Մեկնաբանություն

15.03.2017 00:39


Զոռբստանն էլ ո՞նց է լինում

Զոռբստանն էլ ո՞նց է լինում

Մարտի 6-ին Արմեն Աշոտյանն իր շեֆին ու թիմին «սրբացնում» էր՝ ՖԲ-ի իր էջում գրելով, թե «Զոռբաների ու զոռբայության ժամանակները, վստահ եմ, անցյալում են»: Դե, Աշոտյանն ու նրա հարազատ կուսակցությունը այդ ե՞րբ են իրականության զգացողություն ունեցել, որ հիմա ունենան: Հիմա զոռբայության թափն այնպիսին է, որ Հանրապետականներն առանց զենքի չեն կարողանում յոլա գնալ. գործող իշխանությունն այս հարցում արդեն գերազանցում է սիցիլիականին՝ վերջինիս ձեռքից խլելով զոռբա-կրիմինալի փառահեղ դափնին: Իսկ Աշոտյանը անկապ գեղգեղում է... Աշոտյանն ու նրա շեֆն անգամ աչք են փակում նախընտրական շրջանում երկրում ծավալված արյունոտ հաշվեհարդարների վրա, որոնք օր օրի աճման միտում ունեն (այս հարցում, անշուշտ, ՀՀԿ-ն կարող է գլուխ գովել, որ աճ է արձանագրում, ինչպես արտագաղթի, աղքատության և այլ հարցերում):

Ռեյտինգային յուրայինների «սամասուդ»-ներն իբր փորձեցին ծածկադմփոց անել (դրանք դեռ նոր ձևեր ու տարածում են ունենալու), սակայն քաղաքական հակառակորդների դեմ սանձազերծված զինված հարձակումները մեր աչքի առաջ են: Ընդամենը երկու օր առաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ կրակոցներով ուղեկցվող միջադեպ արձանագրվեց, երբ ՀՀԿ-ական գյուղապետի «ջոկատայիններից» մեկը աստրճանակ հանեց դաշինքի համակրի դեմ: Ականատեսների վկայությամբ՝ ատրճանակով սպառնալիքներ հնչեցնողն ու կրակոց արձակողն էլ փոխոստիկանապետի կարգավիճակով «մարդակերպ գազան» Լևոն Երանոսյանի եղբայրն է եղել (Ջրառատի ՀՀԿ-ական գյուղապետի ազգուտակը ներկայացնող): Սակայն, օրինախախտների փոխարեն ոստիկանության բաժին բերման ենթարկեցին դաշինքի համակիրներին: Եվ մինչ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի վարչությունը կպարզեր այս դեպքի հանգամանքներն, ահա, հիմա էլ նույն Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ: Երեք վիրավոր տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն:

Մի խոսքով՝ «Անվտանգություն և առաջընթաց» հանրապետական Զոռբստանում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը