Կարծիք

10.12.2010 10:31


Հուսահատության հետևանքները

Հուսահատության հետևանքները

Արևմուտքում, Ռուսաստանում, նույնիսկ ասիական և աֆրիկյան բանանային երկրներում այս օրերին տոնական տրամադրություն է: Մարդիկ պատրաստվում են սուրբծննդյան և ամանորյա տոնակատարություններին: Քայլելով Երևանի փողոցներում, նայելով մարդկանց դեմքերին՝ մեկ անգամ ևս համոզվում ես, որ հայաստանցիների գերակշիռ մասը տոնական տրամադրություն չունի: Եվ ինչպե՞ս տոնական տրամադրություն ունենան գների մրցավազքին հետևող մեր հայրենակիցները, որոնց աշխատավարձը հազիվ հերիքում է կենցաղային նվազագույն կարիքները հոգալուն: Տոնական տրամադրություն չի կարող լինել, երբ տոնական օրերի մոտենալը միայն սարսափեցնում է: Տոնական տրամադրություն չեն կարող ունենալ նաև նրանք, ովքեր մտածում են օր առաջ այս երկրից՝ իրենց հայրենիքից հեռանալու մասին:

-Ինչո՞վ ես զբաղվում,-ավտոբուսում իր ծանոթին հարցրեց երիտասարդ մի կին:

Պատասխանը ստանդարտ էր. երիտասարդը գլուխը կախեց և ասաց, թե պատրաստվում է մեկնել Ռուսաստան:

-Ճիշտն էլ դու ես անում: Այստեղ ի՞նչ կա, որ մնաս,-երիտասարդին ոգևորեց զրուցակցուհին:

Այս օրերին ամենուր կարելի է նման խոսակցություն լսել: Արտագաղթը կրկին մեծ և մեր երկրի ապագան վտանգող չափերի է հասել: Երեկ էլ երթուղայինում մի երիտասարդ ընկերոջն անտրամադիր դեմքով ասում էր, թե ուզում է մեկնել Ռուսաստան, բայց չեն թողնում: Ընկերն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ուզում Ռուսաստան գնալ: Նա էլ պատասխանեց, թե հայրն ու մայրը, եղբայրները, հարազատությունն արդեն այնտեղ են, իսկ ինքն այստեղ արդեն մենակ է: Այդ պահին կարդում էի մի հրապարակում, որի հեղինակը գրում էր, թե այսօր իր ընկերների մեծամասնությունն ապրում և աշխատում է արտերկրում: Իսկապես, արտագաղթի ծավալները յուրաքանչյուր օր աճում են: Վիճակագրությունը համեստորեն լռում է և մեզ չի ասում, թե ամեն օր, ընդմիշտ կամ ժամանակավորապես, քանի՞ մարդ է լքում Հայաստանը: Վարչախմբի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները ևս արտագաղթի խնդրին չեն անդրադառնում: Ինչո՞ւ անդրադառնան և գցեն մարդկանց տրամադրությունը: Այսպես կոչված անկախ լրատվամիջոցներն էլ ավելի կարևոր խնդիրներ ունեն և արտագաղթի խնդրին անդրադառնում են մատների արանքով: Բայց իրականությունն այն է, որ այս խնդիրը ռազմավարական նշանակություն ունի, և ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Շատերն այսօր չեն գիտակցում, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ արտագաղթը: Եթե ոչինչ չձեռնարկենք և ամեն ինչ թողնենք այս վիճակում, ապա կես դար հետո ժողովրդագրական պատկերը կմոտենա ոչ թե 1987թ. կամ 1949թ., այլ 1815թ.: Արդեն իսկ զգացվում է որակյալ մասնագետների պակաս, արդեն այսօր զգացվում է, որ ժողովրդի մակարդակը որակական մեծ անկում է ապրում: Իսկ վարչախմբին կարծես թե արտագաղթը հիացմունք է պատճառում, քանի որ երկրից հեռանում է հիմնականում իրենցից դժգոհ զանգվածը, և գլխացավ պատճառողների թիվը նվազում է։ Բացի այդ, հեռացողներն էլ պարբերաբար գումարներ են ուղարկում իրենց հարազատներին, այդ կերպ հարստացնում նաև վարչախմբին: Գործող իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում, որ իրենց ուրախացնում է մասնավոր տրանսֆերտների աճը: Ինչո՞ւ չուրախացնի, երբ ուղարկված գումարները վաղ թե ուշ տարբեր ճանապարհներով հայտնվում են հենց իրենց գրպանում: Մյուս կողմից, արտագաղթի հետևանքով աճող տրանսֆերտներն անառողջ մրցակցություն են ստեղծում՝ դրանով ավելի մեծացնելով սոցիալական անարդարությունը:

Նորություն հայտնած չենք լինի, եթե նշենք, որ արտագաղթի խնդիրը վարչախմբին չի հուզում, իսկ Սփյուռքի նախարարության ծիծաղաշարժ «Արի տուն» ծրագիրը միայն բյուջեի աղքատիկ գումարների սովորական վատնում է: Ցավալի է, բայց փաստ, որ արտագաղթը չի հայտնվում նաև գործող ընդդիմության ուշադրության կենտրոնում: Ընդդիմությունը բավարարվում է արտագաղթի աճող տեմպերի մասին հիշատակումներ անելով, բայց առայժմ որևէ կոնկրետ առաջարկ չի արվել արտագաղթի ծավալները նվազեցնելու համար: Սակայն այստեղ ընդդիմության դերակատարումը փոքր է. այս խնդրի պատասխանատուն գործող վարչախումբն է, որ միայն թաքցնում է երկրի իրական բնակչության թիվը' ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների գործն ավելի դյուրացնելու համար: Անկախ աղբյուրները պնդում են, թե այսօր Հայաստանում իրականում ապրում է հազիվ երկու միլիոն մարդ, որի կեսից ավելին՝ Երևանում: Սա էլ մի առանձին խնդիր է, որի լուծումը վարչախմբին այդպես էլ չի հուզում: Արտերկրում հաստատված երևանցիների տեղը մասամբ զբաղեցնում են Հայաստանի գյուղերից մայրաքաղաքում բնակություն հաստատողները: Հայաստանում մեծ թվով գյուղեր այսօր ոչնչացման եզրին են: Գյուղեր կան, որոնք այսօր հիշեցնում են «Սուտլիկ որսկանը» հեքիաթում նկարագրված երեք գյուղերը: Վարչախումբը ոչ միայն չի ցանկանում զբաղվել այս հարցով, այլև նույնիսկ խթանում է արտագաղթը և ներքին անառողջ միգրացիան: Այս խնդիրն արմատական լուծման կարիք ունի: Արտագաղթը չի կարելի ուժով կասեցնել, արտագաղթին վերջ տալու համար երկրում անհրաժեշտ են արմատական քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, որոնք առանց նոր և առողջ ուժի առկայության, կարծես թե, անհնար է իրականացնել: Մեր երկիրը զգում է այնպիսի ուժի պակաս, որին առաջին հերթին հետաքրքրում է մարդը: Նոր և առողջ ուժը կկարողանա փոխել երկրում առկա մթնոլորտը և ժողովրդին կհամոզի, որ այս երկիրն ապագա ունի, և կարելի է երջանիկ կյանքով ապրել նաև Հայաստանում:

Իսկ այսօր Հայաստանից հեռացողներին հոգնեցրել են ոչ միայն վարչախմբի կամայականությունները, օլիգարխների ագահությունը, հարկային և մաքսային մարմինների ցինիկության հասնող պահվածքը, այլ նաև ընդդիմության նույնանման ելույթները և քայլերը, որոնք հայ մարդուն ոչինչ չեն տալիս: Եվ եթե անկեղծ լինենք, ապա ինչպե՞ս կարող ենք համոզել չատագաղթել մի մարդու, ով հեռուստացույցով լսում է, թե ամեն պահի կարող է պատերազմ սկսվել, լսում է մեր դիվանագիտության տարած դատարկ հաղթանակների մասին: Լսում է նաև ընդդիմության առաջնորդներին, ովքեր ասում են, թե այս երկրում ոչ մի էական տեղաշարժ չի լինի, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի խնդիրը, իսկ իմաստուն հայ մարդն էլ լավ է հասկանում, որ ԼՂ խնդիրը կարող է չլուծվել նաև առաջիկա հիսուն տարում:

Վարդան Մխիթարյան         

Այս խորագրի վերջին նյութերը