Մեկնաբանություն

18.03.2017 08:00


Ընտրարշավը վերածվել է քրեական խրոնիկոնի

Ընտրարշավը վերածվել է քրեական խրոնիկոնի

2016-ի հուլիսին տեղի ունեցած զինված ապստամբությունից, Ծռերին զինաթափելուց հետո Սերժ Սարգսյանը պալատում հավաքեց հլու-մորթապաշտ-ստրկամիտ դասին (հասարակական-քաղաքական, մշակութային հատվածի մի մասին) և իր խոր հիասթափությունը չթաքցնելով՝ տարակուսանք հայտնեց, թե՝ ո՞նց կարելի է պաշտպանել «Սասնա ծռերին» կամ ողջունել «ահաբեկչությունը», ինչն ակնհայտ է հանրության շրջանում. մեծ թվով մարդիկ այդ օրերին սատարում էին Ծռերին:

Իսկ հիմա հետաքրքիր է՝ ի՞նչ զգացում է ապրում ՀՀԿ ղեկավարը՝ տեսնելով ժողովրդի վերաբերմունքը Հաց բերող Արթուր Սարգսյանի հանդեպ:

Հաց բերողի ողբերգական մահը ալեկոծել է հանրությանը, որի զգալի մասը միաբերան պնդում է՝ նրան սպանեց ռեժիմը: Ավելին՝ Սարգսյանի ռեժիմը մարդուն ոչ միայն ֆիզիկապես է սպանում, այլև՝ հոգեպես:

ՀՀԿ-ի և նրա ղեկավարի իշխանության ողջ շրջանը հուսալքման, հուսահատության, ապատիայի շրջան է եղել, որում տառապել ու տառապում է ժողովուրդը. այս իշխանությունը եթե անգամ ոչ ֆիզիկապես, ապա հոգեբանորեն մարդկանց հասցրել է այնպիսի մի վիճակի, որոնք անհուսությունից պատեպատ են զարկվում, շատերը չդիմանալով ստին, կեղծիքին, անրադարությանը, ապօրինություններին, անպատժելիությանն ու ամենաթողությանը (որոնց ճարտարապետն է Սերժ Սարևգսյանը), անգամ դիմում են ծայրահեղ քայլի: Իրար հաջորդող ինքնասպասությունները՝ ապացույց (չենք հասցնում տեղեկանալ հերթական ինքնասպանության մասին, հաջորդն է տեղի ունենում. թիվ ու հաշիվ չկա):

Իսկ 2016-ի օգոստոսի 1-ին պալատում Սերժ Սարգսյանը զայրանում ու զարմանում էր զինված ապստամբների նկատմամբ հանրային վերաբերմունքից (հիմնականում դրական, մասամբ՝ լոյալ):

«Ծռերի» գործողությունից դասեր քաղելու մասին ատամների արանքից մլռտացող իշխանությունն այսօր ավելի է լկտիացել՝ նախընտրական փուլը վերածելով արյունալի իրադարձությունների «զորահանդեսի»: Մեկնարկը տրվեց Մասիս քաղաքից, որտեղ ՀՀԿ-ի երկու թեկնածուների թիմերի միջև տեղի ունեցան բախումներ, ինչին հաջորդեց Փարպիի դեպքը, երբ նորաթուխ ՀՀԿ-ական թեկնածուն «մշակեց» ՀՅԴ-ի օգտին քվեարկել պատրաստվող համագյուղացուն: Շարունակությունը՝ Արարատի մարզի Սայաթ–Նովա համայնքում տեղի ունեցած դանակահարության դեպքն էր, որի հեղինակը դարձյալ ՀՀԿ-ական թեկնածու է, իսկ տուժողը՝ ԲՀԿ-ական:

Ջրառատում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական գյուղապետի հաբրգած կողմնակից-ազգականների կողմից դաշինքի համակրի դեմ աստրճանակ ուղղելու փաստին հաջորդեց գյուղապետարանի շենքում բնավորված զինված բանդայի գործողությունը, ինչի հետևանքով Մելքոնյան ընտանիքի երեք անդամ (այդ թվում՝ անչափահաս) ծանր վնասվածքներեր ստացան և հայտնվեցին հիվանդանոցում: Օձունում էլ դաշինքի անդամներին քաշքշեցին՝ թույլ չտալով նրանց մտնել գյուղ:Եվ վերջապես Հաց բերողը մահացավ:

Այս բոլոր հանցագործությունների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Պետք չէ «վինտիկներին» մեջտեղ բերել ու շրջանառել ՀՀԿ ղեկավարի կամակատար-գործիքների անունները, որոնք Սերժ Սարգսյանի հրահանգները կատարող մեծ ու փոքր տրամաչափի աթոռակիրներ են:

Զզվելին այն է, որ ամեն դեպքից հետո աշոտյաններն ու շարմազանովները հայտարարում են, թե պետք չէ տեղի ունեցածն օգտագործել «քաղաքական դիվիդենտներ շահելու» նպատակով, կամ՝ ռետինգային ՀՀԿ-ականների միջև և, կամ՝ ՀՀԿ-ական ու այլ ուժի ռեյտինգային թեկնածուների միջև տեղի ունեցած բախումները մեկնաբանվում են «միջանձնային վեճեր», որոնք իբր կապ չունեն նախընտրական քարոզարշավի հետ: Հետաքրքիր է՝ այդ «միջանձնային հախուհաշիվը» պարզելու գործն ինչո՞ւ հանկարծ «համընկավ» նախընտրական փուլի հետ: Ո՞ւմ են ապուշի տեղ դնում ՀՀԿ վերնախավի անդամները, որոնք նաև ցինիկաբար հայտարարում են, թե՝ քանի որ այլ ուժերի հանդիպումներին մարդիկ քիչ են լինում, ռեսուրս չունեն, դրա համար էլ այդ ուժերը խոսում են վախի մթնոլորտ ձևավորելու մասին: Սա լպիրշ գռմռոց է՝ ուղղված իրականությանը, երբ ակնհայտ է, որ մեծ փողերի ու լծակների տիրապետող իշխող ուժն ամեն մեթոդի դիմում է մարդկանց վախեցնելու, երկրում վախի մթնոլորտը պահպանելու համար:

Մեծ հաշվով իշխանությունն ու նրա ղեկավարն իրենց բիրտ, կացնային գործելակերպի «շնորհիվ» տապալել են նախընտրական քարոզարշավը: Երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ քրեական խրոնիկան ժամ առ ժամ է թարմացնում՝ նման իրավիճակում արդեն իսկ պարզ է, թե ինչպիսին են լինելու «ազատ ու արդար ընտրությունների» արդյունքները:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը