Քաղաքական

21.03.2017 11:50


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Թալինում էին (տեսանյութ, լրացված, լուսանկարներ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Թալինում էին (տեսանյութ, լրացված, լուսանկարներ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Արագածոտնի մարզի Թալին քաղաք։

Այսօր հանդիպումներ են նախատեսվում նաև Արթիկի, Մարալիկի, Գյումրու բնակիչների հետ։

Նախօրեին էլ դաշինքը հանդիպումներ ունեցավ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքների բնակիչների հետ։ Ապարանում իր կուսակիցներին միացավ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը թալինցիներին ուղղված իր խոսքում նշել է՝ սխալվելու իրավունք չունենք, ապրիլյան ընտրությունները միակն են լինելու, քանի որ ներառում են և՛ խորհրդարանականը, և՛ նախագահականը.

–Թև ու թիկունք եղած՝ երկիրը պիտի դուրս բերենք այս իրավիճակից։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը թալինցիների առաջ իր ելությում ասել է.

–Ավելի նեղ շրջանակի մեջ ես հաճախ մի բան եմ ասում՝ տվե՛ք մեզ իշխանություն և 12–20 ազնիվ մարդ, և մենք մի քանի տարում հանձնենք ձեզ բոլորովին այլ Հայաստան, այն, որն ավելի շատ մոտ է մեր իղձերին, մեր ցանկություններին, մեր երազանքներին։ Հավատացեք, որ այդ 15–20 մարդու մի ստվար մասը մեզ մոտ ձևավորվել է։ Մեր առաջին շարքերում այնպիսի մարդիկ են, ովքեր իրենց գործունեությամբ ցույց են տվել, ապացուցել են, որ կարող են ազնիվ աշխատել, պաշտոնի գայթակղությունը երբեք իրենց սխալ ճանապարհով չի տարել։ Եթե ժողովուրդը վստահեց մեզ և տվեց իշխանություն, հավատացեք, որ հնարավոր է շատ կարճ ժամանակում երկրում շատ բան փոխել։ Մենք դատապարտված չենք այսպես ապրելու։ Այսօրվա մեր վիճակի միակ պատճառն այսօրվա իշխանությունների անգործությունն է, անտարբերությունն է, նրանց շահերի չհամընկնումն է ժողովրդի շահերի հետ։ Նրանց հետաքրքրում են միայն իրենց աթոռը, փողը և ինքնահարստացումը։ Այս ընտրությունները հնարավորություն են տալիս մեզ բոլորիս գնալ և իրավիճակ փոխել, և այդ այլընտրանքը ձեր առջև կա։ Հնարավոր է ընտրություններով փոխել իշխանություն, և իշխանափոխությունից հետո եթե իշխանության ղեկին հայտնվեցին ճիշտ մարդիկ, հավատացե՛ք, որ հնարավոր է երկրում ամենակարճ ժամանակում իրավիճակ փոխել։

ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը, դիմելով թալինցիներին, ասել է.

Իրականության մեջ մեր ապագայի մասին մտածելու համար պետք է մի քանի ենթադրություններ անել։ Առաջին հերթին պետք է վերլուծել այն իրադրությունը, որն այսօր ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում՝ թե՛ տնտեսության զարգացման, թե՛ ժողովրդագրական խնդիրների, թե՛ նաև անվտանգության համակարգի մեջ պարունակող մի քանի այլ ուղղությունների մասին։ Մենք կգանք այն եզրակացության, որ իրականության մեջ իրավիճակը շատ դժվարին է։ Մենք վերջին տարիների ընթացքում ՀՀ զարգացման համար շատ դանդաղ միջոցառումներ ենք ձեռնարկել, որոնք իրենց էֆեկտիվությունը, արդյունավետությունը չեն ապահովել. դա և՛ տնտեսությունն է, և՛ յուրաքանչյուր անհատի բարեկեցությունն է, և՛, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կերտումն է, արդարության ամրապնդումն է և շատ–շատ այլ խնդիրներ։ Ես իմ համար որոշումներ ընդունելու և ծրագրեր մշակելու համար ամեն ինչի հիմքում դնում եմ երկրի անվտանգությունը, և եթե այսօր ռազմական անվտանգությունը գտնվում է բարվոք վիճակում, ապա մենք կարող ենք ասել, որ անվտանգության այլ բաղադրիչների մեջ՝ տնտեսական, ժողովրդագրական, տեղեկատվական, գիտական, կրթական, առողջապահական, մենք բավականին մեծ թերություններ ունենք։ Եվ դա է ստիպել, որ ես, խոր վերլուծելով իրավիճակը, տեսնելով՝ ինչ խաղի կանոններ կան Հայաստանում, որոշում եմ ընդունել մեր գաղափարակից ընկերների հետ քաղաքական այս կառույցը ձևավորել և գնալ պետական համակարգի փոփխություններին։ Դրանց կարիքի մասին ոչ միայն ես, ոչ միայն մեր գաղափարակիցներն, այլ ողջ ժողովուրդն է խոսում, քանի որ տարածաշրջանային իրավիճակը բավականին բարդ է այն առումով, որ դեպի Հայաստան եկող սպառնալիքներն այնքան արագ են զարգանում, որ մենք իրավունք չունենք էվոլյուցիոն ճանապարհով, դանդաղ տեմպերով որոշումներ ընդունել և փորձել առաջընթաց ապահովել Հայաստանի համար։

Տեսանյութը՝ այս հղումով

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը