Քաղաքական

21.03.2017 13:36


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Շիրակի մարզում էին (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Շիրակի մարզում էին (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Շիրակի մարզի Արթիկ քաղաք։

Այսօր ավելի վաղ դաշինքն Արագածոտնի մարզի Թալին քաղաքում էր։

Արթիկցիներին է դիմել Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը.

–Առաջին անգամ, երբ հայրենիքին վտանգ էր սպառնում, 1990թ. սեպտեմբերի 20–ին, մենք՝ ազատամրտիկներս, երդում տվեցինք զենքերը վայր չդնել մինչև հաղթանակ։ Պատերազմում մեր բազում մարտական ընկերների կյանքի և շատ ապրողների առողջության շնորհիվ կարողացանք հավատարիմ մնալ մեր երդմանը։ Բայց ստացվեց այնպես, որ ժամանակի ընթացքում ունեցանք իշխանություններ, որոնք բացարձակապես երկիրը թալանի վերածեցին։ Եթե չունես տնտեսություն, չունես միջոցներ, երբեք չես կարող ժամանակակից մրցավազքին դիմագրավել։ Վատ տնտեսությամբ, թալանված տնտեսությամբ, մենաշնորհներով լեցուն տնտեսությամբ, մի քանի ընտանիքին ծառայող տնտեսությամբ երկրում չի կարելի հզոր բանակ ունենալ։ Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ մեզ՝ կենդանի մնացած ազատամարտիկներիս, ստիպեց նորից համախմբվել իրար շուրջ։ Մենք՝ միասնական բոլոր ազատամարտիկներով, համախմբվել ենք այս դաշինքի մեջ՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, հայացքներից, միավորվել ենք և 2–րդ անգամ երդվել, որ այս անգամ մենք դատապարտված ենք մեր երկիրն ազատելու ներսից տնտեսությունը քայքայող իշխանություններից։ Մենք կոչ ենք անում ևս մեկ անգամ վստահել մեզ։ Մեր ավելորդ հանդուրժողականության շնորհիվ է, որ մարտական ընկերները՝ իրենց որդիներով հանդերձ, գնացին զոհողությունների և այսօր զնդաններում են՝ ի դեմս մեր մարտական ընկերների՝ «Սասնա ծռերի»։ Մենք կոչ ենք անում ձեզ համախմբվել՝ ապրիլի 2–ին թոթափելու այն ծանր լուծը, որը մենք 20 տարի ուսած՝ տանում ենք, և վտանգում ենք մեր երկրի անվտանգությունը։ Մենք խաղաղություն կունենանք այն ժամանակ, երբ կունենանք իրական ժամանակակից զենքով համալրված բանակ։ Դա մենք կունենանք ի դեմս ազատամարտիկների և այսօրվա մեր առաջնորդների՝ մարդկանց, որոնց մենք վստահում ենք։

Արթիկցիների առաջ ելույթներով են հանդես եկել գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Սեյրան Օհանյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, դաշինքի այդ անդամներ։

Բնակիչներին ներկայացվել են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ։

Սեյրանը Օհանյանն արթիկցիներին կոչ է արել չհավատալ այն խոսակցություններին, թե, իբր, թե մենք գիտեինք, որ ապրիլին պետք է հարձակվեին ադրբեջանցիները, ու իմանալով՝ վտանգի տակ ենք դրել մեր զինվորների անվտանգությունը:

Տեսանյութը՝ այս հղումով

***

Դաշինքի անդամները Մարալիկում են։

Սեյրան Օհանյանը, դիմելով մարալիկցիներին, ասել է.

–Կառավարման պետական այն համակարգը, որը գոյություն ունի, անարդարության մթնոլորտը, որը գոյություն ունի այսօր Հայաստանի Հանրապետությունում, խոսում են այն մասին, որ իրականության մեջ մենք աշխատելու տեղ ունենք։ Եթե դուք ինձ ասեք, որ այսօրվա իշխանությունները մեր ժողովրդին տանում են դեպի առաջընթաց, դեպի զարգացում, մենք չենք ասի, որ իշխանափոխություն պետք է։ Բայց կարող է այսօր լինել որևէ մի քաղաքացի, որը չտեսնի բոլոր այն թերությունները, որոնք կան։ Իշխանափոխությունն անխուսափելի է, և մենք պետք է քաղաքակիրթ աշխարհի նման գնանք, և քաղաքական էլիտաները, մեկը մյուսին փոխելով, մեկը մյուսի դրականի վրա հենվելով, ձևավորեն վստահություն երկիրը կառավարելու համար։

***

Դաշինքի անդամները Գյումրի քաղաքում են։ Այստեղ իր կուսակիցներին է միացել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը մեկնել են Երևան՝ մասնակցելու Արթուր Սարգսյանի հոգեհանգստին։ Հավաքվածները 1 րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի հիշատակը։

Ռեժիսոր Սարգիս Միքայելյանը նշել է՝ երկրում այսօր համբերության բաժակը լցվել է, դանակը հասել է ոսկորին, Երևանից արվեստագետների մի ստվար խումբ միացել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին, որից էլ սպասում են հայրենիքի ճակատագրի կարգավորում։ Միքայելյանը կոչ է արել գյումրեցիներին իրենց ձայնը տալ հենց այդ դաշինքին։

Դաշինքից պատգամավորության ռեյտինգային թեկնածու Հովհաննես Ասոյանը, դիմելով գյումրեցիներին, ասել է.

–Բոլորս գիտենք, որ այսօր մեր երկիրը կանգնած է մի միջոցառման առջև, որը հետագայում որոշելու է մեր կյանքի որակը առաջիկա մի քանի տասնամյակների համար։ Դրա համար մեր դաշինքը կոչ է անում մասնակցել այս ընտրություններին և մասնակցել գիտակցաբար։ Չկա Հայաստանում մի ընտանիք, մի մարդ, բացի մի 3–4 տոկոսից, ում այսօր ձեռնտու է այս իրավիճակը, չկա մի մարդ, ով չի հասկանում, որ փոփոխությունն անհրաժեշտ է։ Մեր դաշինքը եկել է ներկայանալու ձեզ իր ծրագրային դրույթներով, իր մտահոգություններով կիսվելու ձեզ հետ և ներկայացնելու, թե ինչ ենք անելու մենք իշխանության գալուց և ինչ քայլերով ենք գնալու առաջ։ Ես կոչ եմ անում բոլորին ձայնը տալ մեր դաշինքին։ Ինչի՞ համար մեր դաշինքին։ Մեր դաշինքը գլխավորում են 3 փորձառու մարդիկ, ովքեր իրենց ապրած կյանքով, իրենց աշխատանքով ապացուցել են, որ կարող են, ունակ են և ազնիվ են ժողովրդի առաջ։

Նաև՝ այս հղումով

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը