Քաղաքական

20.03.2017 15:52


«Ջրառատում տեղի ունեցածը առաջին ծիծեռնակն էր, բայց նման միջադեպերը մեզ չեն վախեցնում»

«Ջրառատում տեղի ունեցածը առաջին ծիծեռնակն էր, բայց նման միջադեպերը մեզ չեն վախեցնում»

«azatamart.am»–ի զրուցակիցն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Ապարան» գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը

-Պարո՛ն Պետրոսյան, արդեն շուրջ երկու շաբաթ է՝ քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավ են անցկացնում: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը ձեր դաշինքի մասով, ժողովրդի հետ շփումները ի՞նչ են ցույց տալիս:

-Գիտեք, ես առաջադրվել եմ Արագածոտնի մարզում, իմ հիմնական շփումները ժողովրդի հետ մեծ հույս են ներշնչում: Նոր չէ, որ ինձ ճանաչում են. ամեն դեպքում վստահություն կա: Ես մեծ հույսեր ունեմ, որ ժողովուրդն այլ գործոններ հաշվի չի առնի ու ձայնը կտա իր խղճով: Մենք կռված տղաներով ուզում ենք անել առավելագույնը, որ երկրում իշխանափոխություն տեղի ունենա, ու երկիրը զարգանա:

-Ձեր համակիրների ընդվզումը դրական գնահատեցին «Սասնա ծռերը», Ժիրայր Սեֆիլյանը: Այդ հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում:

-Իհարկե, ես ողջունում եմ այդ հայտարարությունը և դրական եմ գնահատում: Իրենք ճիշտ է՝ ճարահատյալ այդ քայլին դիմեցին, բայց մեր վերջնական նպատակը նույնն է, հուսով եմ՝ կկարողանանք համագործակցել:

-Ջրառատում տեղի ունեցած միջադեպն ինչպե՞ս եք գնահատում:

-Իշխանությունը հասկանալով, որ վերարտադրության ոչ մի հնարավորություն չունի, ճարահատյալ նման քայլերի է դիմում, նման սադրիչ գործողությունների: Ես կարծում եմ, որ դա դեռ առաջին ծիծեռնակն է, և մենք դեռ այլ միջադեպերի, սադրանքների էլ ականատես կլինենք: Բայց նման միջադեպերը մեզ չեն վախեցնում. մենք վճռական ենք տրամադրված և կհասնենք մեր նպատակին ու երկիրը կազատենք ազգադավ իշխանություններից:

-Վստա՞հ եք , որ Սեյրան Օհանյանը մինչև վերջ կգնա:

-Իհա՛րկե, Սեյրան Օհանյանը մեր մարտական ընկերն է, մենք ինչպես մարտի դաշտում ենք միմյանց վստահել, այնպես էլ հիմա: Հետ դառնալու ճանապարհ չկա: Մենք եզակի հնարավորություն ունենք քաղաքակիրթ ճանապարհով, ընտրությունների միջոցով երկրում իշխանափոխություն անել:

Աղբյուրը՝ «azatamart.am»

Այս խորագրի վերջին նյութերը