Կարծիք

10.03.2017 11:10


Ով է եղել Սեյրան Օհանյանն իրականում (լուսանկար)

Ով է եղել Սեյրան Օհանյանն իրականում (լուսանկար)

Հարգելի´ հայրենակիցներ, երբ ուսումնասիրում ենք մեր հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական պրոցեսները, հետևում ենք քաղաքական ու պետական դաշտում գործող անձանց գործունեությանը, նրանց անցած ճանապարհին, ապա ավելի քան ակնհայտ է դառնում, թե ովքեր են իրոք մտահոգված մեր հայրենիքի ճակատագրով, թե ովքեր ինչ ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման ու կայացման գործում:
Ստորև ես կցանկանայի անդրադառնալ Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապեպետ Սեյրան Օհանյանին, նրա գործունեությանը և նրա կողմից կատարած ներդրմանը մեր հայրենիքի և ժողովրդի կյանքում՝ սկսած մեր հանրապետության անկախացումից մինչև ներկայիս քաղաքական գործունեությունը:
Ո՞վ է եղել Սեյրան Օհանյանը և ի՞նչ է արել մեր հայրենիքի ու ժողովրդի համար:
Սիրելի´ հայրենակիցներ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Արցախյան պատերազմի վրա: Այս ծանր տարիներին հազարավոր մեր հայրենակիցներ իրենց կյանքի և առողջության գնով ազատագրեցին Արցախը, պաշտպանեցին մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր երեխաներին, պաշտպանեցին մեր ապագան և մեր գոյությունը: Եվ այս հազարավոր քաջերից մեկն էր նաև Սեյրան Օհանյանը: Մարդ, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, քաջ գիտակցելով հայրենիքի և սեփական ժողովրդի գինը՝ իր երիտասարդ տարիները, իր առողջությունը նվիրեց նրա փրկության համար: Այո´, նա իր առողջությունը նվիրեց հանուն մեր բոլորի ապագայի, ծանր վիրավորվելով անգամ՝ հետ չկանգնեց հայրենիքին ծառայելու դժվարին առաքելությունից, մասնակցեց ղարաբաղյան ռազմաճակատում մղվող բոլոր մարտերին: Եղավ իր ժողովրդի, իր զինվորների, մեր ծնողների, եղբայրների ու ընկերների կողքին, մեր երեխաների կողքին ղարաբաղյան շարժման սկզբից մինչև վերջ: Ունենալով անհամեմատ մեծ ներդրում արցախյան հաղթականակում` նա չհեռացավ իր ժողովրդի, իր հայրենիքի կողքից. այո´, չհեռացավ` շարունակելով իր զինվորական ծառայությունը ԼՂՀ պաշտպանության բանակում` հասնելով մինչև ԼՂՀ ՊԲ նախարարի պաշտոնին, և շուրջ ութը տարի ղեկավարեց այն` ունենալով չափազանց մեծ ներդրում ՊԲ կայացման և զարգացման գործում: Նա իր ողջ գիտելիքները և փորձը, համառության և տքնաջան աշխատանքի հետ մեկտեղ, ներդրեց այդ կարևորագույն կառույցի կայացման և հզորացման համար: Կարելի է ասել՝ նա ստեղծեց մի կառույց, որն ապահովեց և շարունակում է ապահովել մեր հայրենիքի անկախությունը և անվտանգությունը, մեր ժողովրդի գոյությունը, քանի որ առանց Պաշտպանական բանակի՝ չէին լինի ոչ Ստեփանակերտը և ոչ էլ Երևանը: Հետագայում, նշանակվելով ՀՀ ԶՈԻ ԳՇ պետ, ապա՝ պաշտպանության նախարար, ավելի քան ութ տարի ղեկավարելով ողջ հայության համար ամենակարևոր կառույցը՝ նա իր տասնամյակների փորձը ներդրեց Պաշտպանության նախարարության զարգացման գործին: Նախարար, ում հարգում ու սիրում են բոլորը՝ արցախյան սահմանին կանգնած զինվորից մինչև բարձրագույն հրամանատարություն: Հրամանատար, ում ընդունում և սիրում են` որպես հրամանատարի և, միաժամանակ, որպես ծնողի:
Սիրելի´ հայրենակիցներ, յուրաքանչյուրդ գիտեք Սեյրան Օհանյանի մարդկային բարձրագույն արժեքների մասին, քանի որ մեր ցանկացած հայ ընտանիք ունեցել է զինվոր, ով ծառայել է Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ, և կարող եմ վստահաբար ասել՝ յուրաքանչյուր ոք կհաստատի իմ այս խոսքերը: Այո´, հարցրե´ք ձեր զինվոր ծնողներին, եղբայրներին ու որդիներին, թե ով է Սեյրան Օհանյանը, ինչպիսի հրամանատար է եղել նա, ինչպիսի մարդ է և ինչպիսի բարձրագույն արժեքներով է նա օժտված, հարցրե´ք, և բոլորը կհաստատեն այս խոսքերը: Մարդ, ով երբեք չի բարձրաձայնել իր սխրանքների մասին, մարդ, ով միշտ համեստությամբ է խոսել իր գործունեության մասին, մարդ, ում սիրտը ցավել է յուրաքանչյուր ծնողի սրտի հետ, մարդ, ով իր ողջ կյանքն է նվիրել իր հայրենիքին, իր ժողովրդին. նա իր ողջ կյանքը նվիրել է մեզ:
Ես ինքս, ծառայելով ԼՂՀ ՊԲ սահմանապահ զորամասում, այդքան մեծ հեռավորության վրա միշտ զգացել եմ նրա հոգատարությունը, միշտ համարել եմ, որ Սեյրան Օհանյանը նախ որպես ծնող է մեզ համար, ապա նոր՝ որպես հրամանատար:
Սիրելի´ հայրենակիցներ, Սեյրան Օհանյանի գործունեությունը միշտ ծառայել է մեր հայրենիքին և ժողովրդին, այլ ոչ թե նրա ընտանիքին կամ հարազատներին, ինչպես մեր շատ ու շատ այլ պաշտոնյաների պարագայում: Սա հասկանալու համար բավարար է ուսումնասիրել մարդու անցած ճանապարհը, նրա կատարած գործերը կամ ուղղակի զրուցել ցանկացած մարդու հետ, ով զինվորական է եղել, ով ծառայել է նրա հրամանատարությամբ` անկախ նրանից` շարքայի՞ն է, թե՞ գեներալ:
Սիրելի´ ժողովուրդ, մի´ մոլորվեք, երբ փորձում են միտումնավոր մոլորեցնել ձեզ. ուղղակի անթույլատրելի է ուրանալ այն գործը, որն ուղղված է եղել մեր հայրենիքի և ժողովրդի կյանքի փրկությանը, մեր անվտանգության ապահովմանը:
Ուրանալ Սեյրան Օհանյանի գործը նշանակում է ուրանալ մեր հայրենիքը:
Ահա թե ով է Սեյրան Մուշեղի Օհանյանն իրականում:

Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը