Քաղաքական

23.03.2017 18:50


«Հոգևոր Հայաստանի» համաժողովը (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

«Հոգևոր Հայաստանի» համաժողովը (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները մասնակցում են «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության՝ «Ամեն մի գիշեր ունի լուսաբաց» խորագրով համաժողովին, որի նպատակն է դատապարտել իշխանությունների գործողություններն ընտրությունից առաջ։

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակը։

Ելույթներով են հանդես եկել նախաձեռնության մի շարք անդամներ։

Նժդեհյան «Ցեղակրոն» կուսակցության «Հայք» կառույցի անդամ Գևորգ Հովսեփյանը նշել է՝ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է։ Նա կոչ է արել ապրիլյան ընտրություններին ձայն տալ այն ուժերին, ովքեր կմիանան «Հայք» ծրագրին։ Վերջինին իր աջակցությունն է հայտնել նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Հովսեփյանը հորդորել է ոչ մի դեպքում ձայն չտալ նրանց, ովքեր խոսում են մադրիդյան սկզբունքներից ու փոխզիջումներից։

***

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նշել է՝ ողջ հայությանը համախմբելով, միասնական դարձնելով՝ կարող ենք արագ, թռիչքաձև զարգացում ապահովել, լուծել և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Սփյուռքի, և՛ Արևմտյան Հայաստանի խնդիրները։ Հայք երկիրը պետք է լինի վերաշխարհաքաղաքական, վերպետական, վերկրոնական, վերքաղաքական կառույց։ Գիմիշյանը նշել է, որ սատարելու են այն կուսակցությանը, որը միացել է «Հայքին», և դա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է։

***

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն իր ելույթում նշել է.

-Երբ անցյալ տարի սեպտեմբերին «Հոգևոր Հայաստանը» սկսեց իր այս առաքելությունը, իրց հայտարարությունը շրջանառության մեջ դրեց, ես և Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիններից էինք, ովքեր միացան այդ հայտարարությանը, քանի որ այն գաղափարախոսությունը, որը դրվել էր դրա հիմքում, իսկապես շատ հոգեհարզատ էր այն մարդկանց համար, ովքեր ծնվել են Սփյուռքում, ապրում են հայրենիքում, եղել են անկախությունից հետո հայրենադարձության առաջին ծիծեռնակները և հայրենիքը այլ կերպ չեն պատկերացնում, քան ողջ հայության վերջնական հանգրվանը: Այս 25 տարիների ընացքում մեզ դեռևս չի հաջողվել իսկապես Հայաստանը դարձնել ողջ հայության համար ցանկալի հանգրվան: Ես կարծում եմ, որ մենք դա այսօր պետք է ուղղենք, քանի որ դրա հրամայականը դարձել է այժմեականություն: Մեզ համար բեկումնային քայլեր են պետք, թռիչքներ են պետք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն հաղթահարենք, այլ նաև առաջընթաց գրանցենք: Մեր անկախությունից ի վեր՝ մեր հենարանները չորսն են, որոնք ես կարողացա ի հայտ բերել: Առաջինը մեր արցախյան հաղթանակներն են, երկրորդը մեր Առաքելական եկղեցին է, երրորդը մեր պետականությունն է, Սահմանադրությունն է, իսկ չորրորդը Հայքի գաղափարն է՝ ողջ հայությունը՝ Սփյուռքով, Հայաստանով Արցախով: 25 տարի անց թերևս մենք չենք կարողացել դա ամուր ամրացնել, դրա ճիշտ շաղախը գտնել և դա իսկապես դարձնել մեր գոյության հիմնական հենարանը: Ահավասիկ, Հայքի գաղափարը մեզ այսօր հաց ու ջրի նման պետք է: Հայքի գաղափարը կկարողանա իսկապես այս 4 հենասյուների մեջ շաղախ սրսկել, բետոն և իսկապես հզորացնել: Ես ձեզ խոստանում եմ, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի իշխանության օրերին սա կդառնա մեր հիմնական գաղափարախոսական հենքը: Ինչպես ոլորտային ուղղություններում մենք պետք է ունենանք գաղափարական հենք, բայց առաջին հերթին մենք պետք է ունենանք մեր պետականության հենքը, մեր էության, գոյության հենքը, և մենք իրականություն ենք դարձնելու Հայքի գաղափարը, որը նշանակում է կառուցել մի պետություն, որը կլինի համազգային, արդար, բարգավաճ, կլինի ապահով, խաղաղ և իսկապես կդառնա ողջ հայության ընդհանրական տունը և նրանց վերջնական հանգրվանը:

***

«Հոգևոր Հայաստանի» համախոհ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալությանը։

–Ադրբեջանում եթե հարցնեն՝ Սերժ Սարգսյանն ով է, մինչև նախագահ դառնալը ոչ ոք չէր իմանա, բայց թե ով է Սամվել Բաբայանը, բոլորը գիտեն։ Եվ հիմա դու երկու ավանակ բերում ես ականջից բռնած, խոսացնում ես ու ձերբակալում ես մարդուն։

***

«Հայք հայկազուն» կուսակցության նախագահ Պետրոս Քացախյանն իր խոսքում նշել է՝ «Հայք» նախագիծը կարոտ է աջակցության, մասնակցության։ Քացախյանն իր ուրախությունն է հայտնել, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն իր պատրաստակամությունն է հայտնել միանալ նախագծին։

***

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է.

–Այսօր վերարթնանում է այն հրամայականը, որ «Հոգևոր Հայաստանը» և «Հայքը» դառնան համազգազգային, և ինչու չէ՝ համապետական օրակարգի անբաժան մասնիկը, քանի որ առանց մեր տարածական և հոգևոր ամբոջականության՝ չկա պետություն, չկա ազգ, կա ցիրուցան եղած, ցեղասպանությունների ենթարկված մի խեղճ ու կրակ ժողովուրդ՝ իր սփյուռքներով և ենթասփյուռքներով, բայց դա Հայքը չէ: Դրա համար չէ, որ մեր պապերը մարտնչեցին, զոհվեցին, հայրենազրկվեցին: Դրա համար չէ, որ այսօր բանտում մենք ունենանք քաղաքական բանտարկյալներ, անունները լավ գիտեք, ովքեր նստած են միայն նրա համար, որ ունենք զավթված իշխանություն, որն օրենքը կիրառում է միայն ուրիշների դեմ, բայց ոչ իրենց բռնազավթման, իրենց իսկ հանցագործությունների դեմ, և միայն նրա համար, որ այդ տղաները ծառայել են պետությանը, ազգին, իրենց մարմնի վրա են վերցրել հարվածը՝ Հաց բերողի հետ մեկտեղ, և հիմա նստած են բանտում: «Հայքը»՝ 4 ծովերի մեջ գտնվող մեր բնօրրանը, պետք է ունենա այդ հոգևոր, աշխարհիկ, քաղաքացիական իշխանությունը, որն ինքն է ժողովուրդը, և դրա համար պետք է ազատագրենք ոչ միայն մեր հայրենիքը, մեր բնօրրանը գաղափարով, մտքով, հավատքով, սրտով, հետո՝ գործոց, այլ հայ մարդն ինքը պետք է ազատագրվի մեծն Րաֆֆու պատվիրանով, ինքն իր հոգին պետք է գտնի: Այսօր մենք բոլորս գիտենք, որ գտնվում ենք համազգային ճգնաժամի մեջ: Պետությունը, եկեղեցին, Սփյուռքը, համայնքները, մեր հասարակությունն ահավոր անդունդի առջև են կանգնած: Միայն համահայկական համախմբմամբ կարելի է լուծում տալ այդ հիմնախնդիներին՝ Արցախից սկսած՝ մինչև Հայաստանի Հանրապետություն՝ դարձնելով այն լույսի հայրենիք, ոչ թե խավարի և մթության:

***


«Հոգևոր Հայաստան» կուսակցության նախագահ Վարդան Խաչատրյանը, խոսելով ազգային արժեքներից, նշել է՝ ազգային արժեք է Սամվել Բաբայանը, եզակի գործիչ, որի միայն անունը կարող է էլեկտրական հոսանքի ազդեցություն ունենալ ադրբեջանական հասարակական գիտակցության վրա։

–Հետևաբար, կամայական տատանումներն այս հարցում պետք է դիտարկել ազգային անվտանգության խնդիր։ Չի՛ կարելի այն արժեքներն իջեցնել, որոնց վրա խարսխված է երկրի ազգային անվտանգությունը,–հավելել է Վ. Խաչատրյանը։


7or.am


Այս խորագրի վերջին նյութերը