Լրահոս

24.03.2017 12:13


«Նախընտրական քարոզարշավն ընթանում է խիստ լարված մթնոլորտում»

«Նախընտրական քարոզարշավն ընթանում է խիստ լարված մթնոլորտում»

«Անկախը» հարցազրույց է ունեցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ

- Տիկի՛ն Վարդանյան, նախընտրական քարոզարշավն արդեն հասել է կեսճանապարհին: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը, հատկապես` մրցակցային և արդյունավետության տեսանկյունից:

- Քարոզարշավն իրականացրել ենք այնպես, ինչպես պլանավորել էինք: Իհարկե, քարոզարշավի ընթացքում հանդիպել ենք մի շարք խոչընդոտների, մասնավորապես Ջրառատի դեպքերի մասին կարծում եմ ինքներդ էլ տեղյակ եք: Բնականաբար, իշխանությունները փորձում են խոչընդոտներ ստեղծել, բայց այդ ամենը մեզ համար հաղթահարելի է: Եվ քարոզարշավի մնացած հատվածը ևս կիրականացվի պլանավորվածին համապատասխան: Մրցակցության առումով… Իրականում ես դա մրցակցություն չէի անվանի, որովհետև առանձին դեպքերում կիրառվում են անթույլատրելի տեխնոլոգիաներ, անթույլատրելի միջոցներ, և դա է պատճառը, որ այս նախընտրական քարոզարշավն ընթանում է խիստ լարված մթնոլորտում:

- Իսկ նախորդ տարիների քարոզարշավներից ընթացիկ քարոզարշավը որևէ կերպ տարբերվո՞ւմ է:

- Բնականաբար առանձնանում է, որովհետև փոխվել է ընտրական համակարգը: Եթե նախկինում մեծամասնական ու համամասնական համակարգերն ինչ-որ տեղ հատվում էին, բայց միևնույն ժամանակ դրանք տարբեր համակարգեր էին, այսօր այս ռեյտինգային համակարգը ստեղծել է մի այնպիսի իրավիճակ, երբ լարվածություն է ոչ միայն տարբեր կուսակցությունների, այլև հենց առանձին կուսակցությունների տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուների միջև: Հետևաբար, սա այն համակարգն է, որ անթույլատրելի է Հայաստանի պես երկրի համար, այս ընտրական համակարգի վտանգների մասին մենք նախապես զգուշացրել էինք: Սա այն համակարգն է, որից օր առաջ պետք է ազատվել:

- Ընտրողների հետ բազում հանդիպումներ եք հասցրել ունենալ: Եթե ամփոփեք, ի՞նչ խնդիրներ են առավել շատ բարձրաձայնում քաղաքացիները և ի՞նչ ակնկալիքներ ունեն:

- Այսօր Հայաստանի Հանրապետությունը սոցիալ-տնտեսական շատ ծանր վիճակում է: Պաշտոնական տվյալները վկայում են Հայաստանի աղքատության բարձր մակարդակի մասին: Այս պայմաններում բնական է, որ ընտրողներին առաջին հերթին հետաքրքրում է սոցիալ- տնտեսական վիճակը և իրենց զբաղվածության խնդիրը: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր հանդիպման ընթացքում այս հարցերն է, որ բարձրացնում են ընտրողները: Իսկ դա նշանակում է, որ շատ արագ երկրում պետք է իրականացվեն սոցիալ-տնտեսական լուրջ փոփոխություններ, պետք է հնարավորություն ստեղծվի մանր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, արտագաղթի կանխման և միաժամանակ դեմոգրաֆիկ խնդրի լուծման համար: Այս քարոզարշավի ընթացքում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ իրականում Հայաստանը շատ լուրջ դեմոգրաֆիկ խնդիր ունի, և արտագաղթի ահագնացող տեմպերը լուրջ սպառնալիք են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

- Քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունի իր նախընտրական ծրագիրը: Քարոզարշավի ընթացքում, սակայն, թեկնածուների միջև բանավեճեր գրեթե չեն լինում, քաղաքական ուժերի միջև պայքարն էլ կարծես գաղափարական չէ: Ինչո՞ւ:

- Ծրագրերը բազմաթիվ հանդիպումների և հաղորդումների ընթացքում ներկայացվել են, ավելին, քարոզարշավն ընթանում է բուն ծրագիրը ներկայացնելու նպատակով: Հանդիպումների ընթացքում մենք ընտրողներին ներկայացնում ենք ծրագիրը, առկա խնդիրները և դրանց իրատեսական լուծումները: Հետևաբար, ծրագիրը գոնե Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կողմից պարբերաբար և պատշաճ ներկայացվում է: Այլ հարց է, որ ընտրական նոր՝ ռեյտինգային համակարգն իրականում պայքարը քաղաքական դաշտից մղել է անհատական դաշտ, և առանձին դեպքերում հենց դրա վրա էլ շեշտը դնում են կուսակցությունները, որովհետև փորձում են հասարակության ուշադրությունը գրավել անհատների վրա՝ որպես թեկնածուների և ոչ թե այն ծրագրերի, որոնք ներկայացվում են և հետագայում պետք է դառնան այդ ուժի գործունեության հիմնաքարը: Մենք մեր քարոզարշավի ընթացքում շեշտը դնում ենք քաղաքական կոմպոնենտի վրա, փորձում ենք հասարակությանը բացատրել, որ սրանք քաղաքական ընտրություններ են, և յուրաքանչյուր անհատ թեկնածուի հետևում կանգնած է քաղաքական ուժ, այդ անհատն առաջնորդվելու է այն ծրագրով, որով հանդես է եկել իր հետևում կանգնած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը: Հետևաբար, մեզ համար կարևոր է, որ հասարակությունը տեղյակ լինի, թե մենք ինչ ծրագրով ենք գալիս իշխանության:

- Ընտրակաշառքների մասին խոսակցությունները չեն դադարում: Ձեր քաղաքական ուժը նման խնդրի առնչվե՞լ է: Եվ որքանո՞վ է քաղաքացին պատրաստ մերժելու ընտրակաշառքը և առանց դրա գնալ ընտրության:

- Ընտրակաշառքների վերաբերյալ խոսակցություններն իհարկե չեն դադարում: Մեզ էլ են հասնում տեղեկություններ, որ ցուցակագրում են մարդկանց ընտրակաշառքի համար և այլն: Ավելին, բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում: Եվ հասկանալի է, որ դա այն մեթոդն է, որը տարիների ընթացքում դարձել է ընտրական գործընթացի խեղաթյուրման և աղավաղման հիմնական պատճառը: Արդյոք քաղաքացիները պատրա՞ստ են մի կողմ դնել ընտրակաշառքը և գնալ արդար ընտրության: Հասկանալի է, որ այս սոցիալական պայմանները մղում են մարդկանց նաև ընտրակաշառք վերցնելուն: Առաջին հերթին քաղաքական կուսակցությունները պետք է ունենային այնքան կամք, որ ի վերջո անցկացնեին արդար, թափանցիկ քարոզչություն և հետագայում նաև ընտրություններ, իշխանությունները պետք ունենային բավարար կամք, որ հետևողական լինեին իրենց կողմից հայտարարված թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելուն: Բայց արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք, և իրավապահ մարմինները, որոնք պետք է այս դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորեին և բացահայտեին իրավախախտումները, մինչ այժմ որևէ նման բացահայտմամբ հանդես չեն եկել: Այո, շատ դժվար է լինելու հասարակությանը բացատրել, որ հատկապես այս ընտրությունները շատ կարևոր են երկրի համար, որովհետև ձևավորվում է բոլորովին նոր համակարգ, քանի որ անցում է կատարվել պառլամենտական համակարգին: Ամեն դեպքում մենք փորձելու ենք մեր քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին բացատրել ընտրությունների կարևորությունը ու նաև կոչ անել, որ քաղաքացիներն ընտրության գնալիս ներդաշնակ լինեն իրենց խղճի հետ և ընտրություն կատարեն այնպես, որ արդյունքում տեսնեն այն Հայաստանը, որտեղ կուզենային ապրել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը