Մեկնաբանություն

23.03.2017 00:05


Վախի մեծ աչքերը

Վախի մեծ աչքերը

Սամվել Բաբայանին ընտրարշավի վերջին փուլում ձերբակալելով՝ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վախեցած է։ Բոլոր ռեսուրսներն իր ձեռքում են, բայց ինքը վախեցած է, քանզի ամենագլխավոր ռեսուրսը չունի՝ հանրային աջակցություն։

Սերժ Սարգսյանը մենակ է։ Չհաշված իր նեղ շրջապատը, քիրվայականության գաղափարախոսն ու մի քանի պնակալեզները՝ ինքը մենակ է։ Իսկ մենակ մարդիկ վախենում են։

ՀՀԿ ղեկավարը վախենում է իր «թիմակից» կոչվածներից, ընտրություններից, ընդդիմախոսներից, դրսի ուժերից, ներսի ուժերից, փոքրիկներից, մեծերից, կռված տղերքից, պատերազմը հաղթածներից, իր «կրոնը» չընդունածներից, նույնիսկ՝ սեփական հաճախորդներից, ովքեր ծառայում են միայն կանխիկի դիմաց։ Իսկ ամենաշատը Սարգսյանը վախենում է ժողովրդից, որովհետև գիտի, թե ինչ է արել ու ինչի է արժանի։

Սարգսյանի աչքին հիմա բոլորն ահաբեկիչ են թվում։ Վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում մոտ 2–3 միլիոն ահաբեկիչ կա, որովհետև բոլորն էլ փոփոխություն են ուզում։ Փոփոխություն ուզողները Սարգսյանի համար ահաբեկիչ են։ Կասկածի ցեցն ուտում է իրեն, և բոլորի ձեռքում նա «ասեղ» է տեսնում, քանզի սրով է եկել իշխանության և վախենում է սրից, անգամ եթե այն շինծու «սուր» է՝ իր իսկ կողմից հնարած սուր «ասեղ»՝ «Իգլա»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը