Քաղաքական

12.03.2017 09:50


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Արմավիրի մարզ (տեսանյութ, լրացված, ֆոտոշարք)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Արմավիրի մարզ (տեսանյութ, լրացված, ֆոտոշարք)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Արմավիրի մարզ։ Այսօր հանդիպումներ են նախատեսվում Գրիբոյեդովի, Ջրառատի, Արմավիրի, Էջմիածնի, Եղվարդի, Զովունու բնակիչների հետ։

***

Արմավիրի մարզում դաշինքի առաջին կայանը եղել է Գրիբոյեդով գյուղը։ Դիմելով վերջինի բնակիչներին՝ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ հայ ժողովուրդը հազար տարվա ընթացքում ունեցավ իրական հաղթանակ՝ հող ազատագրեց, և այժմ Արցախը որևէ մեկին հանձնելու իրավունք չունենք։

–Բայց այժմ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով սրվել է մեր անվտանգության խնդիրը։ Արցախը Հայաստանի մի մասն է, մեր պարիսպը, որը որևէ մեկի իրավունք չունենք հանձնելու, ինչպես հանձնեցինք Ղարսը, անառիկ ամրոցը նվիրեցինք հերթական պրոպագանդայի արդյունքում, և հիմա սահմանից այն կողմ է Ղարսը։ Իրավունք չունենք Արցախը նվեր տալու, եթե նվիրեցինք, պաշտպանելու ենք Երևանի մատույցները, Արցախը պահեցինք, նշանակում է՝ զարգացում է լինելու. Արցախը մեր զարգացման բանալին է։ Սուտ է, որ ասում են՝ Արցախը խոչընդոտ է լինելու,–ասել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մեր զարգացման բանալին են նաև արդարությունն ու ազատությունը երկրում, որ յուրաքանչյուր անձ չմտածի, որ գործ սկսելու դեպքում ինչ–որ մեկը կարող է գալ ու փայ մտնել, հանգիստ խղճով գործարաններ բացի։

ՀՀ նախկին արտգործնախարար, դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը բնակիչներին ուղղված իր խոսքում շեշտել է՝ ապրիլի 2–ին սուրբ գործ ունենք անելու՝ գործող ուժին իշխանությունից հեռացնել, որը ձեռքն ուր դրել է՝ տապալվել է։

–Ցանկացած ոլորտում, ցանկացած ուղղությունում որևէ ձեռքբերում, որևէ հաջողություն չկա. անգործության մատնված, ամենաանհաջող իշխանությունն է։ 8 տարվա ընթացքում ՀՆԱ–ն 1 տոկոսով անգամ չի աճել, միայն հետ ենք գնացել, բյուջեն 3 մլրդ–ից պակաս է, արտաքին պարտքը մեծացել է, աղքատությունն է մեծացել, այսօր չեն խոսում Ղարաբաղի ինքնորոշումից, այլ տարածք վերադարձնելուց, այս իշխանություններն իրենց սպառել են մինչև վերջ, դրա համար եմ ասում՝ ապրիլին իսկապես սուրբ գործ ունենք անելու։

Վ. Օսկանյանը հավելել է՝ ժողովուրդը լավ այլընտրանք ունի՝ ի դեմս «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի, որը լավ տեսլական ունի, գիտի՝ ինչպես երկիրն այս վիճակից դուրս բերել, համախմբելու է Սփյուռքը, Հայաստանն ու Ղարաբաղը, մարմնավորում է այդ եռամիասնությունը և Հայաստանը դարձնելու է աշխարհասփյուռ հայության վերջին հանգրվանը, տունը։

ՀՀ ՊՆ նախկին ղեկավար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, դիմելով բնակիչներին, ասել է.

–Մենք իրոք ժառանգություն ենք ստացել մեր պապերից և մեր հայրերից մի այնպիսի երկիր, որի զարգացումն ու առաջընթացն ամենակարևոր բանն է: Մենք մեր պապերից և մեր հայրերից ստացել ենք հայրենասիրական այնպիսի հատկանիշներ, որ մեր սերնդակիցները, ազատամարտիկները, մարտական ընկերներն Արցախյան ազատամարտի ժամանակ, կրկնելով նրանց սխրագործությունները, կարողացան մեզ համար չափազանց կարևոր հաղթանակ բերել: Այտեղ են հանգչել նաև մեր մարտական ընկերները, և այս վայրը բոլորիս համար պատասխանատու վայր է: Մեր դաշինքի զգալի մասն են կազմում բազմաթիվ ազատամարտիկներից ձևավորված հասարակական կազմակերպությունները, որոնց մեջ հմուտ հրամանատարներ կան, չափազանց պատրաստված զինվորներ, որոնց համար մեր հայրենիքի ճակատագիրը կարևոր է: Մենք իրականության մեջ ձևավորել ենք մի թիմ, որը փորձառություն ունի: Այսօր՝ այս ընտրությունների նախաշեմին, մեզանից յուրաքանչյուրս, ամբողջ ժողովուրդը պետք է որոշում ընդունի՝ ում պետք է տանք մեր ձայնը: Սուտ են այն խոսակցությունները, որ ընտրությունների միջոցով չի կարելի հասնել հաղթանակի; Հենց ընտրությունների միջոցով կարելի է հասնել փոփոխությունների, հաղթանակների: Կարելի է կեղծել ընտրությունները, վաճառել ձայնը, բայց արդյոք արժե՞ մեր ապագան և մեր երեխաների ապագան վաճառել: Քաղաքական այս ուժը, փորձառությունից բացի, ունի նաև բարոյական կերպար: Փորձառությունն արտահայտվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ըմբոստ կեցվաքով, հայրենասիրությամբ և ձեռք բերված մեծ վստահությամբ ժողովրդի կողմից: Փորձառությունն արահայտվում է Վարդան Օսկանյանի դիվանագիտական մեծ հմտություններով, բանակցելու լավագույն պաշարներով և նաև՝ լավագույն կերպարով՝ որպես ազնիվ անձնավորություն: Դաշինքի մեջ է նաև Արմեն Մարտիրոսյանը, ով իր կյանքը նվիրել է մեր հայրենիքին ծառայելուն: Յուրաքանչյուր դժվար պահի, վատ իրադարձությունների ժամանակ այդ իրադարձությունների կիզակետում է գտնվել՝ պաշտպանելով մեր ժողովրդին, հասարակ մարդուն: Մեր գաղափարների հիմքում լինելու է մարդը: Մեր գաղափարի հիմքում են ձայնի, դավանանքի ազատությունը, բերելու ենք նաև ազատություն կարիքից և ազատություն վախից: Ժողովրդի ձեռքի զենքը, որով նա պետք է կռվի, բարեկեցիկ կյանք ստեղծի, մեր տնտեսությունն է, որի համար մենք լավագույն ծրագրի մաս ենք ներկայացրել: Անվտանգության խնդիրները ևս մեր գործունեության հիմքում են գտնվելու: Իմ ծառայության ժամանակահատվածում բավականին լուրջ միջոցառումներ ենք մենք իրականացրել: Իմ ղեկավարության ընթացքում պետական մակարդակի մի քանի զորավարժություն է անցկացվել, որոնցից վերջինը «Շանթ 2015»-ն էր: Իմ ղեկավարության ժամանակ մի գլուխ բարձրացել է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, այն սկզբունքով, որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Իմ ղեկավարության ժամանակ լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկել արդարությունն ամրապնդելու, անարդարության դեմ պայքարելու, բանակում գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու, որոնք արտահայտվել են կադրային քաղաքականության մեջ, սոցիալական խնդիրներում, նյութատեխնիկական ապահովման և նաև մարդկային ռեսուրսների կառավարման, հատկապես զորակոչի իրականացման հարցում: Ես սա ասում եմ նրա համար, որ ապագա ընտրություններում ձայնը տալու համար գոնե մեկ գործոն պետք է դեր կատարի՝ այս մարդիկ ինչ են արել իրենց ղեկավարման տարիներին:

Տեսանյութը՝ այստեղ։

***

Արմավիրի մարզում դաշինքի հաջորդ կայանը Ջրառատն էր։

–Դաշինքում կայացած, կենսափորձ ունեցող քաղաքական գործիչներ են, առանց անձնական ամբիցիաների, որոնք կարողանում են լուծումներ առաջարկել շատ կարճ ժամանակահատվածում այս ճգնաժամային վիճակից դուրս գալու համար։ Մենք գնում ենք «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով։ Մեր պապերը մեզ տվել են ժառանգություն Հայաստանի այս փոքր մասը, Արցախը՝ մեր եղբայրների, հայրերի ջանքերով, և հիմա մենք այդ ժառանգությունը շատ բարվոք վիճակում պիտի փոխանցենք մեր սերունդներին։ Համախմբում, որովհետև ոչ միայն մեր թիմակիցների կուսակցության անունն է, այլ որ պիտի համախմբվեն Հայաստանը, Արցախը և Սփյուռքը, որովհետև մեր գործունեության հիմքը միասնականությունն է, համախմբված պիտի լինեն զինվորը, քաղաքացին ու բնակիչը։ Հաղթանակ, որովհետև առանց հաղթանակի զարգացում չենք կարող ունենալ։ Այն միայն մարտադաշտում չէ, հաղթանակը բոլոր այն ձեռքբերումներն են, որոնց կարող ենք հասնել մեր գործունեության մեջ, հաղթանակ է պետք այսօր կառավարման համակարգում, որպեսզի փոխենք իրերի այն դրությունը, որ կա Հայաստանում, քաղբանտարկյալներ չպիտի լինեն, պիտի ունենանք անկախ, արդար դատարաններ, պետք է «ո՛չ» ասենք համակարգային կոռուպցիային, օրինականացված կոռուպցիա են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, այլևս չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ–ն ու Սերժ Սարգսանն իշխանավարեն, դա նշանակում է աղքատություն, արտագաղթ, քաղբանտարկյալների թվի աճ, պարտքի մեծացում, երկրի կործանում։ Երկիրը միայն ռումբերից չի կործանվում, կործանվում է նաև, երբ ամանայում է։ Հերի՛ք է,– ջրառատցիներին է դիմել Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը գործում է իր՝ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսին հակառակ։

Վարդան Օսկանյանը ջրառատցիներին խոստացել է մեծ գումարներ բերել դրսից Հայաստան, որը բազմաթիվ ռեսուրսներ ունի։

–Ամեն տարի 1,5 միլիարդից մինչև 2 միլիարդ հնարավոր է Հայաստան ներդրում և դրամաշնորհ բերել, ոչ թե պարտք, այլ ներդրում: Ես դա անձամբ եմ արել իմ իշխանության ժամանակ, երբ դա իմ աշխատանքն էր: Քըրք Քըրքորյանն է եկել, 400 միլիոն ներդրում է արել Հայաստանում, Գաֆեսճյանն է նույնը արել, և բազմաթիվ այլ նվիրատուներ, բարեգործներ և ներդրողներ: Այդ մարդիկ կան, նրանց նմանները շատ են: Ռուսաստանում մեր հայրենակիցները նույնպես պատրաստ են: Մենք գումարի խնդիր չունենք: Նման ծրագրով, նման արդար կառավարմամբ, նման ազնիվ իշխանավորներով հավատացե՛ք՝ շատ արագ շատ բան կարելի է փոխել: Այս դաշինքով ես ուզում եմ, որ դուք տեսնեք այդ եռամիասնության խորհրդանիշը՝ Արցախ-Սփյուռք-Հայաստան: Ես, Սեյրան Օհանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը մարմնավորում ենք այդ միասնությունը: Մենք Հայաստանը դարձնելու ենք ոչ միայն Հայաստանում մնացած 2-3 միլիոն մեր հայրենակիցների տունն ու հայրենիքը, այլ ողջ հայության, 10–միլիոնանոց հայության, աշխարհասփյուռ հայության վերջին հանգրվանը: Հավատացե՛ք մեզ,–ասել է Վ. Օսկանյանը՝ կոչ անելով բնակիչներին իրենց ձայնը տալ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին։

Սեյրան Օհանյանը, դիմելով ջրառատացիներին, ասել է՝ դաշինքի համար մեծ պատիվ է գտնվել նրանց գյուղում, լինել ժողովրդի կողքին:

–Մենք միանգամից ընտրելու ենք ՀՀ ամբողջ իշխանությունը՝ Ազգային ժողով, նախագահ, Կառավարոթյուն, դրա համար մեզանից յուրաքանչյուրը լուրջ հետևություններ և ուսումնասիրություններ պետք է անի: ՀՀ-ում տիրող իրականությունն առիթ է տալիս մեզ ասելու, որ մեզ կտրուկ փոփոխություններ են պետք: Եթե դրանք չլինեն, մենք լճացման մեջ են լինելու բոլոր առումներով: Մենք շատ դանդաղ քայելով ենք առաջ գնում: Մեր առաջ գնալը նման է այն գործին, որը կոչում են մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ: Դա մեզ ձեռնտու չէ, մեզ թռիչքային աճ է պետք: Մենք խոսք ենք տալիս, որ մենք ձեր հետ զգալու ենք այդ հաղթանակի ուրախությունը, և խոսք ենք տալիս որ մեր ժողովրդի առաջ հաշվետու ենք լինելու, ինչի համար պետք է նրանց շարքերում լինել, նրանց մեջ, զգալ այն դաժանություններն ու դժվարությունները, որոնք մեր ժողովուրդը տանում է իր առօրյա գործունեության ընթացքում: Մեզ այսօր կառավարման համակարգում անհրաժեշտ են համարձակ, անկոտրում, բարոյապես ազնիվ մարդիկ, որոնց համար, գործից բացի, ոչինչ և ոչ ոք կարևոր չէ: Մեզ համար միայն ու միայն կարևոր է լինելու հայ մարդը, մեծագույն արժեքը լինելու է ՀՀ քաղաքացին: Մենք ազատություն ենք տալու բոլոր մարդկանց իրենց իրավունքների շրջանակներում, ամենամեծ սեփականությունը մարդու արժանապատվությունն է լինելու, որի համար մենք պայքարելու ենք, բայց, միևնույն ժամանակ, բանակային վճռականությամբ մենք պայքար ենք մղելու բոլոր արատավոր երևույթների դեմ՝ անարդարության, կոռուպցիայի, կաշառակերության, մենաշնորհների, այն բոլոր բացասականի, ինչը դանդաղեցնում է մեր առաջընթացը և զարգացումը: Մենք ծառայելու ենք Հայաստանին և հայ ժողովրդին: Հավաստիացնում եմ ձեզ՝ այդ գործը մենք մինչև վերջ ենք տանելու: Դրա համար ամուր բռունցք է պետք է, և մենք ունենք այդ ամուր բռունցքը: Մեր գործունեության հիմնական սկզբունքները լինելու են օրինականությունը, արդարությունը, իսկ իմ համար ամենակարևոր սկզբունքը՝ կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին, և ես անելու եմ ամեն ինչ, որ ձեր պատվին ոչ ոք չդիպչի։

Տեսանյութը՝ այստեղ։

***

Դաշինքի անդամները Ջրառատից հասան Արմավիր քաղաք։

Արմեն Մարտիրոսյանը, շնորհակալություն հաղորդելով արմավիրցիներին ջերմ ընդունելության համար, հայտնել է, որ այդ ջերմությունը փոխադարձ է, և «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը ստեղծվել է ժողովրդի կողքին լինելու համար։

Անդրադառնալով ՀՀԿ–ի գործունեությանը՝ Ա. Մարտիրոսյանը նշել է՝ բացի 3–4 բնագավառից՝ որևէ ոլորտում այդ կուսակցությունն առաջընթաց չի ունեցել.

–Այդ չակերտավոր առաջընթացն էլ եղել է արտագաղթի ծավալներով։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին պաշտոնապես 350.000 արտագաղթող է եղել, աղքատությունը 34 տոկոսի է հասել, իսկ եթե կենսապահովման նզավագույն զամբյուղով հաշվենք, ապա՝ 70 տոկոսից ավելի, արտաքին պարտքը 6 մլրդ–ի է հասել 1.8 մրդ–ից, և վերջապես Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին խիստ ավելացավ քաղբանտարկյալների թիվը։

Ա. Մարտիրոսյանն ընդգծել է՝ ՀՀԿ–ն միշտ գործել է իր կարգախոսին հակառակ.

–Ասել են «Ապահով Հայաստան», դարձել ենք ամենաանապահովը, ասել են «Առա՛ջ, Հայաստա՛ն», Հայաստանը հետ է գնացել, հիմա էլ ասում են «Անվտանգություն և առաջընթաց», և սա նշանակում է, որ մենք շատ վտանգավոր շրջանում ենք ապրելու նրանց իշխանության տարիներին, և առաջընթացի փոխարեն հետընթաց ենք ապրելու։

Արմավիրցիներին ուղղված իր խոսքում Սեյրան Օհանյանն ասել է.

–Առանձնակի ջերմությամբ էր Արմավիրի մարզում կազմակերպված ընդունելությունը, առանձնակի ջերմությամբ էլ մեր սրտերում պատասխանատվություն է ձևավորվելու ձեր նկատմամբ: Մենք եկել ենք այստեղ թիմով, որը փորձառություն ունի: Իմ ղեկավարության ընթացքում բանակում բազմաթիվ դրական երևույթներ են կատարվել՝ սկսած ռազմավարական պլանավորումից մինչև արդարության ամրապնդում: Իմ ղեկավարության ժամանակ, 2008թ. սկսած, անցկացվել են պետության մասշտաբով զորավարժություններ ոչ միայն բանակի, այլ նաև մնացած պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների հետ՝ մեր ընդհանուր պատրաստությունը ագրեսիայի դեմ բարձրացնելու համար: Հատկապես ուշադրությունը մեր մարտական ընկերների նկատմամբ բերել է նրան, որ մենք նրանց հետ կապված հատուկ ծրագիր ենք մշակել՝ ուշադիր լինել նրանց, աշխատատեղեր ստեղծել նրանց համար, հասարակության մեջ բարձրացնել նրանց դերն ու նշանակությունը, ինչպես նաև մի քանի սոցիալական խնդիրներ լուծել: Պահեստազորում գտնվող սպաների բնակարանային հարցը շատ կարճ ժամանակահատվածում է լուծվելու, նաև շուրջ 2000 հոգի հերթացուցակում գտնվող, զոհված և հաշմանդամ դարձած մեր մարտական ընկերների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար դրամական փոխհատուցումները, որոնք շուրջ 18,000 դրամ են:

Արմավիրցիներին է դիմել նաև «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից այդ ընտրատարածքում պատգամավորության ռեյտինգային թեկնածու Գագիկ Մարգարյանը.

–Վերջին համապետական ընտրություններին մենք հաղթեցինք, և ոչ թե Հանրապետական կուսակցությանը, այլ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Հաղթեցինք նախագահական ընտրություններում, հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցությունով: Հիմա պատկերացրեք՝ «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, կա, ավելին՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսկցությունը՝ Վարդան Օսկանյանի հետ միասին, և հաղթանակը, ի վերջո, Սեյրան Օհանյանի հետ: Մենք հաղթելու ենք: Պետք է իմանալ, որ այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են, անհատի ընտրություններ չեն: Ընտրելուց առաջ մտածեք խղճին համապատասխան։

Վարդան Օսկանյանը, դիմելով արմավիրցիներին, նշել է՝ դաշինքի անդամները կարող էին ընտրել խաղաղ, հանգիստ կյանքը, բայց տարիներով կուտակված փորձը հարկավոր է վերադարձնել ժողովրդին, և դաշինքի անդամները զգում են, որ կարող են բան փոխել.

–«365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց». սա մեր ծրագիրն է. այն քրտնաջան աշխատանք է՝ ամենօրյա, ամենժամյա, հավատացեք, որ հնարավոր է շատ բան փոխել երկրում։ Մենք դատապարտված չենք այսպես ապրելու։ Այսօր այս վիճակի պատճառն իշխանությունն է, նրանց անգործությունը։ Նրանց 2 բան են հետաքրքում՝ աթոռը և փողը, և ինչքան երկրի վիճակը ծանրանում է, իշխանություններն այնքան ավելի են կառչում աթոռից, Սահմանադրություն փոխելով՝ մեր երեխաների ապագայի հետ են խաղում, նոր Ընտրական օրենսգիրքը, ռեյտինգային ընտրակարգն արվել են վերարտադրվելու համար։

Վ. Օսկանյանը հավաստիացրել է՝ դաշինքում կան նվիրում, ազնվություն, փորձ, գիտեն խնդիրներն ու պատկերացնում են դրանց հստակ լուծումները, շատ արագ կարող են վերականգնել ժողովորդավարությունը, արդարությունը, իրավահավասարությունը, վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կփոխվի, կհեշտանա ԼՂ հարցի լուծումը։

Տեսանյութը՝ այս հղումով։

***

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն Էջմիածին քաղաքում է։

–Քաղբանտարկյալների թվով Հայաստանը մրցում է Ադրբեջանի հետ, ամո՛թ մեր իշխանություններին, որ իրենց ցուցանիշը սա է, և եթե թույլ տանք՝ նրանք վերարտադրվեն, քաղբանտարկյալների թիվն ավելի է մեծանալու, աղքատությունը, արտագաղթը, անարդարություններն ու անազատությունն աճելու են, իսկ անազատ երկրում տնտեսություն չի կարող զարգանալ,–էջմիածնեցիներին է դիմել Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը ցանկանում է փոխել այս վիճակը, ունի այդ գիտելիքները, կամք, փորձառություն ու տեսլական։

Խոսելով դաշինքի անդամների մասին՝ Ա. Մարտիրոսյանը հիշեցրել է՝ Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էին մնալ ԱՄՆ–ում, խաղաղ կյանքով ապրել, դառնալ նահանգապետ, կոնգրեսական, հրաշալի դիվանագետ, սակայն եկան Հայաստան՝ իրենց կարողությունները ներդնելով ի փառս հայ ժողովրդի։ Սեյրան Օհանյանը կարող էր իր ծառայությունը շարունակել ռուսական բանակում, բայց վերադարձավ Արցախ, կանգնեց պայքարող ժողովրդի կողքին և իր զինակիցների հետ թույլ չտվեց, որ հայը ցեղասպանվի, որովհետև այդ պրոցեսն սկսվել էր Սումգայիթում, Բաքվում, կանգնեցրեց դա իր ազատամարտիկ ընկերների հետ, որոնք այսօր աջակցում են այս դաշինքին։

Էջմիածնեցիների առաջ ելույթով է հանդես եկել այդ ընտրատարածքում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից պատգամավորի ռեյտինգային թեկնածու Սուսաննա Գրիգորյանը.

–Ես ոչ մի անգամ չեմ մասնակցել ընտրությունների, չեմ հավատացել, ընդդիմացել եմ: Ես միշտ ձգտել եմ պայքարել մաքրության, ճշտի համար, չեմ հանդուրժել կեղտոտությունը, չեմ հանդուրժել Սերժ Սարգսյանին, որ միշտ ասում է՝ երկիրը տանում եմ առաջ, բայց բոլորից տարել է հետ: Ո՞ւր է նրա տված ազատությունը, շղթաներ է, որ հագցնում է բոլորի ձեռքերին, իսկ ով խոսում է երկրի ճշտի համար, ուղարկում է զնդաններ: Ես բոլորի ընտանիքներում տեսնում եմ խամրած աչքեր, ես չեմ տեսնում ուրախություն: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Բոլորս միավորվում ենք, որ կարողանանք հաղթել: Ոտքի՛ կանգնեք, որպեսզի այս երկրում այլևս չունենանք քաղբանտարկյալ: Մեր երկիրը պետք է լինի ազատ անկախ, համախմբված:

Վարդան Օսկանյանն Էջմիածնի քաղաքացիներին ուղղված իր խոսքում նշել է՝ այսօր շատ են շահարկում, որ դաշինքի անդամները եղել են իշխանության մեջ, մաս կազմել այս բոլորին,

–Իշխանության մեջ լինելն առավելություն է, եթե չես չարաշահել քո պաշտոնը, չես զբաղվել ինքնահարստացմամբ պետության հաշվին, և երբ պահը եկել է՝ լքելու պաշտոնը, չես փորձել կառչել աթոռից, և երբ աշխատանքի ընթացքում ձեռքբերումներ ես ունեցել։ Մենք՝ ես, Րաֆֆի Հովհաննսիյանը, Սեյրան Օհանյանը այդ չափանիշները բավարարել ենք, աշխատել ենք նվիրված, ազնիվ, երբևէ լսե՞լ եք, որ ասեն՝ մենք մենաշնորհներ ունենք, չկա այդպիսի բան, մենք մեր աշխատանքով այդ քննությունն անցել ենք,–ասել է Վ. Օսկանյանը՝ էջմիածնեցիներին ներկայացնելով «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ։

–Էջմիածինը մեր հոգևոր կենտրոնն է, իսկ մեր դաշինքի կազմում 7 կուսակցություններ են և 7 հասարակական կազմակերպություններ՝ աստվածային մի թիվ, որը ձեր հետ միասին աջակից է լինելու մեզ ՀՀ ապագա իշխանությունը ձևավորելու հարցում: Մենք չափազանց պատասխանատու ժամանակահատված ենք ապրում: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է լուրջ մտածի և իր քվեն տա այն ուժին, որի մեջ տեսնում է այն համարձակ, անկոտրում մարդկանց, այն բարոյական, ազնիվ մարդկանց, որոնց համար գործից կարևոր բան չկա: Այն մարդկանց, որոնք սկզբունքորեն են վերաբերվել իրենց գործունեությանը: Այսօր անվտանգության մասին խոսելիս մենք մեր առջև լուրջ ծրագիր ենք դրել: Յուրաքանչյուր երկրի ագրեսիայի դիմագրավման համար ներուժի 3 կարևոր բաղկացուցիչ մաս կա՝ տնտեսություն, բանակ՝ իր զորահավաքային ռեսուրսներով, և ռազմահայրենասիրկաան դաստիարակություն,– հավաքվածներին է դիմել Սեյրան Օհանյանը։

Տեսանյութը՝ այստեղ։

Ֆոտոշարքը՝ «Zham.am»–ի

Հիշեցնենք՝ նախօրեին էլ դաշինքի անդամները երևանի Ավան և էրեբունի վարչական շրջաններում էին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը