Քաղաքական

07.03.2017 18:50


Սեյրան Օհանյան. «Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա» (լուսանկար)

Սեյրան Օհանյան. «Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա» (լուսանկար)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաք։

Նախընտրական հավաքի ժամանակ դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը բնակչությանն ուղղված իր խոսքում ասել է.

–Մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև՝ այն խոսակցությունները, որ դու զինվորական ես, դու կառավարման համակարգում ես եղել, քեզ պետք է այս ամենը. այո՛, պետք է, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին։ Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա։ Մենք քարոզարշավը սկսել ենք հենց Տավուշի մարզից, այդ դժվարագույն հատվածից՝ սահմանային իրավիճակից քաջ տեղյակ լինելով, տեսնելով, թե ինչ դժվարույթուններով է ժողովուրդը իր հացը վաստակում։

Երբ աշխատում ես, երբ ստեղծագործում ես, սխալներ լինում են, բայց սխալը գնահատելը կամ վերագնահատելը և այն չվերացնելը նման են մարտի դաշտում պատերազմից հետո զորքը անտեր թողնելուն։ Այսինքն, պետք է այդ սխալները մենք միասին ուղղենք։ Եվ այսօր, երբ մենք հայտ ենք ներկայացնում մեր դաշինքով գնալու նոր կառավարման համակարգի ձևավորման, մենք միայնակ չենք կարող, սիրելի՛ հայրենակիցներ։ Մենք միայն ու միայն դա կարող ենք կատարել ձեր հետ։

Օհանյանի խոսքով՝ միայն ժողովուրդը կարող է արդար քվեով կատարել այդ իշխանափոխությունը, ընտրել այն ուժին, որը կարող է այս երկիրն այս դժվար կարգավիճակից դուրս բերել։

–Ես չեմ կարող ասել, որ այս 25 տարիների ընթացքում մենք ոչ մի դրական բան չենք ունեցել։ Մեր անկախությունը, որ ձեռք է բերել մեր ժողովուրդը, մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Հայկական բանակը, որ այսօր ազատության երաշխիքն է, ամենամեծ ձեռքբերումն է։ Բայց մեզ խոսքի, դավանանքի ազատության հետ մեկտեղ՝ ևս 2 կարևոր ազատություն է պետք՝ ազատություն վախից, ընդ որում՝ վախ, որը վերաբերում է ընդհանուր անվտանգության ձևավորմանը, և նաև ազատություն վախից ներքին հարթության մեջ, որ ժողովուրդը չվախենա ստեղծագործել, ազատ արարի, հետապնդումներ չլինեն, կառավարման համակարգում գտնվող անձանց նկատմամբ հետապնդումներ չլինեն։ Եվ մյուս ազատությունը՝ ազատություն կարիքից։ Մեր ժողովուրդը կարիքավոր է դարձել, իսկ դրանից ազատումը մենք կարող ենք անել միայն տնտեսության զարգացման հաշվին, որը, ինչպես զինվորի ձեռքին զենքն է հիմնական գործոնը հաղթանակի համար, այնպես էլ՝ մարդու ձեռքին, ՀՀ քաղաքացու, հայ մարդու, մեր ազգային փոքրամասնություններ հանդիսացողի համար զենք հանդիսանում է տնտեսությունը։ Մենք այն ազատականացնելու ենք, աշխատելու ենք այնպես անել, որ այն չլինի մի քանի մարդկանց, մի քանի ընտանիքների և մեծահարուստների մոտ, որպեսզի տնտեսության մեջ բևեռացում չլինի, ինչի միակ ելքն էլ փոքր և միջին բիզնեսն է,–նշել է Ս. Օհանյանը։

ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը հավելել է՝ փոքր և միջին բիզնեսն ազատելու են հարկային բեռից, հարկային արձակուրդ են տալու։

–Մենք աշխատելու ենք ժողովրդագրական խնդիրները լուծել։ Մենք հասկանում ենք, որ շատերը թողնում են մեր հայրենիքը, ժողովրդի մի մասը թողնում է սահմանները և գալիս կուտակվում է կենտրոնում և մայրաքաղաքում։ Դա անընդունելի է, մենք պետք է համաչափ տեղաբաշխված լինենք մեր երկրում, տարածության մեջ։ Մեր երկրի անվտանգության զարգացման հիմնական սկզբունքն օրորոցային վրեժն է,–եզրափակել է Ս. Օհանյանը։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը