Նախընտրական լրատվությունը հիշեցնում է «նորություններ ռազմաճակատից»՝ ծեծ, ջարդ, դանակահարություն, հրազեն, վիրավորներ։ Եվ այդ ամենը՝ իշխանության ուժերի կողմից։

Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ ՀՀ իշխանության վարած այս տմարդի քաղաքականությունը երկիրը տանում է կործանման։ Եվ դրան դիմադրող ցանկացած ուժ, ցանկացած անձ անմիջապես ենթարկվում է դաժանագույն հետապնդումների, ձերբակալությունների։ Վտանգ է սպառնում յուրաքանչյուր հայրենասեր մարդու։

Արցախի հերոս, Արցախի հաղթական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունն այս եղկելի շղթայի մի կարևոր օղակն է։ Նա, ով երբեք չի խուսափել իր ընդդիմությունը հայտնել կատարվող ապօրինությունների հանդեպ, իսկ իշխանավորների վերջին զինված հարձակումից հետո արտահայտեց ողջ հայ ժողովրդի կարծիքը, որ զինված հանցագործներին պետք է արժանի պատասխան տալ, ձերբակալվել է այնպիսի մի զավեշտալի մեղադրանքով, որ ակամայից, բացի քաղաքական դրդապատճառը, այլ բան պատկերացնել չի ստացվում։ Առաջ գոնե «իրավապահները» թմրանյութ էին գցում իրենց զոհի գրպանը, որ ձերբակալելու հիմք ունենան։ Տեսնես՝ ո՞ր հիվանդ ուղեղում է ծագել «Իգլայի» գաղափարը։ Իհարկե, ինչպես միշտ, կան այլ, այսպես կոչված, ձերբակալվածներ, ովքեր հաճույքով ցուցմունք կտան Սամվել Բաբայանի դեմ, ինչպես ժամանակին 30 աժդահա կամիր բերետավոր ցուցմունք էր տալիս, թե ինչպես մի փոքրահասակ տղա մենակ իրենց ջարդուփշուր էր արել։

Մենք գտնում ենք, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանի ձերբակալությունը զուտ քաղաքական բնույթ է կրում և նպատակ ունի կասեցնել իշխանության վայրագություններին ընդդիմանալու ցանկացած փորձ։

Խոստորեն դատապարտում ենք այդ դավադիր արարքը, պահանջում ազատ արձակել Սամվել Բաբայանին և մյուս քաղբանտարկյալներին, և փորձել երկրում ապրել ու գործել օրենքի շրջանակներում, գոնե այն օրենքների, որոնք ՀՀ իշխանությունն ինքն է ընդունել։ Այլ պարագայում այս հանցագործ թայֆայի՝ իշխանությունից հեռացման հարցը պիտի դառնա հայ ժողովրդի թիվ մեկ խնդիրը»։

ԱՄՆ «Հայդուկ» կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը