Քաղաքական

07.03.2017 13:25


Սեյրան Օհանյան. «Մարդկանց մոտ բռնապետական հատկանիշներ են առաջանում». նախընտրական հանդիպում Նոյեմբերյանում (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեյրան Օհանյան. «Մարդկանց մոտ բռնապետական հատկանիշներ են առաջանում». նախընտրական հանդիպում Նոյեմբերյանում (ֆոտոշարք, տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Նոյեմբերյան։

–Հերի՛ք է այն իրավիճակը, որում դուք ապրում եք, և մենք ասում ենք, որ կարող ենք դա փոխել,– նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը կյանքի ուղի անցած մարդկանց միավորում է։

Դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը բնակիչներին ուղղված իր խոսքում ընդգծել է՝ Հայաստանի անվտանգությունը սկսվում է սահմանամերձ բնակավայրերից.

–Մեր երկրի սահմանները մեր պատիվն ու արժանապատվությունն են, մեր հպարտությունը։ Եվ Հայաստանի զարգացումը պետք է սկսենք սահմանամերձ բնակավայրերից։

Սեյրան Օհանյանը նշել է՝ իրենք ընտրել են ժողովրդի կողքին լինելը, թեև լայն հնարավորություն ունեին մնալ պետական պաշտոններում.

–Մեզ բարեփոխումներ են պետք բոլոր ոլորտներում, բայց այդ ամենն իր արդյունքը կտա, եթե լինի այօրվա գործող իշխանության փոփոխությունը. առանց փոփոխությունների՝ Հայաստանը չի կարող հասնել հաջողությունների։ Եթե մի թիմ 25 տարի անընդմեջ կառավարման ղեկին է լինում, ապա լճանում է, չի տեսնում թերությունները, դրանից է, որ մարդկանց մոտ բռնապետական հատկանիշներ են առաջանում, ժողովուրդն էլ հոգնում է նույն դեմքերին տեսնելուց. թարմ աչք է պետք։ Այսօր մի մեծ անջրպետ է առաջացել ժողովրդի և իշխանությունների միջև, մենք ասում ենք՝ հերի՛ք է այն ամենաթողությանն ու անարդարությանը, որ գոյություն ունեն մեր երկրում. պարզապես պետք է համարձակ գնալ առաջ, ոչ մի բանից չընկճվել և չվախենալ. ես խնդրում եմ, որ նոյեմբերյանցիների համարձակ կերպարը դուք պահեք։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը նախընտրական հավաքի ժամանակ նշել է՝ ապրիլի 2–ին վճռվելու է մեր երկրի ապագան hաջորդ տասնամյակների համար։

–Ձեր գործը հեշտացված է, որովհետև ընտրությունը շատ ակնհայտ է. մի կողմում կա իշխանություն, որը ցույց է տվել, որ ի վիճակի չէ երկրում առկա խնդիրները լուծել, բայց ամեն ջանք գործադրում է, որ վերարտադրվի, տապալել է ամեն ինչ, իսկ մյուս կողմում կա ընտրության հնարավորություն ընդդիմադիր դաշտում։ Ելնելով մեր անցած ճանապարհից և կուտակած փորձից՝ մենք շատ արագ կարող ենք երկրում իրավիճակ փոխել,– ասել է Վ. Օսկանյանը՝ նկատի ունենալով ՕՐՕ դաշինքին։

Դաշինքի անդամներն այսօր կհանդիպեն նաև Բարեկամավանի, Կոթիի, Իջևանի և Դիլիջանի բնակիչների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը