Քաղաքական

12.01.2010 16:37


Արտաշես Գեղամյանը շնորհակալություն է հայտնել ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին

Արտաշես Գեղամյանը շնորհակալություն է հայտնել ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին

Երբ այսօր «7օր»-ը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին խնդրել է գնահատել թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունները, նա առաջարկել է ծանոթանալ «Առավոտ» օրաթերթին տված իր հարցազրույցին։

«Եթե փորձենք անկողմնակալ գնահատել ընտրությունների ընթացքը, ապա պետք է նշեմ, որ այս ընտրություններով ՀՀ-ում մեկնարկեց քաղաքական նոր մշակույթի ձևավորումը։ Պարզեցնեմ միտքս. թերևս առաջին դեպքն է, երբ իշխանության մաս կազմող կուսակցությունները, ի դեմս հանձնաժողովներում ընդգրկված իրենց ներկայացուցիչների, դրսևորեցին բացառապես անկողմնակալ վերաբերմունք, վեր կանգնեցին ներկուսակցական որևէ շահից և իրենց զսպվածությամբ, պրոֆեսիոնալ գործողություններով հնարավորինս արեցին ամեն ինչ, որ ընտրություններն անցնեն «Ընտրական օրենսգրքի» և ՀՀ Սահմանադրության պահանջներին համահունչ։ Օգտվելով առիթից՝ ես շնորհակալությունս եմ հայտնում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։ Մեր բազմաթիվ դիտորդները և վստահված անձինք, գիշերը կուսակցության գրասենյակում ամփոփելով արդյունքները, ասացին, որ պետք էր մեծ քաղաքական գիտակցություն ունենալ, պետք էր մեծ պորֆեսիոնալիզմ ունենալ՝ դիմադրելու համար այն բազմաթիվ սադրիչ գործողություններին, որոնք փորձում էին իրականացնել ՀԱԿ-ի ներակայցուցիչները։ Վերջիններիս նպատակն ամենևին էլ այն չէր, որ ընտրություններն անցնեն ԸՕ-ի պահանջներին համապատասխան, այլ միակ նպատակն էր բոլոր 34 տեղամասերում սադրիչ գործողություններ իրականացնել՝ խոչընդոտելով ընտրությունների բնականոն ընթացքը։ Եվ պատահական չէր, որ առանձին ընտրողների ու վստահված անձանց հմաբերության բաժակը լցվեց այն աստիճան, որ հարկադրված եղան անցնել ձեռնամարտի,-այդ հարցազրույցում ասել է Ա. Գեղամյանը և շարունակել.

-Երբ մանրամասն պատմեցին, թե ինչ պայմաններում է Պետրոս Մակեյանի կողմից հրահրվել բառիս իսկական իմաստով այդ խուլիգանական դրսևորումը, ապա մենք հերթական անգամ համոզվեցինք, որ այդ մարդիկ այդպես էլ դասեր չքաղեցին իրենց սադրիչ գործողություններով հրավիրված՝ 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգությունից։ Երբ մենք գործընկերներով քննարկում էին այդ հարցը, ականատեսները մանրամասն պատմեցին, թե ինչ վիրավորական հայտարարությամբ է հանդես եկել Պետրոս Մակեյանը հավաքվածների նկատմամբ։ Լսելով այդ ամենը՝ յուրաքանչյուրս, անգամ իսկ լինելով պապիկ, եթե լինեինք այնտեղ, ես չեմ բացառում, որ կդիմեինք նույն քայլերին, ինչին հարկադրված դիմել են դեպքերի վայրում գտնվողները։ Գուցե առանձին գյուղաբնակ վայրերում ընդունված է մարդուն անձնական վիրավորանք հասցնել, հայհոյել, ոչ թե վարած քաղաքականությանը, այլ անձերը վիրավորող հայհոյախոսել և մնալ անպատիժ։ Սակայն Երևանի կենտրոնում այդ բարքերը չեն անցնում, և վերստին մենք ականատեսը եղանք, թե այդ բարքերն ինչ վախճան են ունենում։ Մեկը միտումնավոր, մի քանի անգամ ամենասուր անձնական վիրավորանքի է ենթարկում դիտորդներին, հայհոյախոսում է երկրի երկրորդ և գործող նախագահներին։ Մինչդեռ այդտեղ մարդիկ կային, ովքեր անցել էին Ղարաբաղի ազատամարտի բովով, այդ մարդկանց համար գերագույն գլխավոր հրամանատարը դատարկ խոսք չէ, նրանք այդ հայհոյանքն ընդունել էին որպես անձնական վիարավորանք և արել էին այն, ինչի ականատեսը եղանք։ Եվ մարդ պետք է տղամարդկություն ունենան՝ խոստովանելու, որ այս անգամ սադրանքը չանցավ, որովհետև գործ ունեին ոչ թե այս կամ այն գյուղի հեռավոր բարքերի հետ, այլ Երևանի կենտրոնի բնակիչների հետ։

Ա. Գեղամյանը նաև նշել է, որ խորհրդարանում իրենց պատգամավորը՝ Արա Սիմոնյանը, անշուշտ կհամագործակցի ՀՀԿ խմբակցության հետ բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք պայմանավորված են ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերով։

-Եթե ուշադիր եք եղել, մեր նախընտրական ծրագրերը շատ համահունչ կետեր ունեն։ Ինչ վերաբերում է կառավարության ծրագրերին, ապա մեր կուսակցությունը լուրջ դիտողություններ ունի։ Այդ ամենի մասին, կարծում եմ, Արա Սիմոնյանը կկարողանա խոսել ԱԺ ամբիոնից՝ լինելով շատ կիրթ անձնավորություն,- նշել է ԱՄ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը