Աշխարհ

16.03.2017 11:08


Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրություններին

Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրություններին

«Ակօսի» փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրությունների գործընթացին։

Նահանգապետի տեղակալը գրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան, որում նշել է, որ պատրիարքական ընտրություններն «իրավականորեն» չեն կարող իրականացվել։

Պատրիարքական տեղապահի ընտրություններում ձայների մեծամասնությամբ տեղապահ է ընտրվել Գարեգին Բեքչյանը։ Ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո Արամ Աթեշյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որում նշվում է, որ պատրիարքական ընտրություններ իրականացնելն իրավականորեն անհնար է։

Պատրիարքական տեղապահի ընտրությունների առնչությամբ Ստմաբուլի նահանգապետարանից կատարված միջամտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը։

Բեքչյանը նշել է, որ պատրիարքարանից մի խումբ, այդ թվում՝ Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը, այցելելու են Ստամբուլի նահանգապետարան։

«Ես նահնագապետարան չեմ գնալու։ Այցի ընթացքում մերոնք պատրիարքական տեղապահի ընտրությունների տրամաբանությունն են բացատրելու։ Այնուհետև հայտարարություն է արվելու։ Սա մի քանի օր է տևելու, և ես այդ ընթացքում այստեղ եմ լինելու»,- նշել է Բեքչյանը։

Նշենք, որ Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների առաջին քայլը՝ պատրիարքական տեղապահի ընտրությունները, կայացել են երեկ՝ մարտի 15-ին։ Տեղապահ է ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։

Տեղապահի ընտրություններում նախապես թեկնածություն էր ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Սակայն Մաշալյանը նախօրեին հայտնել էր, որ պատրաստվում է մարտի 15­ին հայտարարել իր թեկնածությունը հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն: Նա կոչ էր արել իր կողմնակիցներին ձայները տալ Բեքչյանին: Ավելի վաղ Բեքչյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով պատրիարքի հավանական թեկնածուներից մեկն է:

Քվեարկությունը իրականացվել է դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:

Այս խորագրի վերջին նյութերը