Քաղաքական

22.03.2017 16:15


Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է ջարդենք կուսակցապետության մենաշնորհները»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է ջարդենք կուսակցապետության մենաշնորհները»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մարտի 22–ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Արագածոտնի մարզի Բյուրական գյուղ։ Բյուրականցիներին իր խոսքն է հղել դաշինքի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը

–Բյուրականը, որը նայում է Արարատին, ներկայացնում է հայաստանցու, հայ մարդու գիտական մտքի` աշխարհին պատկան լինելու ունակությունն ու ներուժը՝ Վիկտոր Համբարձումյանով, աստղադիտարանով, որը նույնպես հպարտության մեծ աղբյուր է համայն հայության համար։

Բայց բավական չէ միայն աստղերը դիտելը։ Մենք պետք է ունենանք նաև հայաստանցի աստղագնաց, ոչ միայն ամերիկահայ։ Մենք պետք է զբաղվենք նաև մեծ գիտություններով, բայց առաջին հերթին՝ մեր քաղաքացու իրավունքով, մեր քաղաքացու ազգային շահով, և այստեղ է, որ համար 8 դաշինքի ծրագիրը ներկայացնում է համալիր մի առաջարկ Հայաստանի ազատ և անկախ բոլոր մտածող քաղաքացիներին։

Եթե ուզում ենք արտագաղթը վերածել ներգաղթի, ունենալ աշխատատեղեր, Հայաստան–Սփյուռք միասնություն, անվտանգ սահմաններ, մենք պետք է ջարդենք կուսակցապետության այդ ընտանեկան մենաշնորհները, որ ուղղակի կեղեքում են մեր ժողովրդին։ Մի իշխանություն, որ պահում է քաղաքական բանտարկյալներ, և այսօր ոչ միայն հողին հանձնեցինք հաց բերող հերոս ազատամարտիկին՝ Արթուրին, այդ ձերբակալությունների, հետապնդումների շարանը շարունակվում է։

Եթե ուզում ենք այդ նոր Հայաստանը, այդ նոր պետությունը, որից մեր երեխաները պետք է չփախչեն, այլ պիտի մնան, պիտի արարեն, պիտի ստեղծագործեն, ընտանիք կազմեն և ղեկավար դառնան իրենց ընտրած ոլորտում, ապա միայն այդ դեպքում ազատագրվելով սեփական վախից, սեփական ստրկամտությունից, հավատալով ինքներս մեզ՝ մենք կունենանք 25 տարվա առաջին արդար ընտրությունը, որը բերելու է ձեզ ձեր ընտրած իշխանությունը, որը հանձնառու է և հաշվետու է ձեր առջև, որը վերևից չի խոսում։

Մենք պահանջում ենք քաղաքացու ազատություն, քաղբանտարկյալների ազատագրում, աշխատատեղեր, պահանջում ենք կոռուպցիայի ավարտ, և այդ ստվերը բերելու ենք մաքուր դաշտ։ Այդ ստվերը որ եկավ դաշտ, դուք կտեսնեք ձեր աշխատավարձերի բարձրացումը, նոր աշխատատեղեր կրթական, առողջապահության, մշակութային, տնտեսական և բոլոր ոլոտներում։

Մենք պետք է ունենանք ամուր, պատասխանատու իշխանություն, որն ապահովում է մեր անվտանգությունը բոլոր ոլորտներում, որը չունի սեփական բիզնես, որը միլիարդատեր չէ,–ասել է Ր. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը