Աշխարհ

09.03.2017 13:35


Օլանդ. «Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար»

Օլանդ. «Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար»

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների առաջ իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է՝ Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

«Մենք արդեն երկար ժամանակ է՝ ինչ ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը, եւ դա մեր կողմից հաստատումն էր առ այն, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել մի ժողովրդի ոչնչացումը, որը մի պետության կամ մեկ այլ ժողովրդի վրեժխնդրության թիրախ է դարձել։ Հայոց ցեղասպանության այդ ճանաչումը մենք դիտարկել ենք որպես խաղաղության հաստատման միջոց. խաղաղություն հիշողության հետ, ինչպես նաեւ խաղաղություն երկրների միջեւ։ Մենք մշտապես ցանկացել ենք Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդգրկել ավելի գլոբալ գործընթաց, որով մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր հանցագործություններին, որ, ցավոք, հնարավոր է՝ իրականացվեն մարդկության դեմ, եւ ռազմական հանցագործություններին։ Ահա թե ինչու մենք ցանկացանք ունենալ նաեւ օրինագիծ, որը կընդունվեր եւ կկարողանար պատժել նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության գոյությունը... Հայոց ցեղասպանության՝ այդ ահավոր ողբերգության 100-րդ տարելիցի միջոցառումները, որի ժամանակ ես Երեւանում էի, իմ ներկայությամբ հաստատեցի, որ Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար»:

Օլանդը նաև նշել է՝ Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

«Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ մենք ցանկանում ենք աշխատել հանգուցալուծում գտնելու ուղղությամբ: Նախ՝ որպեսզի զերծ մնանք վերջին շաբաթներին եւ ամիսներին արձանագրված միջադեպերի կրկնությունից, որպեսզի ունենանք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը եւ պատժել այն գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը: Եվ, այնուհետեւ, մենք ցանկանում ենք գտնել քաղաքական լուծում, եւ Ֆրանսիան եւս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունն Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ, իհարկե, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ անհրաժեշտ տեւական լուծում գտնելու հարցում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը