Լրահոս

14.03.2017 11:50


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն այսօր Վայոց ձորի և Սյունիքի մարզերում էր (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն այսօր Վայոց ձորի և Սյունիքի մարզերում էր (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել էին Վայոց ձորի մարզ։

Այսօր հանդիպումներ են կայացել Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի ու Գորի բնակիչների հետ։

***

Վայոց ձորի մարզում դաշինքի հանդիպումները մեկնարկել են Եղեգնաձոր քաղաքից։

–Իշխանությունների խոստացած և չկատարած խոր և համապարփակ համաներումը մեր իշխանության ժամանակ է լինելու, համաներումը վերաբերելու է նաև քաղբանտարկյալներին. իրենք համաներման կարիք չունեն, բայց ազատության մեջ են լինելու, այդ թվում «Սասնա ծռերը», իսկ ոստիկանների մահվան հետ կապված միջադեպերն արդար դատարանն է հետաքննելու,–ասել է արմեն Մարտիրոսյանը եղեգնաձորցիներին՝ հավելելով, որ ժողովուրդն արարել է, երբ եղել է ազատ, իսկ ազատություն Հայաստանում այսօր չկա։ Այդ վիճակը եկել է փոխելու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, որի անդամներն ունեն համապատասխան գիտելիքներ, փորձ և տեսլական։

Ա. Մարտիրոսյանը հիշեցրել է, որ անցած 10 տարվա ընթացքում 10 մլրդ գումար է դուրս բերվել Հայաստանից.

–Երբ Իսլանդիայում բացահայտվեց օֆշորային սկանդալը՝ մի քանի 100 հազ դոլարի հասնող, վարչապետի գլխավորությամբ՝ ամբողջ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ մեր երկրում ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն ընդամենը մի պահ ազատվեց պաշտոնից, իսկ հիմա ՀՀԿ–ն պատգամավորության թեկնածու է առաջադրել։ Ահա թե ինչու մեր մոտ չի կարող տնտեսություն զարգանալ և աշխատանք լինել։

Եղեգնաձորցիներին է դիմել Վարդան Օսկանյանը.

–Շուտով ընտրություններ են, և ես ուզում եմ, որ հենց այսօրվանից սկսած՝ դուք սկսեք լավատեսորեն նայել հաջորդ օրերին և նաև՝ ընտրություններին։ Գիտեմ, որ հիասթափությունը շատ խորն է, և ընտրությունների հետ կապված ձեր փորձը շատ դառն է, բայց այլընտրանք չկա։ Սա հերթական հնարավորությունն է օրինական ձևով իշխանափոխության հասնելու։ Ես ուզում եմ, որ դուք 2 բանի հավատաք՝ առաջին, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխության հասնել, և երկրորդ՝ եթե իշխանափոխությունից հետո եկան նոր Կառավարություն, նոր դեմքեր, նոր գաղափարներ, և հատկապես եթե եկան այնպիսի մարդիկ, ովքեր նվիրում ունեն երկրին, իրենց աշխատանքով ապացուցել են, որ ազնիվ են, փորձ են կուտակել և տեսլական ունեն երկրի ապագայի նկատմամբ, ապա հավատացե՛ք, որ շատ արագ կարելի է մեր ժողովրդի այս ծանր վիճակը փոխել, լավացնել, երկիրը դնել զարգացման ճիշտ ճանապարհի վրա։ Միացյալ Նահանգների ամենահաջողված նախագահներից մեկը՝ Ֆրանկլին Ռուզվելտը, ասել է՝ «Միակ բանը, որից պետք է վախենալ, դա հենց վախն է»։ Ես իսկապես վախենում եմ այդ վախից, ես վախենում եմ, որ դուք վախենում եք այս ընտրություններին գնալուց, ձեր ազատ կամքը դրսևորելուց։ Գնացե՛ք համաձակ, քվեարկե՛ք ձեր խղճի կամոք, և ես գիտեմ, որ ձեր խղճի կամքն այլ է նրանից, ինչ իշխանություններն են ցանկանում։ Եկե՛ք մեր երեխաների, թոռների ապագան չվաճառենք։


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բնակիչներին ուղղված իր խոսքում նշել է՝ ապրիլի 2–ին ընտրելու ենք մեր հայրենիքի ողջ իշխանությունը՝ Ազգային ժողով, կառավարություն, նախագահ, որը հնգամյա ժամանակատահվածում ղեկավարելու է մեր երկիրը։

–Մենք մեր թիմով որոշել ենք լինել ժողովրդի կողքին։ Մենք մեր թիմը համալրել ենք փորձառու մարդկանցով, ովքեր գործադիրում աշխատելու ժամանակ համապատասխան գիտելիքներ, հմտություններ և փորձ են ձեռք բերել։ Այդ փորձը հիմնականում աշխատանքը ճիշտ կազմակերպելու, ռազմավարական որոշումներ ընդունելու, մարդկանց հետ ճիշտ աշխատելու սկզբունքների, ձևերի, մեթոդների մեջ է կայանում։ Կարծում եմ, որ ժողովրդի մեջ լիենլով միայն մենք կարող ենք հասկանալ ժողովրդի ցավերը։ Ժողովրդի համար ամուր թիկունքը, ժողովրդի ձեռքի զենքը տնտեսությունն է, իսկ մեր տնտսությունը պետք է դնել արդար հենքի վրա։ Այս կարևոր ժամանակահատվածում մեր համար ժողովուրդը ամենամեծ արժեքն է լինելու։ Մարդուն ազատություն տալը, մարդու համար պայմաններ ստեղծելը, որպեսզի բարեկեցիկ կյանքով ապրի, ամենամեծ արժեքն է լինելու։ Մենք անպայման մեր ժողովրդին տալու ենք ազատություն կարիքից և ազատություն վախից։ Մենք առաջարկում են մի ծրագիր որը կոչվում է «365 օր. անենօրյա փոփոխությունների ժամանակացույց»։ Դա խոսում է այն մասին, որ զօրուգիշեր մեր բոլորիս համազգեստը լինելու է այնպիսի հագուստ, որը ձերն է, մեր բոլորիս հագին լինելու է դաշտային համազգեստ, որպեսզի ամրապնդենք մեր սահմանները և ձեր կողքին լինենք։

Տեսանյութը՝ այստեղ։

***

Եղեգնաձոր քաղաքից դաշինքի անդամները հասան Վայք։ Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը և Սեյրան Օհանյանը Վայքի բնակիչներին են ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ։

Արմեն Մարտիրոսյանը վայքեցիների առաջ իր ելույթում նշել է՝ տարվա վերջին Հայաստանի արտաքին պարտքը հասնելու է 6.2 մլրդ–ի, իշխանությունները չկարողացան ոչ թոշակները և ոչ էլ աշխատավարձերը բարձրացնել, Արցախի հարցում ունենք հակահայ բանաձևեր, այդ թվում՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված։

–Մենք եկել ենք առաջարկելու իրակա՛ն այլընտրանք,–հավելել է Մարտիրոսյանը,–3 փորձառու պետական գործիչներ այսօր միասին ցանկանում են դուրս բերել Հայաստանն այս վիճակից, անձինք, ովքեր միասին խորհրդանշում են Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը։

Սեյրանը Օհանյանը նշել է՝ այս տարիների ընթացքում՝ քաղաքական էլիտաներ ձևավորելու ժամանակ, պետք էր մեկը մյուսի դրականի վրա հենվելով, մեկը մյուսի սխալները, թերությունները հաշվի առնելով՝ կազմակերպել մեր պետական համակարգը։

–Բայց 25 տարի մեր քաղաքական էլիտան չի փոխվել։ Ժամանակակից աշխարհում, քաղաքակիրթ բոլոր երկնրերում ընտրությունները հենց այդ նպատակն ունեն, որպեսզի քաղաքական ուժերի փոփոխությամբ թարմություն մտնի կյանքում՝ թարմ գիտելիքներ, թարմ հմտություններ, ունակություններ, փորձ, որոնք տվյալ երկիրը կարող են տանել դեպի առաջընթաց։ Ես սա բացատրում եմ նրա համար, որպեսզի մենք բոլորս հասկանանք՝ եկել է պահը արմատական փոփոխությունների։ Մենք դանդաղ չենք կարող շարժվել։ Տվյալ տարածաշրջանում, որտեղ մենք ունենք չափազանց դժվար, բարդ ռազմաքաղաքական իրավիճակ, մենք պարտավոր ենք թռիչքային փոփոխություններ անել, թռիչքային աճ ապահովել մեր երկրի համար,–հավելել է Ս. Օհանյանը։

Տեսանյութը՝ այստեղ։

***

Դաշինքի անդամները հասան Սիսիան քաղաք։

Տեսանյութն՝ այս հղումով։

***

Դաշինքն այժմ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է։

Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ դաշինքը չի հրաժարվելու իր պայքարից.

–Իշխանությունների ցանկացածը չենք անելու՝ չե՛նք հրաժարվելու քարոզարշավից, քանի որ մեր մոտեցումները պիտի հասցնենք ամբողջ Հայաստանին, մեր քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն։ Ոստիկանությունը պետք է ծառայի բացառապես օրենքին և ժողովրդին։ Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, որոշ ոստիկանների անպատժելիության հետևանք է։ Խստիվ դատապարտում ենք և պահանջում օրինականության վերականգնում։ Իշխանություններն այլևս տապալել են նորմալ ընտրություններ անցկացնելու իրենց վրա դրված օրինական պարտականությունը և միջազգային գործընկերնրի կողմից տրված հանձնառությունը։ Եթե 2 օր առաջ Լևոն Երանոսյանի եղբայրը պատժվեր անօրինական կերպով զենք կրելու, մարդկանց տան վրա հարձակվելու համար, այսօր այս դեպքը չէր լինի։ Ոստիկանությունը չպետք է լինի պատժիչ օղակ հասարակության և ժողովրդի վրա, որն իր հարկերից ու մուծումներից ոստիկանությանն աշխատավարձ է տալիս, նրա դերը պիտի լինի հանցագործության դեմ պայքարը, ոչ թե անօրինական իշխանությունների պաշտպանությունը։ Այս հանձնառությունը «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը կյանքի է կոչելու իշխանության գալուց, անարդարությունը Հայաստանում վերանալու է։

Վարդան Օսկանյանը նշել է՝ ապրիլի 2–ին ժողովուրդն իրոք այլընտրանք ունի այսօրվա գործող իշխանություններին։

–Իշխանափոխության հրամայականն այսօր արդեն այժմեական է։ Մենք եղել ենք իշխանության մաս տարբեր ժամանակներում, և հավատացեք, որ դա մեր ուժեղ կողմն է։ Այսօր տարբեր մարդիկ դա շահարկում են, քանի որ իշխանություններն այնքան են վարկաբեկված, որ ընդհանրապես ցանկացած ժամանակաշրջանում իշխանության մեջ լինելը, բնականաբար, ներկայացնում են որպես վարկաբեկում։ Եթե դու քո՝ իշխանության մեջ եղած ժամանակ քեզ ճիշտ ես դրսևորել, քեզ արդեն տարբերակում են մյուսներից։ Առաջին, եթե երբեք չես չարաշահել քո պաշտոնը, պետության ընձեռած հնարավորությունները քո անձնական նպատակների համար, մի բան, որ մենք երեքս էլ երբեք չենք արել։ Երկրորդ՝ որ ինչ–որ ճիշտ պահի երբեք չես փորձել կառչած մնալ քո աթոռից. քո գործն արել ես, ժամանակդ ավարտել ես, ասել ես ցտեսություն և գնացել ես։ Եվ վերջապես, երրորդ՝ եթե քո պաշտոնավարման ընթացքում ձեռքբերումներ ունես, հաջողություններ ունես, երկրին իսկապես օգուտ ես տվել։ Նայե՛ք բանակին, ինչն այսօր ամենակայացած կառույցն է, դրա հիմքերում Սեյրան Օհանյանն է, արտաքին գործերի մասով 1998–2008թթ. կան մեծ ձեռքբերումներ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է ամրագրվել, 15 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և արտաքին քաղաքականությունը ի գործ է դրվել՝ հօգուտ երկրի տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման։ Այնպես որ, Կառավարության մեջ լինելու մեր փորձը միայն ու միայն ուժեղացնում է մեզ։

Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտել է՝ այս պահը վճռական է, և պետք է համատեղ որոշում ընդունենք, ինչի համար պետք է գնահատենք իրադրությունը։

–Արդյոք ՀՀ իրավիճակն այնպիսի՞ն է, որ մենք կուրորեն գնանք նախկին իշխանությունների հետևից, արդյոք նրանք ստեղծե՞լ են այն պայմանները, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանա։ Կուրորեն գնալ քաղաքական այն ուժի հետևից, որը երկար տարիներ ղեկավարել է, դառնում է անիմաստ։ Հենց դա է պատճառը, որ նույն կառավարման համակարգում լիենլով՝ ես ինքս որոշում եմ ընդունել դուրս գալ այս ոչ արդար խաղից, հրաժարվել այն բոլոր պաշտոններից, որ առաջարկվել են ինձ, և լինել ժողովրդի կողքին։

Գորիսի բնակիչներին է դիմել նաև դաշինքից պատգամավորության ռեյտինգային թեկնածու Մատվեյ Ղազարյանը.

––Ես չեմ խոսի այն խնդիրների և հոգսերի մասին, որոնք այսօր ժողովրդի և պետության առջև են։ Ցանկացած 2 գորիսեցի իրար հանդիպելով՝ հենց այդ խնդիրներն են վեր հանում, բոլորն իրազեկված են։ Ես կխոսեմ այն ճանապարհի մասին, որ գնալու ենք, և կարողանալու ենք լուծել այդ խնդիրները։ Ցավ ենք ապրում մեր գյուղերի դատարկման համար, ցավ ենք ապրում, երբ զավակները ծնողներից հեռու են, հայ ընտանիք է կործանվում, ցավ ենք ապրում, երբ տատիկներն ու պապիկներն իրենց թոռների հետ չեն խաղում, քանի որ օտարության մեջ են, ցավ ապրում ենք այն հաշմանդամ ազատամարտիկի համար, ով Մալաթիայի շուկայի առջև գուլպա է վաճառում և արցունքն աչքերին խնդրում գոնե մեկը գնել՝ գուցե օրվա հացի վաստակն ունենալու համար։

Մանրամասն՝ այստեղ



7or.am

Այս խորագրի վերջին նյութերը