Կարծիք

15.03.2017 15:50


Երանոսյանները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը չի փոխվել

Երանոսյանները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը չի փոխվել

Սերժ Սարգսյանի իրական թիմը: ՀՀԿ-ն այս խորհրդարանական ընտրություններին փորձել էր տարանջատվել իր կրիմինալ անցյալից և նախընտրական ցուցակի առաջին տեղերում տեղավորել էր «պուպուշ» ու դեռևս չվարկաբեկված դեմքերին: Չնայած ՀՀԿ-ի անդամ լինելն ինքնին բավարար է վարկաբեկվելու համար, բայց, ինչևէ, Սերժ Սարգսյանը փորձել է նոր մարդկանցով ներկայանալ կամ թաքնվել նրանց ետևում:
Փորձն, ինչպես ասում են, փորձանք չէ, սակայն այսօր արդեն կարող ենք փաստել, որ չստացվեց: Երանոսյանները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը չի փոխվել և «աշխարհը փոխում է» հին մեթոդներով. Ջրառատում տեղի ունեցած դեպքերն էլ դրա վառ ապացույցն են: Այս պատմությունը բացահայտում է Սերժ Սարգսյանի իրական նախընտրական թիմի նաև այլ անդամներին՝ տխրահռչակ «1in.am» կայքն ու «Ժամանակ» թերթը:
Մենք տեսանք, որ այս ամոթալի ու խայտառակ պատմությունից հետո հենց այդ թերթն էր միակը մեր լրատվական դաշտում, որ փորձեց պաշտպանել Երանոսյաններին ու Սերժ Սարգսյանին՝ կատարվածի մեղքը բարդելով Սամվել Բաբայանի վրա: Իշխանական այլ լրատվամիջոցները, ինչպես նաև ՀՀԿ-ականները ձեռնպահ են մնում սրա մասին խոսելուց, քանզի հասկանում են, որ ասելիք չկա: Բայց, արի ու տես, որ հայտնվեց մեկը, ով նույնիսկ այս խայտառակությունն է փորձում արդարացնել:
Այսինքն, մենք արձանագրում ենք, որ Լևոն Երանոսյանն՝ իր ընտանիքով հանդերձ, և այս կայքն ու թերթը ոչ միայն գտնվում են սարգսյանական ազդեցության տիրույթում, այլ նաև ուրույն տեղ են զբաղեցնում իշխանական թիմի ներսում: Կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը՝ բարեփոխիչ կառավարության հետ հանդերձ, ընդամենը շիրմա են, որի հետևում թաքնվում են Սերժ Սարգսյանն ու նրա իրական թիմը:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը