Մեկնաբանություն

12.03.2017 10:45


Ախր, սիրելի՛ ժողովուրդ, որ իմանանք՝ ինչ պետք ա ասենք, կասենք...

Ախր, սիրելի՛ ժողովուրդ, որ իմանանք՝ ինչ պետք ա ասենք, կասենք...

Վեցօրյա նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ իշխող ուժը ընտրողներին ասելիք չունի: Եվ նմանվել է հայտնի ֆիլմի հերոսին՝ «Ախր, որ իմանամ՝ ինչ պետք ա ասեմ, կասեմ, բայց որ չգիտեմ՝ ինչ պետք ա ասեմ, ի՞նչ ասեմ...»:

Պարզ է, անցած տարիներին ոչ մի ակնառու գործ չեն արել, տրված բազմաթիվ խոստումները չեն կատարել, ինչի հետևանքով երկրում և ժողովրդի կյանքում վիճակն ավելի է վատացել: Շարունակական հետընթաց արձանագրելուց հետո դժվար բան է գալ ու կանգնել ժողովրդի դիմաց ու ասել՝ ի՞նչ կլինի՝ էս անգամ էլ մեզ վստահեք: Այդ պատճառով էլ իշխող ուժը քարոզարշավային մարտավարություն ընտրելիս շեշտը դրել է հայտնի ու անհայտ, հարգված ու վարկաբեկված, հեղինակավոր և հեղինակազուրկ անձերին քարոզչական բեմահարթակում ցուցադրելու վրա: Ճիշտ, ինչպես կրկեսի արենայում ենք տեսնում, հիմա նույնը ցուցադրում է Հանրապետականը՝ կարծելով, թե այդ դեմքերով կկարողանա քողարկել անցած տարիներին թույլ տրված խայտառակ ձախողումները, սխալներն ու բացթողումները: Այնինչ, մարդիկ «խոտ չեն ուտում», և հանրությունը օգտագործվող դեմքերին տեսնելով՝ չի գայթակղվում: Հակառակը, զայրույթն ավելի է ուժգնանում:

ՀՀԿ-ի և նրա ղեկավարի կողմից քարոզարշավային հաջորդ «տրյուկը» ավելի քան սպասելի էր: Այն, որ փորձելու էին դահլիճային կամ բացօդյա նախընտրական հանդիպումների համար «մասովկա» ապահովել: Այնպիսի «անլեզու մասովկա», որը չի խորանա ու չի փորձի հարցերի միջոցով պարզել, թե ինչո՞ւ անցած 9 տարիներին ՀՀԿ ղեկավարին չհաջողվեց իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին հպարտորեն հայտարարում էր (նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում, համահայկական հիմնադրամի ստեղծում, աղետի գոտու վերացում, սահմանագոտում կուտակված հիմնախնդիրների լուծում և այլն):

«Մասովկան» նրա համար է, որպեսզի այդպիսի տհաճ հարցերով չհարամի քարոզարշավը: «Մասովկան» ոչ էլ իրավունք ունի հարցնելու, թե ինչո՞ւ է արտաքին պարտքը քառապատկվել, ինչո՞ւ է երկրից հեռացել ավելի քան 300 հազար մարդ, ինչո՞ւ են ներդրումները նվազել, ինչո՞ւ է աղքատությունը աճել և այլն:

Որ «մասովկան» նման հարցեր չպետք է բարձրացներ՝ պարզից էլ պարզ էր, բայց որ տարբեր վայրերում ամբիոններից ելույթ ունեցող ՀՀԿ-ի թեկնածուները չեն կարողանում գոնե մեկ-երկու ձեռբերում նշել ու խոթել հավաքվածների աչքը, ա՛յ, դա է զարմանալին (եթե չասենք՝ զավեշտականը):

Առայժմ միայն Վիգեն Սարգսյանն է երկու «ձեռբերում» նշել. «Անցած տարիներին ուժեղացրել ենք մեր թիմը և Սահմանադրությունն ենք փոխել»: Ուրիշ ոչինչ չեն կարողանում նշել: Դե, եթե ինչ-որ բան արած լինեին, ապա վեց օրում 6 հազար անգամ զնգզնգացրել էին: Չկա՛, նի՛խտ, ի՞նչը զնզնգացնեն: Փոխարենը՝ զարկ են տվել «ստեղծագործական» մտքին ու ապագայի մասին հեքիաթներ են պատնում, թե՝ էս ենք անելու, էն ենք անելու: Ինչպե՞ս կամ ինչո՞վ, երբ ՀՀԿ ղեկավարն անցած օրերին Փարիզում Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչներից փող էր ուզում, վերջիններիս շողոքորթելով, թե դուք մեր ծովն եք, մեր ներուժն եք, միասին մի բռունցք ենք, որ կարող ենք կերտել անվտանգ ու առաջավոր երկիր: Կարծես, Սփյուռքը անցած տարիներին չի տեսել, թե ինչ է կատարվել Հայաստանում ու տեղյակ չէ անարդարությունն ու անօրինությունն արմատավորող խաղի կանոնների մասին, որի հեղինակին լսում է: Ինչևէ:

Առաջիկայում, թե էլի քանի-քանիսին ասպարեզ կնետեն՝ փորձելով զանազան դեմքերի օգտագործելու միջոցով սեփական վարկանիշը «բարձրացնելուն» ուղղված անպտուղ ջանքեր թափել, շուտով կտեսնենք:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը