Մեկնաբանություն

06.03.2017 21:00


Գաղջ քարոզչամեկնարկ

Գաղջ քարոզչամեկնարկ

Պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի առաջին ժամերին հանրության կողմից բացասական արձագանքների արժանանալու առումով «ռեկորդակիրը» իշխող ուժը դարձավ, և, բնականաբար, նա մինչև ապրիլի 2-ը կպահպանի իր նկատմամբ հանրային ատելության հսկայական չափաբաժինը:

Մարդիկ ընտրապայքարի մասնակից մնացյալ ուժերին ու դաշինքներին հանգիստ թողեցին և, կարելի է ասել, հիշոցերով ու անեծքներով արձագանքեցին ՀՀԿ-ի և նրա ղեկավարի քարոզարշավային «բեմելին»:

Նախ՝ աբսուրդն այն էր, որ տարիներ շարունակ մամուլի կամ խոսքի ազատության բնագավառում «մեծ առաջընթաց» ունենալու մասին խոսող Սերժ Սարգսյանը մարտի 5-ին արգելեց ԶԼՄ-ին մուտք գործել «Դինամո» մարզադահլիճ, որտեղ մեկնարկեց իր գլխավորած ուժի քարոզարշավը:

Գաղջ մթնոլորտի մասին բողոքող ՀՀԿ ղեկավարն իր այդ որոշմամբ վերստին ապացուցեց, որ այս երկիրն ինքն է սարքել «Գաղջաստան», որտեղ իշխող ուժը պետք է իր քարոզարշավն սկսի փակ ռեժիմի պայմաններում, և «հավքն իր թևով, օձն իր պորտով» չի կարող մուտք գործել մարզադահլիճ (հետո իրենք իրենց լրատվամիջոցներին «մեր աղբյուրներից տեղեկացանք» ոճով հարմար ու ցանկալի լուրերն ու տեղեկությունները կփոխանցեն, վերջիններս էլ հերթական անգամ զարկ կտան «մուտիլովկաներին»):

Ավելի ուշ, իհարկե, «Դինամոյից» կադրեր տեղադրեցին ՖԲ-ի իրենց քարոզչական էջում, բայց արդեն ուշ էր, քանի որ ֆեյսբուքահայությունն անխնա հեգնում էր ՀՀԿ-ի քարոզչական տեսահոլովակը ու ՀՀԿ ղեկավարի «Դինամո»-ական ելույթը լսելու, դիտելու կամ կարդալու զահլա չուներ:

Պակաս զվարճալի չէ իշխող ուժի ՖԲ-յան էջի անվանունը՝ «Հայաստա՛ն, իմ սեր»:

«Էդ ի՞նչ վայրենի սեր է եղել, որ մեռցրիք Հայաստանը»,- ծանոթանալով էջի անվանմանը՝ զարմացա ես: Այլոց ծաղրական ու ոչ կոռեկտ մեկնաբանություններին չարժե անդրադառնալ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ ղեկավարի ելույթին, ապա մարդը, ինչպես անցած 9 տարիներին, մարտի 5-ին էլ խոսեց ապառնի ժամանակով:

Գիտեք՝ 2008-ից սկսած՝ ամեն տարի ասում էր՝ էս ենք անելու, էն ենք անելու, բայց ոչինչ էլ չարեց: Ու հիմա քարոզարշավի մեկնարկին դարձյալ խոսում է ապառնի ժամանակով. «Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամենաարագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Եվ մենք սկսում ենք մեր ընտրարշավը, որպեսզի ձեզ հետ միասին մեր երկրի ու ժողովրդի համար ապահովենք անվտանգություն և առաջընթաց»:

Ապառնի ժամանակով կարող են խոսել և կարող են խոստումներ տալ ընտրապայքարի մասնակից այն ուժերը, որոնք իշխանություն չունեն, ընդդիմադիր կամ ոչիշխանական են համարվում: Բայց մոտ տասը տարի ժողովրդին խաբած, գրեթե ոչ մի խոստում չկատարած, հակառակը՝ երկիրը ծայրաստիճան վտանգավոր շեմի հասցրած իշխանության ղեկավարը չի կարող հերթական անգամ ժողովրդին հիմարի տեղ դնել ու ասել, թե մենք դառնալու ենք ամենա-ամենա պետությունը: Դարձնող էիր, բա մինչև հիմա ինչո՞ւ չէիր դարձնում այդպիսի երկիր:

Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանն էլ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսում էր միայն ապագայի մասին: Ախր, մեկը չկա՝ սրանց հարցնի՝ մինչ օրս զարգացման այդ ի՞նչ նախադրյալներ եք ստեղծել, որ համարձակվում եք խոսել ապագայի մասին: Ամեն ինչ քանդել, նստել եք ավերակների վրա ու ապագայի՞ց եք խոսում: Սա ի՞նչ մարազմ է:

Իսկ «Դինամո»-ում բեմադրված «հաղթական» ներկայացման բովանդակային կողմին չարժե անդրադառնալ. անհաջող, կոմսոմոլական մակարդակի դրոշածածանումային միջոցառում էր, որտեղ պարզորոշ երևաց ՀՀԿ-ի կարգախոսի սնանկությունը:

Այն, որ իշխող ուժը, նրա ղեկավարն ու առաջընթացը միմյանց հակացուցված են, դրանում համոզվել ենք անցած տարիներին: Իսկ անվտանգության մասով լուսանկարիչներից մեկը շատ հստակ ֆիքսել էր, թե որն է դա՝ մարզադահլիճի տարբեր մասերում «մեխված» բազմաթիվ թիկնապահները, որոնք ապահովում են ՀՀԿ ղեկավարի անվտանգությունը: Զարմանալի է. իր կուսակիցներից, կուսակցական շարքերից էլ է վտանգ զգում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը