Մեկնաբանություն

08.03.2017 13:45


Սեյրան Օհանյանի քարոզչական ոճը

Սեյրան Օհանյանի քարոզչական ոճը

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական հանդիպումների շարքն սկսեցին սահմանագոտուց: Ավելի կոնկրետ՝ Տավուշի մարզից:

Մարզի մի քանի քաղաքներում և գյուղերում բնակչության հետ դաշինքի անդամների հանդիպումներն առավելապես մարդկային պարզ շփումների, հավասարը հավասարի հետ խոսելու տպավորություն թողեցին: Նման չէր տարիներ շարունակ մեր տեսած նախընտրական քարոզարշավների ստանդարտ ձևաչափին, երբ քաղաքական ուժերը կարծես «ադալժենի են անում» ընտրողներին՝ հասնելով նրանց դուռը: ՕՐՕ-ի դեպքում այդպես չէր:

Թեև քարոզարշավի առաջին օրը՝ այստեղ՝ Երևանում դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, Սեյրան Օհանյանն անկեղծորեն խոստովանեց, որ, ի տարբերություն իր գործընկերների, ինքը քարոզարշավ անցկացնելու փորձ չունի (երբեք չի մասնակցել, հետևաբար, անփորձ է), սակայն Տավուշի մարզում բավական հետաքրքիր կեցվածք դրսևորեց, իսկ ելույթներն ուշագրավ ու թարմ կարող ենք համարել այն առումով, որ երկրում տիրող իրավիճակի ու նախընտրական պայքարի վերաբերյալ նրա արտահայտած տեսակետներն ու գնահատականները զուգորդված էին ռազմական տերմինաբանությամբ:

Իսկապես, հետաքրքիր ու անսպասելի էին Օհանյանի ձևակերպումներն ու համեմատությունները: Ի վերջո, երկիրն այն վիճակում է գտնվում, և ընտրապայքարի մթնոլորտն այնպիսին է, որ այլ կերպ հնարավոր չէ ներկայացնել այդ ամենը, քան դիմել մարտական իրադրության ժամանակ օգտագործվող ձևակերպումներին:

Միապաղաղ քարոզներից բոլորն են հոգնել, իսկ այս ոճը թարմաշունչ է, և որ ամենակարևորն է՝ սթափեցնող:

«Երկրում առկա խնդիրների լուծման համար քաղաքական վերնախավն իր տեղը պետք է զիջի ավելի գրագետ ու ընդունակ մարդկանց։ Ինձ համար սահմանում կանգնած զինվորն ու սահմանամերձ գյուղի բնակիչը նույն հարթության վրա են։ Երկրագնդի վրա շատ հզոր հայ համայնքներ կան, բայց մեզ համար ամենահզորները սահմանապահ գյուղերն են»,- Չինարի գյուղի բնակիչներին ասաց Սեյրան Օհանյանը:

Սահմանամերձ բնակավայրերին, այնտեղ ապրող մարդանց խնդիրներին քաջածանոթ և տարիներ շարունակ սահմանագոտի այցելած Օհանյանը հիանալի գիտի բանակի անմիջական թիկունքի նշանակությունը. «Դուք բոլորդ պատվո այն գոտին եք, որը Հայաստանի անվտանգությունն ու զարգացումն է ապահովում։ Կոթիի պայմանագրային զինծառայողների հետ մենք ամրապնդել ենք սահմանները, մեր առաջարկությունների շնորհիվ է, որ արտոնություններ են սահմանվել սահմանամերձ բնակավայրերի համար, սակայն տարիների ընթացքում շատ հարցեր չեն լուծվել, բայց ոչ թե հնարավոր չի եղել լուծել, այլ լուծողներ չեն եղել։ Մենք գիտենք այն բոլոր ուղիները, որոնք երկիրը կտանեն դեպի առաջընթաց, մենք ձեր կողքին ենք եղել և լինելու ենք։ Սիրելի՛ կոթեցիներ, ձեր ձայնն ում ուզում եք՝ տվեք, բայց ոչ այսօրվա իշխանությանը, որովհետև այն, ինչ կար այս 25 տարվա ընթացքում, մնալու է»:

Իսկ ահա՛ Նոյեմբերյանում նրա խոսքը մարտակոչի պես հնչեց. «Այսօր մի մեծ անջրպետ է առաջացել ժողովրդի և իշխանությունների միջև, մենք ասում ենք՝ հերի՛ք է այն ամենաթողությանն ու անարդարությանը, որ գոյություն ունեն մեր երկրում. պարզապես պետք է համարձակ գնալ առաջ, ոչ մի բանից չընկճվել և չվախենալ. ես խնդրում եմ, որ նոյեմբերյանցիների համարձակ կերպարը դուք պահեք»։

Սեյրան Օհանյանն այստեղ նաև նկատեց, որ տասնամյակներով իշխանությունը պահած մարդիկ լճանում են, ու նրանց մոտ բռնապետական հատկանիշներ են առաջանում: Հետևաբար, պետք է նրանք պետք է իրենց տեղը զիջեն, պետք է գա նոր մտածողությամբ, նոր հայացքով ու ներուժով, փորձառու և պրոֆեսիոնալներով համալրված իշխանություն, և միայն այդ ժամանակ կլինեն իրական փոփոխություններ երկրում:

Դիլիջանում անդրադառնալով ամենացավոտ խնդիրներին՝ Օհանյանը վստահեցրեց. «Մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև՝ այն խոսակցությունները, որ դու զինվորական ես, դու կառավարման համակարգում ես եղել, քեզ պետք է այս ամենը. այո՛, պետք է, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին։ Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա»:

Այնպես որ, մարդիկ պետք է գիտակցեն՝ ժամանակն է ազատվել վախից ու կարիքից և միասնաբար հասնել հաղթանակի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը