Կարծիք

20.03.2017 15:38


«Բոլորին դեմ» քարոզն անելով՝ սատարում են Սերժ Սարգսյանին

«Բոլորին դեմ» քարոզն անելով՝ սատարում են Սերժ Սարգսյանին

Այո՛, եթե այսօրվա քաղաքական ուժերի միջև տարբերություն չկա, էլ ինչի՞ ինչ-որ բան անես նմանը նմանով փոխելու համար։ Հենա թող Սերժ Սարգսյանը մնա, էլի։ Իսկ ում է նման տեսակետը ձեռնտո՞ւ։ Կարծում եմ՝ միայն Սերժ Սարգսյանին ու նրա կողմնակիցներին։

Գիտեք, ես հավատում եմ, որ իսկապես կարող են լինել նման հուսահատ, բարոյալքված մարդիկ, ովքեր իրականում ելք չեն տեսնում և հուսախաբ եղած՝ այլևս չեն հավատում ոչ մի քաղաքական ուժի։ Սա նորմալ է, հասկանալի, որքան էլ ինքս դեմ լինեմ նման տրամադրություններին։ Անձամբ ես որ օրը հասկանամ, որ այլևս հույս չկա, կթողնեմ կգնամ այս երկրից, քանի որ եթե իսկապես Սերժ Սարգսյանից լավը չմնա, այս երկիրը կորած է։

Բայց կա մի բան, որ հաստատ չեմ անի․ չե՛մ քարոզի մյուսներին, որ իրենք նույնպես գնան։ Իմ մտքերն ուրիշների գլխին չեմ կապի, առավել ևս՝ դրա վրա գումար չեմ ծախսի։ Գուցե մարդ կա, որ, այնուամենայնիվ, ցանկանում է պայքարել։ Եթե նույնիսկ տարբերություն չկա Սերժ Սարգսյանի ու մյուսների միջև, միևնույն է, թող Սերժ Սարգսյանը պատժվի, թող մարդիկ պայքարեն նրա դեմ, և գուցե այդ պայքարը նրանց ավելի լավը դարձնի։

Բայց ես երբեք ոչինչ չանելու քարոզ անելով չեմ սատարի Սերժ Սարգսյանին։ Որևէ նորմալ մարդ դա չի անի։ Բայց արի ու տես, որ հայտնվել են մարդկանց խմբեր, որոնք «բոլորին դեմ» քարոզն անելով՝ սատարում են Սերժ Սարգսյանին։ Այդ մարդիկ իրենց ժամանակը, նաև գումարները ծախսում են նրա վրա, որ մարդկանց հետ պահեն Սերժ Սարգսյանի դեմ պայքարից։ Դրա անունն էլ դնում են, թե բոլորին դեմ են։ Ոչ, այդպես չի լինում։ Սա այն դեպքն է, երբ դեմ լինելը կողմ է նշանակում, և շատ որոշակի կողմ։ Կներեք գալուստսահակյանության համար)

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը