Քաղաքական

11.03.2017 15:50


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանդիպումը Էրեբունիում (տեսանյութ, ֆոտոշարք)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանդիպումը Էրեբունիում (տեսանյութ, ֆոտոշարք)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այցելել են Երևանի Էրեբունի համայնք՝ Ազատամարտիկների պուրակ։

Դիմելով հավաքված բնակիչներին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ կա՛մ մենք փոխում են իրերի այն վիճակը, որ գոյություն ունի այսօր Հայաստանում, կա՛մ երկիրը երկար ժամանակով գնում է անհայտ ուղղությամբ։

–Կոռուպցիա, անարդարություններ, անարդար դատարաններ, անարդար որոշումներ, ազատության սահմանափակում, քաղբանտարկյալների առկայություն. այս ամենը մենք հիմա ունենք, բայց այսպես շարունակել չենք կարող։ Քաղաքացին վախենում է իր տեսակետն արտահայտել ոչ միայն քաղաքական, այլ ցանկացած հարցով, աշխատավորին ստիպում են, որ իր ազատությունը չվայելի. ժամկետից ավելի աշխատեցնում են, չեն վարձատրում, ուժային կառույցի ներկայացուցչին ստիպում են ապօրինի քայլեր կատարել, ոստիկանը միասին աշխատում է կեղծարարի հետ, Հայաստանին պարտադրում են որոշումներ, որովհետև իշխանությունը թույլ է, լեգիտիմ չէ, Պանամայում օֆշորային սկանդալներ են առաջանում, մինչդեռ աշխարհում օֆշորի պատճառով իշխանություններ են հրաժարական տվել։ Մենք եկել ենք, որպեսզի իրերի այդ վիճակը փոխենք, որովհետև դա մեր անվտանգության վրա է արդեն ազդում, մենք բոլոր կարմիր գծերն անցել ենք՝ աղքատության, արտագաղթի, արտաքին պարտքի, և միայն այդ դաշտում է իշխանությունը հաջողություն գրանցել, նաև՝ քաղբանտարկյալների թվով։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը մրցում են քաղբանտարկյալների թվով։ Մեր հայրենակիցները ձգտում են հեռանալ եվրոպական երկրներ՝ ժողովրդավարական երկրներ՝ Կանադա, Ավստրալիա. այնտեղ հեշտ է ապրելը։ Խնդրահարույց պահեր են առաջացել Արցախի հետ, որը Հայաստանի անվտանգությունն է, ողնաշարը, իսկ Ալիևն արդեն խոսում է Երևանում թեյ խմելու մասին։ Այս իշխանություններն են թույլ են տվել, որ նա այդպես արտահայտվի. մենք դրա դեմն ենք ուզում առնել,–ասել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ–ն արել է բոլոր անթույլատրելի սխալները, ճակատագրական կերպով սխալ գործունեություն ծավալել, բարոյական նորմերը խախտել, և ՀՀԿ–ի վերարտադրությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մահացու է լինելու։

Էրեբունու բնակիչներին է դիմել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից պատգամավորի ռեյտինգային թեկնածու Վանյա Հովհաննիսյանը.

–Հարգելի՛ հայրենակիցներ, մենք կանգնած ենք բախտորոշ երկընտրանքի առջև։ Կա՛մ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, և այդ դեպքում կշարունակվի հասարակության հուսահատությունը, կկորչի հավատը վաղվա հանդեպ, երկրում անդառնալիորեն կհաստատվի անհոգության իշխանությունը, կա՛մ պետք է ընտրենք անհրաժեշտ բարեփոխումների ուղին, և այնժամ մարդը կհայտնվի տնտեսական, սոցիալական և մշակութային քաղաքականության կենտրոնում։ Կա՛մ երկրի տնտեսության քայքայումը կհանգի իր վերջնական եզրագծին, և հասարակության բարոյական անկումն է՛լ ավելի կխորանա, կա՛մ մենք կկառուցապատենք հայրենիքը և կվերատիրանանք մեր արժանապատվությանը։ Կա՛մ մարդն առաջիկայում էլ կդիտվի որպես սոսկ միջոց, կա՛մ կդառնա տնտեսական և քաղաքական բարենորոգումների բարձրագույն նպատակ։ Ձեզ առաջարկում ենք համալիր մի ծրագիր, որի կատարումը երկիրը դուրս կբերի ծանր ճգնաժամից, կերաշխավորի Հայաստանի քաղաքական և տնտեսական իրական անկախության ապահովումը, հավատը հնարավորություններին, այնպիսի հասարակության ստեղծումը, որտեղ մարդն ունի ազատ և բարեկեցիկ ապրելու իրավունք։ Ես հանդես եմ գալիս ժողովրդի իշխանության համար՝ հանուն մեր ժողովրդի։ Ես հանդես եմ գալիս մեր երկրի անվտանգության և հանուն Արցախի հայության ազատ ինքնորոշման իրավունքի, որի համազգային պաշտպանությունը հրամայական անհրաժեշտություն է։ Ես հպարտանում եմ մեր անցյալով և ձեզ կոչ եմ անում ապագային նայել լավատեսորեն։ Հենց այս համոզմունքն ինձ դրդեց առաջադրվելու որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։ Ձեզանից, ձեր ընտրությունից, ձեր քաղաքացիական խիզախությունից, ձեր կամքի ազատ և ազնիվ դրսևորումից են կախված հայրենիքի ճակատագիրը, նրա ապագան։ Խորհեցե՛ք այդ մասին դեպի քվեատուփերը տանող ճանապարհին, որպեսզի մենք մեր զավակներին տանք ազատ և ծաղկուն մի երկիր։ Ես հավատում եմ, որ դուք ընտրություն կկատարեք սեփական բանականության և սրտի թելադրանքով։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանը բնակիչներին ուղղված իր խոսքում նշել է.

–Տարիներ շարունակ այս իշխանությունը խաբել է։ Մեր երկրի չընտրված նախագահն ասում էր՝ Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորն եմ լինելու, այն Կառավարությունը, որը 7 տոկոս աճ չապահովի, հրաժարական է տալու, կամ Իրան–Հայաստան երկաթգիծը մեկ տարում կկառուցվի, հիմա էլ կարգախոս է ընտրել «Անվտանգություն և առաջընթացը», մինդեռ ավելի վտանգավոր տեսակ երևի ոչ ոք չի ճանաչում, և ի՞նչ առաջընթաց այս խայտառակ ցուցանիշներով։

Էրեբունու բնակիչներին է դիմել նաև անազատության մեջ գտնվող, Էրեբունիում դաշինքի պատգամավորության թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կինը՝ հայտնի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

–Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ բոլորին փոխանցեմ Անդրիաս Ղուկասյանի ողջույնները Նուբարաշենից: Այսօր ես այստեղ եմ, որպեսզի փոխանցեմ իր վրդովմունքը, որ չի կարողանում մասնակցել այս ընտրարշավին, չի կարողանում հանդիպել իր ընտրողների հետ: Անդրիասը Նուբարաշենում է անազատության մեջ, քանի որ պայքարում է, որպեսզի ձեր և մեր երեխաներն ապրեն ազատ, արդար և բարեկեցիկ կյանքով, անազատության մեջ է, քանի որ 2016թ. ողջ ժողովրդի հետ միասին կանգնեց, որպեսզի մենք պայքարենք մեր ազատության համար: Ազատություն, որը նշանակում է ազատություն գործող իշխանություններից, ազատություն, որը նշանակում է բարոյական միասնություն: Անդրիասը միացել է նոր ուժերին, որոնք այսօր ձեր առջև կանգնած են, ներկայացնում են Հայաստան–Արցախ–Սփյուռքը: Նրանք այն ուժերն են, որոնք պետք է բոլորիս տանեն դեպի հաջողություն: Ես շատ ցավում եմ, որ Անդրիասն այսօր ձեր առջև չի, բայց համոզված եմ, որ այս ուժերի հետ, որոնք գիտեն՝ ինչ են անում, ինչի համար են անում, վաղը չէ մյուս օրը մենք կհասնենք մեր հաղթանակին, ինչին ոչ մեկս չի կասկածում: Մեր ձգտումները, մեր ցանկություններն արդար են: Երբ ավարտին մոտենա ընտրարշավը, դուք կտեսնեք՝ ինչքան զանգվածներ կհավաքի այս շարժումը։

«Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը բնակիչներին ուղղված իր խոսքում նշել է՝ իշխանություններն այնպես են արել, որ «հարգանք» բառն այսօր ամբողջությամբ ոչնչացել է, որդին ուրանում է հորը, հարազատը՝ հարազատին։

–Այնպես պետք է անենք, որ մեր տեսակը նորից բարձրանա։ Պարտավո՛ր ենք այդ ամենն արմատախիլ անել, այս պայքարը ստամոքսի պայքար չէ, այլ մարդ մնալու, մարդ, որի կարիքն ունի այսօր հայոց աշխարհը։ Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, երբ ժողովուրդը տառապում է ցավերի մեջ։ Վախենալ պետք չէ. եթե ուզենանք, 300 հոգով էլ, ինչպես սպարտացիները ժամանակին, կարող ենք հաղթել. սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան նրան ներկայացնում են։ Հարկավոր է ոչնչից չվախենալ, չստորանալ, պարտավոր ենք այս ամենին վերջ տալ։ Եթե չկարողանանք ինչ–որ բան փոխել ընտրություններով, պայքարը շարունակվելու է, նոր, պարտիզանական պայքար կսկսենք. նրանք ձեզանից ավելի են վախենում, քան ձեզ ասել են։

Էրեբունու բնակիչներին դաշինքի ծրագրային որոշ դրույթներ է ներկայացրել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը.

Սիրելի՛ էրեբունցիներ, ապրիլի 2-ին դուք իրոք լավ այլընտրանք ունեք գործող իշխանություններին: Իսկապես այսօր ընդդիմադիր դաշտում մի շատ հետաքրքիր ներկապնակ է ձևավորվել: Ես չեմ հիշում այս 25 տարիների ընթացքում, որ նման ընտրանի լինի: Հենց դրա համար է, որ իշխանությունն անընդհատ ասում է՝ ընդդիմություն չկա, միավորված չէ: Այստեղ հավաքվել են իսկապես ազգին նվիրյալ մարդիկ, ովքեր աշխատել են ազնիվ և անշահախնդիր: Մենք մեր աշխատանքով ապացուցել ենք դա: 1991թ. ես և Րաֆֆի Հովհաննիսյանը մեր հանգիստ կյանքն ենք թողել ԱՄՆ-ում և անմնացորդ նվիրվել պետականության կառուցմանը: Նույնն արել է Սեյրան Օհանյանը, բայց նա ընտրեց Հայաստանը, Ղարաբաղի պաշտպանությունը, Ղարաբաղի ազատագրումը, իր առողջությունը դրեց այդ հաղթանակի զոհասեղանի վրա: Նվիրումի, ազնվության առումով իսկապես անխոցելի է այս դաշինքը: Այստեղ այնպիսի մարդիկ են, որոնք երկար տարիների կառավարման փորձ ունեն: Այսօր բանակը մեր ամենակայացած կառույցն է, այսօր մենք դրա համար պարտական ենք Սեյրան Օհանյանին: Այս եռյակը՝ իր բոլոր համախոհներով, ունի տեսլական ապագայի համար: Մենք արդեն ներկայացրել ենք մեր ծրագիրը՝ «365 oր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»: Նման վերնագիր մենք հատուկ ենք ընտրել, քանի որ մենք ամեն օր աշխատելու ենք քրտնաջան մեր երկրի համար: Շատ բան պետք է հետ շրջել, շատ բան սխալ ուղղությամբ է գնացել, շատ բան պետք է հիմնովին քանդել, նորը կառուցել, շատ բան՝ ուղղել: Մենք համոզված ենք, որ դա կարող ենք անել: Կարող ենք աշխատավարձերը բարձրացնել, բանակային ծառայողների աշխատավարձերը՝ մինչև 250.000 դրամ, իսկ սպաներինը և ենթասպաներինը՝ մինչև 480.000 դրամ: Այդ ամենի ռեսուրսները կան: Մենք պետք է մեր մայրերին քաջալերենք բազմանդամ ընտանիքներ կազմելու հարցում: Մենք ձևավորելու ենք մայրական կապիտալ. առաջին երեխայի դեպքում հատկացվելու է 100.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում՝ 500.000 դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ 1.000.000 դրամ, չորրորդ երեխայի դեպքում ոչ միայն 2.000,000 դրամ է տրվելու, այլ նաև ձևավորվելու է 3.000.000–դրամանոց մի հիմնադրամ, որը կկարողանան տնօրինել ծնողները: Փոքր և միջին բիզնեսներին, ովքեր ունեն մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն, 5 տարով ազատելու ենք հարկերից: Սիրելի՛ բարեկամներ, այս ամենն իսկապես հնարավոր է անել:

Էրեբունցիներին է ուղերձով դիմել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը.

–Ակնհայտ է, որ շատ ծանր և պատասխանատու ժամանակատահատված ենք ապրում, և այդ իրողությունից պետք է դուրս գանք մեկս մյուսին աջակցելով: Մեր դաշինքը ձևավորվել է, որպեսզի ժողովրդի կողքին լինի, այն ձևավորվել է՝ ներառելով հմուտ, բանիմաց, փորձառու անձնավորությունների: Բացի դաշինքի ղեկավար կազմ հանդիսացողներից՝ դաշինքում ներառված են 7 կուսակցություն և 7 հասարակական կազմակերպություն, որոնց մեծ մասը բաղկացած է ազատամարտիկներից: Մենք հատուկ ծրագիր ենք մշակելու ազատամարտիկների, վետերանների խնդիրները լուծելու համար, աշխատատեղեր ենք ստեղծելու նրանց համար, հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ բարձրացնելու ենք և նրանց ուժերը օգտագործելու ենք մեր երկրի հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակությունը զարգացնելու համար: Պահեստազորի սպաների համար բնակարանաին պայմանների բարելավման ծրագիր ունենք, ինչն իրականացնելու ենք: Մեր մարտական ընկերների, զոհված և հաշմանդամ դարձած մեր ընկերների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու ծրագիր ևս գոյություն ունի: Առանց ժողովրդի աջակցության՝ մենք չենք կարող ունենալ հաջողություններ: Որոշումներ ընդունելու համար իրադրության գնահատում է պետք: Իրողություն, որ այդքան էլ հուսադրող չէ: ժողովուրդն ավելի լավ գիտի, թե ինչ վիճակում է ինքը գտնվում: Մենք որոշումներ ընդունելու համար 2 տեսանկյունից ենք վճռականություն ցուցաբերում: Առաջինը՝ ժողովրդի մեջ լինելով՝ ինքներս գիտենք, թե ինչ ցավով է տառապում նա, նրա կողքին լինելով՝ տեսնում ենք բոլոր այդ դժվարությունները: Ժողովրդի կողքին լինելը մեր համար սկզբունք է լինելու մեր գործունեության մեջ՝ բոլոր տեղերում համահավասար: Մենք հավասարաչափ հարավորություն ենք տալու բոլորին՝ Հայաստանում ապրող և Հայաստանն իրենց համար 2-րդ հայրենիք ընտրած ազգային փոքրամասնություններին, որպեսզի մենք միասին տանենք և՛դժվարությունները, և՛ մեր հաղթանակների բերկրանքը:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հանդիպումներ էին ունեցել Ավան վարչական շրջանի բնակիչների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը