Աշխարհ

11.03.2017 14:21


Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարարը փակ սահմանի համար մեղադրել է Հայաստանին

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարարը փակ սահմանի համար մեղադրել է Հայաստանին

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը Կարսում ժողովրդի հետ ունեցած հանդիպմանը կրկին խոսել է Հայաստանի հետ սահմանը բացելու մասին` ասելով, որ Հայաստանը հանգիստ կարող է կապվել Եվրոպայի հետ, եթե դուրս գա Ղարաբաղի տարածքից:

Ինչպես գրում է «ermenihaber.am»–ը՝ «Yesiligdir.com»–ին հղումով, Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարարը փակ սահմանի համար մեղադրել է Հայաստանին` ասելով, որ իրենք չեն ցանկանում սահմանը փակ տեսնել:

Արսլանը հայտարարել է, որ իրենք ցանկանում են, հարևան երկրի (Հայաստանի) հետ առևտուր անել և հարաբերություններ զարգացնել, սակայն այստեղ մի բայց կա, ու այդ բայցն էլ Ադրբեջանն է:

«Եթե մենք Ադրբեջանի հետ 1 ազգ 2 պետություն ենք, ապա սահմանը բացելու մեր առաջարկը կարող է գործել միայն հետևյալ պայմանով՝ Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի օկուպացրած տարածքներից, Ադրբեջանի հողերը հետ վերադարձնի` ապահովելով ադրբեջանցի փախստականների վերադարձը Ղարաբաղ: Ասում ենք` դուք արեք այն, ինչ անհրաժեշտ է, մենք Կարսի արևելյան կողմը փակուղի չենք դարձնի: Հայաստանն էլ բանտարկված չի լինի, կկարողանա Թուրքիայի տարածքով ավելի հեշտ կապ հաստատել Եվրոպայի զարգացած երկրների հետ»,- ասել է թուրք նախարարը:

Աղբյուրը հիշեցնում է՝ Արսլանը փետրվարի 12-ին Կարսում ասել էր, որ իրենք ձգտում են Կարսը միացնել տարածաշրջանի հետ` ավելացնելով, որ կբացեն նաև հայ-թուրքական սահմանը, եթե «Հայաստանը կարգավորի հարաբերություններն Ադրբեջանի հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը