Մեկնաբանություն

07.03.2017 12:30


Երբ անվտանգությունը մարմնավորում է Սերժ Սարգսյանը

Երբ անվտանգությունը մարմնավորում է Սերժ Սարգսյանը

ՀՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը, հանրությանը ներկայացել է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով:

Դատելով իշխանությունների քարոզչակոդերից՝ անվտանգության ապահովող է ներկայացվում Սերժ Սարգսյանը, իսկ առաջընթացինը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ-ի «ռեինկարնացիոն» երգից էլ պարզ դարձավ, որ իշխանություններն ուզում են փոփոխություններ (թե դեպի որ կողմն են ուզում փոխվել, երգից պարզ չդարձավ):

Նկատենք, որ Բ26-ի քարոզչական «մեսիջների» մեջ բլեֆի հսկայական չափաբաժին կա, ավելի ճիշտ՝ այդ «մեսիջներում» գրեթե ամեն ինչն է բլեֆ:

Նախ՝ անվտանգության մասով: Սերժ Սարգսյանի նախագահության տարիները ցույց են տվել, որ անվտանգության ապահովման հարցում նա տապալվել է: Արտագաղթը, տնտեսական հետընթացը, աղքատության աճը, ներդրումների կրճատումը, կապիտալի փախուստը Հայաստանից, տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության ավերածությունները և այս ամենի հետևանք 2016-ի ապրիլյան քառօրյա մարտերի անցանկալի արդյունքներն ասվածի վառ ապացույցն են:

Ինչ վերաբերում է առաջընթացին, ապա այստեղ քաղտեխնոլոգիական բլեֆի օգնությանն են դիմել:

Հարցումները և փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ իշխանական համակարգի ներսում ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին գիտի նաև Սերժ Սարգսյանը և թաքնվել է նրա հետևում՝ փորձելով օգտագործել Կարապետյանի վարկանիշը:

Թե ինչու է համաձայնել Կարապետյանն այդ դերին, այլ հարց է: Տվյալ դեպքում բլեֆն այն է, որ Կարապետյանը ՀՀԿ-ի ցուցակում չկա, բացի այդ՝ Սերժ Սարգսյանը «ստավկան» անում է ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի վրա, ում կարող է իր անձնական ծրագրերի շրջանակներում հանգիստ օգտագործել որպես տեղապահ: Ս. Սարգսյանին կից մամուլն արդեն շրջանառության մեջ է դրել այն թեզը, ըստ որի՝ ՀՀԿ ղեկավարը «քցելու» է Կարապետյանին և փորձելու է 2018-ին վերարտադրվել վարչապետի կարգավիճակով:

Սարգսյանը չի էլ թաքցնում, որ ուզում է մնալ պետական կառավարման ղեկին: Եվ ուրեմն, բլեֆ է այն, որ կան փոփոխության ցանկություն և առաջընթացի ապահովման ձգտում:

Համ էլ՝ քանի դեռ անվտանգություն ապահովողը Սերժ Սարգսյանն է, ուզում է՝ Ադամ Սմիթը Ջոն Քեյնսի ու տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի արժանացածների ձեռքերը բռնած գա Հայաստան, մեր տնտեսությունը առաջընթաց արձանագրողը չէ: Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն ու իր պատկերացումները պետական կառավարման համակարգի մասին լրջագույն սպառնալիք են Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Այնպես որ, Բ26-ի ընտրած կարգախոսը սպառնալիքի պես է հնչում:

Երգ-տեսահոլովակի մասով էլ գրեթե ամեն ինչ ասված է համացանցում. ներկայացված է կեղծ Հայաստանը՝ կեղծ գույներով ու կեղծ էմոցիաներով: Տեսահոլովակին չեն փրկել անգամ կեղծ «սելֆիներն» ու հարվածային գործիքների «մենեջերը», քանզի ռեգի ոճը և «հյութեղ» կադրերը բացարձակապես կապ չունեն այն Հայաստանի հետ, որը Սերժ Սարգսյանն է կառուցել, ու փորձում է շարունակել այդ շինարարությունը:

Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարման համակարգում գերիշխող են քյարթուականությունը, հոռի բարքերն ու ասիական մտածողությունը: Այնպես որ, ռեգիով կամ «ուդառնիկով» հնարավոր չէ կեղծել իրականությունը: Մանավանդ որ բոլորը գիտեն, որ իշխանական քեֆերի ժամանակ ամենահիթայինը «Պատրոն-դաշս կապել եմ» երգն է՝ նախագահի «դասական» դարձած պարի ուղեկցությամբ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը