Մեկնաբանություն

10.03.2017 15:05


Ինչու է թաքնվում Սերժ Սարգսյանը

Ինչու է թաքնվում Սերժ Սարգսյանը

Առիթ ունեցել ենք գրելու, որ ՀՀԿ–ի քարոզարշավն ամբողջությամբ լցված է խաբեությամբ։

Բանն այն է, որ հիմնական «փիառ պերսոնան» դարձել է Կարեն Կարապետյանը, ով չկա համամասնական ցուցակում, ՀՀԿ–ի ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, ով, մեղմ ասած, ՀՀԿ–ի առաջին դեմքը չէ, և քարոզչական պասիվություն է ցուցաբերում Սերժ Սարգսյանը, ով ներկայացված չէ ՀՀԿ–ի ցուցակում, և ով ՀՀԿ–ի հիմնական դերակատարն է։

Սերժ Սարգսյանը փաստացի թաքնվել է Կարեն Կարապետյանի հետևում։ Նրա հաշվարկը հետևյալն է՝ օգտագործել իշխանական թիմից հանրության շրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող Կարեն Կարապետյանին, փորձել ՀՀԿ–ի համար տոկոսներ «խփել» ու 2018–ից հետո պահել իշխանությունը վարչապետի կարգավիճակում։

ՀՀԿ ղեկավարը հիմա թաքնվում է, որովհետև նպատակ ունի լղոզել նախընտրական պատկերը, հանրությանը չգրգռելու համար շատ չերևալ էկրաններին (Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ է սեփական ցածրագույն վարկանշի մասին) և «ռեյտինգային բդեշխների» միջոցով ապաքաղաքականացնել ընտրությունները՝ դրանք վերածելով թաղային «ռազբորկաների»։

Վիգեն Սարգսյանի դերակատարումը ՀՀԿ ղեկավարի պլանավորած «խաղում» տեղապահի մակարդակի է։ Սերժ Սարգսյանը նրան ժամանակավորապես առաջ է մղում, քանզի պաշտպանության նորանշանակ նախարարը չունի թիմ, չունի քաղաքական դիմագիծ և կախված է բացառապես Բ26–ից։ Ասել է թե՝ Վ. Սարգսյանը վտանգ չի ներկայացնում Ս. Սարգսյանի համար։ Իսկ ահա Կարեն Կարապետյանը ցանկացած պահի կարող է ինքնուրույնության բարձր մակարդակ ցուցաբերել։ Դա է պատճառը, որ իշխանական ԶԼՄ–ն (հիմնականում՝ հեռուստատեսությունը) «ռասկրուտկա են անում» վարչապետին, իսկ ահա «անկախ» մամուլը պարբերաբար քարոզչահարձակման է ենթարկում նրան։ Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյան–Կարեն Կարապետյան փոխհարաբերություններում ամեն ինչ փոխադարձ անվստահության վրա է կառուցված։ Սարգսյանը մտածում է, որ կօգտագործի Կարապետյանին ու միաժամանակ կմաշեցնի նրա վարկանիշը, որպեսզի հետագայում ավելի հեշտ լուծի սեփական խնդիրները։ Կարապետյանն էլ իր հերթին մտածում է, որ քարոզարշավը կարող է օգտագործել իր անձնական «փիառի» և հետագա զարգացումների համար։ Թե ում հաշվարկն ինչպես կաշխատի, բազմաթիվ գործոններից է կախված։

Հանրության անելիքն այս պայմաններում պետք է լինի այն, որ ներիշխանական խարդավանքներից հեռու մնա և իր ձայնը տա իշխանական համակարգից դուրս գտնվող այն քաղաքական ուժին, որն իրական այլընտրանք է ներկայացնում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը