Մեկնաբանություն

24.03.2017 11:35


Ձկան պես լուռ են

Ձկան պես լուռ են

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալության փաստը լռության են մատնում ընտրապայքարի մասնակից մնացյալ ուժերը: «Ոչ տեսել ենք, ոչ լսել ենք» կեցվածք ընդունելով շարունակում են խորհրդավոր լռություն պահպանել:

Դատապարտելու մասին խոսք չկա, բայց գոնե կարելի էր, չէ՞, գնահատական հայտնել: Նրանց այդ զգուշավոր կեցվածքը մի կերպ կարելի էր հասկանալ, եթե ձերբակալությունը տեղի ունենար ոչ նախընտրական շրջանում, բայց երբ դա տեղի է ունեցել ընտրություններից տասը օր առաջ և ձերբակալվածն էլ ընտրապայքարի մասնակից «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրն ու գաղափարակիցն է, միանգամայն անհասկանալի է այլ ուժերի ու դաշինքների լռությունը: Ձկան պես լուռ են: Պապանձվել են ու այդ կողմերից շշուկ իսկ չի լսվում:

Ընտրարշավի փուլում սա արտառոց երևույթ է և ակնհայտ է իշխանության նպատակը՝ ճնշել ու վախեցնել բոլորին ու հանգիստ կեղծել ու վերարտադրվել: Սա չգիտակցելը ու լռելն առնվազն բարոյական չէ:

Դե, մյուս ուժերը, երևի, վստահ են, որ այդ ուղտը իրենց դռանը չի չոքելու, դրա համար էլ աչք են փակում կատարվածի վրա: Շարմազանովն էլ ասում է, թե չպետք է քաղաքականացնել ու հստակ նշում է, ընդդիմադիրները կատարվածի համար չեն մեղադրում իշխանությանը, միայն «մի փոքր հատվածն» է մեղադրում: Դե, մի բան գիտի, էլի, որ ասում է:

Մի խոսքով, բոլորը հերթով և ավելորդ անգամ «բացահայտում» են այնքա՜ն ծանոթ իրենց դեմքերը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը