Կարծիք

04.03.2017 10:44


«Արթուր Սարգսյանը շարունակում է մեզ սկզբունքի և կամքի դասեր տալ»

«Արթուր Սարգսյանը շարունակում է մեզ սկզբունքի և կամքի դասեր տալ»

Նախորդ ամռանը, երբ Երևանում զինված ընդհարումներին հաջորդեցին զանգվածային ցույցեր, քաղաքացի Արթուր Սարգսյանը` այսօր բոլորիս հայտնի որպես «Հաց բերողը», իր մեքենան «զինեց» սնունդով և օգնության գնաց 10 օրից ավել սնունդից զրկված «Սասնա Ծռեր» խմբի անդամներին: Նա իր կյանքը վտանգեց` հանուն մարդասիրության, նրա համարձակ քայլը մեզ հիշեցրեց, որ սերը և սկզբունքը վեր են ամենից:

Այսօր Արթուր Սարգսյանը շարունակում է մեզ սկզբունքի և կամքի դասեր տալ: Առաջին կալանավորումից հետո նա ազատ էր արձակվել առողջական լուրջ խնդիրների պատճառով, սակայն դա չխանգարեց նրան երկրորդ անգամ կալանավորել` առանց հստակ հիմնավորման նրա առողջական խնդիրները պակաս վտանգավոր համարելով:

«Հաց բերողը» փետրվարի 10-ից հացադուլ է իրականացնում` ի նշան բողոքի: Նրա առողջական վիճակը օր օրի վատանում է, սակայն, ինչպես փոխանցում են փաստաբանները, նա որևէ մեկի հորդորին չի լսում և չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:

Այս իրավիճակը շատ մտահոգիչ է և ծայրահեղ վտանգավոր:

ՀՀ պատկան մարմինները անպատասխանատու և անհիմն կերպով կալանավորում են քաղաքացուն, ոտնահարում նրա իրավունքները և վտանգում նրա կյանքը:

Այսօր Երևանում մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացնում` Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Սակայն այս խնդիրը պետք է լինի ողջ հայության ուշադրության կենտրոնում, մենք պետք է սատար կանգնենք ՀՀ քաղաքացուն և պահանջենք արդար դատաքննություն և արժանապատիվ կյանքի պայմաններ:

Արսինե Խանջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը