Քաղաքական

10.03.2017 13:55


Ս. Օհանյան. «Եկել ենք ոչ թե պաշտոնի, այլ իշխանությունը ժողովրդին տալու համար». ՕՐՕ–ն Չարենցավանում է (տեսանյութ)

Ս. Օհանյան. «Եկել ենք ոչ թե պաշտոնի, այլ իշխանությունը ժողովրդին տալու համար». ՕՐՕ–ն Չարենցավանում է (տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք։

Դիմելով չարենցավանցիներին՝ Սեյրան Օհանյանն ասել է.

–Մենք մեր թիմով եկել ենք այստեղ, որպեսզի ձեր հետ ապրիլի 2–ին գնանք շատ կարևոր ընտրությունների, որտեղ մեկ ընտրությամբ ընտրելու ենք ՀՀ–ի ամբողջ ղեկավարությունը։ Մեր ձայնը տանք այն ուժին, որն իրականում մեծ փորձառություն ունի, մեծ ճանապարհ է անցել և ժողովրդի համար մտածելու, նաև զօրուգիշեր արարելու ունակություն ունի։ Մենք եկել ենք ոչ թե պաշտոնի, ոչ թե անձնական ձեռքբերման համար, այլ ժողովրդի հետ իշխանությունը ժողովրդին տալու համար։ Մենք արմատական բարեփոխումներ ենք իրականացնելու, որոնք ուղղված են լինելու ոչ միայն ռազմավարական հեռանկարային որոշումների ընթացակարգերին, ոչ միայն մարտավարական աշխատանքի ձևերին, մեթոդներին, սկզբունքներին, այլ նաև գաղափարական հատվածին։ Մենք ասում ենք՝ հերի՛ք է ամենաթողությանը, ասում ենք «ո՛չ» անարդարությանը, ինչի համար մենք համապատասխան ծրագրեր ենք մշակում։ Եթե արդարություն ամրապնդվի բոլոր ոլորտներում, ապա գործն ինքնըստինքյան առաջ է գնալու։ Մենք ունենք թիմ, որը փորձառու է, չի մտածում իր անձնականի մասին և երբևիցե չէ էլ մտածել։ Մեր թիմում չեք կարող գտնել մի անձ, որի մասին կարող են ասել հետևյալը՝ «նրա եղբայրը, նրա քույրը, նրա փեսան, նրա բարեկամներն այս կամ այն մենաշնորհների տերն են», չեք գտնի մեր թիմում մարդիկ, ովքեր այս կամ այն նյութական խոշոր միջոցներն են ներկրում և ունեն բիզնեսներ մեր երկրում։

Ս. Օհանյանն ընդգծել է՝ հայ ժողովրդի երևի թե միակ ձեռքբերումը բանակն է։

–Մենք պատրաստ ենք ռեալ քայլերով և արդյունքներով ջախջախել հուսալքության և հուսահատության այն մթնոլորտը, որը տիրում է մեր երկրում։ Մենք խոսք ենք տալիս, որ կառավարման համակարգում անպայման ձևավորելու ենք հաշվետվողականություն։ Մեր գործունեության հիմնական սկզբունքն արդարությունը, ազնվությունն է լինելու, մենք այն վերադարձնելու ենք ժողովրդին, իսկ ինձ համար ամենակարևոր սկզբունքը լինելու է կյանքս հայրենիքիս,–եզրափակել է Ս. Օհանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դաշինքի անդամները հանդիպումներ էին ունեցել հրազդանցիների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը