Մեկնաբանություն

04.03.2017 22:10


Անպատասխանատու «ֆրայերների» շքերթը

Անպատասխանատու «ֆրայերների» շքերթը

Հայաստանի Ազգային ժողովն ափալ-թափալ քվեարկում և ընդունում է իր «վզին մնացած» օրենքները։ Սակայն, անկախ նախագծերի նկատմամբ ունեցած թերահավատությանը կամ վստահությանը, դրանց ընդունման հանգամանքներն ավելի խոսուն են և լավագույնս են բնորոշում ներկայիս քաղաքական և հոգեբանական այն ցաքուցրիվ մթնոլորտը, որ տիրում է այսօրվա նախընտրական Հայաստանում։

2007 թվականից հայրենի օրենսդիր մարմնում բացարձակ մեծամասնություն ունեցող թայֆան, իր իշխանավարման վերջին տարվա օրենքների ընդունման համար, ամբողջովին ուժասպառ ու մասնատված, չի կարողանում է ապահովել նույնիսկ ԱԺ պատգամավորների կեսի ներկայությունը։

Լղոզված ու հաճախ անտրամաբանական ձևակերպումներով աչքի ընկնող կարկամած գործիչների ու հնարավոր ցանկացած անհեթեթություն մեկնաբանելու և դրանցում իր թիմի համար քաղաքական փայլուն հաղթանակ տեսնելու մշտապես պատրաստ բանախոս-գործիքների պատճառաբանությունները նույնիսկ չեն կարող բացատրել այն զավեշտալի իրավիճակը, երբ երկրի իշխանությանը տիրապետող և այդ տիրապետման շարունակությանը բացահայտորեն հավակնող քաղաքական կլանը ընդամենը հազիվհազ է կարողանում դակել իր իսկ կողմից հեղինակած ու ներկայացված օրենքները։

Իսկ տարրական տրամաբանությունը հուշում է հետևյալ պարզագույն սցենարը։ Նախընտրական կրքերի և ուժերի դասավորության ակնհայտ անորոշության և միմյանց նկատմամբ ակնառու անվստահության պայմաններում, քաղաքական գաղափարախոսության բացարձակ բացակայության և հետևաբար որևէ գաղափարա-ծրագրային համատեղելիության և միասնության իսպառ անհնարինության մթնոլորտում, սպասվող նախընտրական կատաղի պայքարից առաջ Ազգային ժողովում դեռևս ներկա, բայց տեղի ունեցող գործընթացներին միայն ականատես, բայց ոչ երբեք մասնակից դակիչները խուսափում են ստանձնել այնպիսի օրենքների ընդունման պատասխանատվությունը, որոնց արդյունավետության և գրագիտության մասին հենց նրանցից շատերը, մեղմ ասած, լուրջ վերապահումներ ունեն։

Քաղաքական պատասխանատվության ստանձնման դեֆիցիտի այս ամենաթարմ օրինակներն ամբողջովին արտացոլում է այսօրվա Հայաստանի ներքաղաքական մթնոլորտը։

Դրա լավագույն ապացույցն այն թերի ու անտրամաբանական արդարացումներն են նաև, որոնք բազմից անամոթաբար հրամցվում են իշխանության մաս կազմող և դրա բոլոր բարիքներից ու արտոնություններից լիուլի օգտվածների կողմից, երբ իրենց պատասխանատվությունը չափում են համաձայնա-հուշագրային «պայմանավորվածությունների» արդյունքում իրենց բաժին հանած պորտֆելային չափաբաժնով։

Եվ որքան էլ քաղաքական «վերնախավ» հռչակվածներն իրենց ավազե բարձրունքներից չհավատան իրենց կարճամիտ ու ծիծաղելի փաստարկների իրավացիությանը և համոզված չլինեն այդպիսի խղճուկ ձևակերպումներով ընտրողներին «ֆռռացնելու» իրենց հաջողություններում, գոնե հստակ տեսնում ու գիտակցում են, որ հենց նույն ընտրողների մոտ օրեցօր ավելի ու ավելի է նվազում իրենց նկատմամբ հարգանքն ու լսողունակությունը։

Այս ողորմելի խմբակը, գաղափարական սկզբունքների և քաղաքական պատասխանատվության բացակայության պատճառով, շարունակելու է խուսափել կարևորագույն խնդիրների լուծման պարտականությունից և ժողովրդի աչքում իրավացիորեն պետք է վերածվի ընդամենը «կթու կովի»։ Իրավամբ պետք է իրենց համար անհասանելի կեղծ կոստյումա-փողկապավոր օթյակներից իջնեն ու վերածվեն ընդամենը վերելակ և կռիշ սարքողի ու ասֆալտ թափողի, սրա-նրա ուսման ու այլ վարձերը փակողի, սերմացուի ու պարարտանյութի առաքիչի, փուչիկ թռցնողի ու սալյուտ տվողի, դանակ-մկրատ սրողի ու ժավելի սպիրտ ծախողի։

Իրական գնահատականն ու դերը ժողովուրդը նրանց ցույց է տալիս։ Չկա՞ գաղափարախոսություն, չկա՞ սկզբունք ու արժանահավատ խոսք ու համապատասխան գործ, չկա՞ արժանավայել և ընտրյալին հարիր պահվածք ու պատասխանատվության զգացում, ուրեմն չկա նաև համապատասխան հարգանք և վստահություն։

Քանի դեռ Հայաստանում չի եղել որևէ դեպք, երբ մի մեծ կամ փոքր պաշտոնյա համարձակություն և արժանապատվություն ունենա, հրաժարական տալու ոչ թե պարտադրաբար, այլ որովհետև ձախողել է իրեն վստահված գործը և բարձրաձայնի դրա մասին, քանի դեռ չկա պատասխանատվություն ստանձնելու քաղաքական հրամայականը, ուրեմն ճիշտ է ժողովրդի քամահրանքն ու արհամարհանքը ասֆալտ թափող ու փուչիկ թռցնող ցուցակային «հարիֆների» նկատմամբ:

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը